Նախօրոք պատիժը
Մի խստապահանջ հայր, երբ իր երկու զավակներն անկարգություն էին կատարում, պատժում էր նրանց և բազմաթիվ անցքեր ունեցող դույլերով պարտադրում ջրհորից ջուր հանել և այդ դույլերով բավականին հեռու գտնվող իրենց փոքրիկ բանջարանոցը ջրել: Նրա երկու տղաներն այնքան էին գնում-գալիս, որ միայն մինչև երեկո կարողանում էին իրագործել խստապահանջ հոր կարգադրությունը:
Մի օր նրա որդիներից մեկը գաղտագողի մտնում է հարևանի պարտեզը և կարմրահաս խնձոր քաղում ու դուրս գալիս: Հոր աչքից չի վրիպում այս արարքը, և պահանջում է ծակծկված դույլով բանջարանոցի համար ջուր կրել: Նա նաև իր փոքր որդուն է կարգադրում միևնույն պատիժը: Այս տղան տրտնջում է և ասում.
– Հա՛յր իմ, չէ՞ որ ես արդեն նախորդ արարքների համար քավել եմ իմ մեղքերը և արդար եմ, ինչո՞ւ ես ինձ էլ պատժում, քանի որ ես մեղք չեմ գործել, այլ իմ եղբայրն է մտել հարևանի պարտեզը:
Հայրը պատասխանում է.
– Քեզ էլ նախօրոք եմ պատժում` իբրև հատուցում այդ արարքի համար, որովհետև գիտեմ, երբ եղբայրդ սկսի ջուր կրել, իսկ ես էլ այստեղ չլինեմ, դու էլ պիտի մտնես հարևանի պարտեզը և ակնահաճո խնձորներ քաղես: Ավելի լավ է եղբորդ օգնիր, որպեսզի ժամանակ չունենաս այդպիսի քայլ կատարել:
Աստված արդար է և արդարությունը հատուցում է պահանջում: Երբեմն Արարիչը մարդուն կարող է խրատել տվյալ պահին իր չկատարած արարքի համար, քանի որ տեսնում է մարդու ապագան և այդ կերպով մարդուն Ահեղ Դատաստանի ժամանակ հատուցումից փրկում: Ահա թե ինչու ամբողջ մարդկությունը պատժվեց Ադամի և Եվայի հետ միասին, որովհետև ամեն մարդ իր կյանքի որևէ դրվագում դառնում է մի Ադամ կամ Եվա` քաղելով արգելված պտուղը: Ում Աստված սիրում է, նաև հանդիմանում է ու խրատում է (Հայտն.3.19)
Հովհաննես Մանուկյան