Այո՛, դա ձախողված պրոյեկտ է. Փաշինյանը՝ լուծարված ԱՆԻՖ-ի մասին

«Պետք է ստանանք պատասխաններ ԱՆԻՖ-ի լուծարման վերաբերյալ»,- ներկայումս ընթացող ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ովքեր են պատասխանատու «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ-ի) լուծարման համար։

Փաշինյանն ասաց, որ այդ գործընթացն այնքան էլ աննկատ չի տեղի ունեցել, այդտեղ կան ձախողումներ, այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները։

«Այդ ուսումնասիրությունների արդյունքում, ես հուսով եմ, որ մենք կստանանք պատասխաններ։ Եթե ձախողված պրոյեկտներից խոսենք, կարող ենք էլի պրոյեկտներից խոսել, յուրաքանչյուր երկրում կան ձախողված պրոյեկտներ պարտադիր:

Որպեսզի ոչինչ չձախողվի, ոչինչ չպետք է նախաձեռնենք, իսկ դա իր հերթին՝ նշանակում է ճահճացում, մենք պետք է աշխատենք՝ հասկանալով, որ այդ աշխատանքը ոչ միայն բերելու է արդյունքներ, այլև բերելու է հետևանքներ։ Պետք է վերլուծենք ամեն առանձին դեպքը։ Ինչքան գիտեմ, այդ փաստի առիթով անգամ քրեական գործ կա հարուցված: Ընդ որում, եթե չեմ սխալվում, այդ քրեական գործը հարուցված է, այդ թվում, ՊՎԾ արած ուսումնասիրությունների հետևանքով, որը տեղի է ունեցել իմ հանձնարարությամբ։ Այո՛, ես կիսում եմ մտահոգությունը և կարծում եմ, որ պետք է ստանանք պատասխաններ»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ «ձախողված պրոյեկտ» ձևակերպման տակ պետք է հասկանալ տասնյակ միլիոնավոր դոլարների վատնում՝ այդ թվում շուրջ 5 միլիարդի դրամաշնորհի մսխում։
Դեռ հունիսին հայտնի էր դարձել, որ կառավարությունը որոշել է 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը. համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց էր ներառվել հունիսի 27-ի կառավարության նիստի օրակարգում։

Այս դրամաշնորհն ԱՆԻՖ-ին տրված երրորդ աստղաբաշխական դրամաշնորհն է․ առաջինը տրվել էր 2022 թվականի մայիսին՝ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով՝ Ֆլայ Արնայի մեկնարկի համար, մյուսը՝ 2023 թվականի դեկտեմբերին էր՝ դարձյալ 1 միլիարդ 800 միլիոն դրամ՝ դարձյալ ձախողված «Ֆլայ Արնայի» համար:

Նշենք՝ ՊՎԾ-ն դեռ տարեսկզբին հայտարարել էր՝ ԱՆԻՖ-ն արդյունավետ չի օգտագործել պետության գումարները, ավելի ուշ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ընթացքի մեջ է: Կոռուպցիոն սկանդալներում հայտնվելուց հետո «Պետական հետաքրքրությունների ֆոնդը» ցայսօր հանրային հետաքրքրությունների կենտրոնում է՝ բազմաթիվ չպատասխանված հարցերով։

Տեսանյութեր

Լրահոս