Պիստակով փախլավա
Բաղադրիչները՝
- 12 ֆիլո խմորի շերտ
- 400 գ մաքրած, անալի պիստակ
- 2 ձվի սպիտակուց
- 100 գ կարագ
- 250 գ շաքարավազ
- 4 ճ/գ կիտրոնի հյութ
- 4 ճ/գ մեղր
- 1 թ/գ աղացած դարչին
- 1 ճ/գ վարդի ջուր
Պատրաստման եղանակը
Պիստակը մանրացրեք, խառնեք մեղրի, վարդի ջրի ու դարչինի հետ: Սպիտակուցները հարեք մինչև խիտ փրփուր ստանաք, ապա խառնեք պիստակի խառնուրդի հետ:
Առանձնացրեք ֆիլո խմորի շերտերը, անհրաժեշտության դեպքում կտրեք-հարմարեցրեք ձեր տապակի չափսերին: Խմորը ծածկեք խոնավ սրբիչով, որպեսզի չչորանա:
Կարագը հալեցրեք: Տապակը պատեք կարագով, ֆիլոյի 4 շերտ տեղադրեք վրան՝ յուրաքանչյուր շերտը կարագով պատելով: Պիստակի խառնուրդի կեսը լցրեք խմորի վրա:
Կրկնեք գործողությունը. տեղադրեք ֆիլոյի հերթական 4 շերտը՝ յուրաքանչյուրը կարագով պատելով, վրան լցրեք պիստակի մյուս կեսը: Ապա տեղադրեք մնացած 4 շերտերը:
Դանակի սուր ծայրով փախլավան քառակուսիների ձևով կամ շեղանկյունաձև կտրատեք, 30-40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Շաքարավազը լցրեք 250 մլ ջրի մեջ, տեղադրեք կրակին, թողեք 5 րոպե եռա, ապա վերցրեք կրակից, հովացրեք: Ավելացրեք կիտրոնի հյութը:
Ջեռոցից հանած տաք փախլավայի վրա լցրեք ստացված օշարակը, 1 ժամ թողեք լրիվ հովանա ու մատուցեք: