Բաժիններ՝

Ոչխարի մսով ու սալորաչրով թաջին

Բաղադրիչները՝

  • 1,5 կգ ոչխարի ազդրամիս
  • 1 բաժակ պատրաստի սիսեռ՝ պահածոյացված կամ եփած
  • 400 գ դդում
  • 5 միջին չափի գլուխ սոխ
  • մի բուռ սալորաչիր՝ առանց կորիզի
  • 1/2 բաժակ տոմատի մածուկ
  • 2 ճ/գ կարագ
  • 1 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • 1 ճ/գ համեմունքների փունջ ռաս-էլ-խանուտ (տես՝ խորհուրդ 1)
  • մի պտղունց քրքումի թելիկներ
  • 1 դարչինի փայտիկ
  • 2 թ/գ շաքարավազ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • խարիսա (տես՝ խորհուրդ 2)
  • լավաշ՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Մաքրեք ու մանր կտրատեք 3 գլուխ սոխը, խառնեք ռաս-էլ-խանուտի, պղպեղի ու աղի հետ: Ստացված մարինադը լցրեք ոչխարի ազդրամսի վրա, 2 ժամ թողեք՝ մարինացվի:

Լայն ու ոչ խորը կաթսայի մեջ հալեցրեք կարագը, մարինադի միջից հանեք ոչխարի միսը, մաքրեք ու տապակեք կարագի մեջ: Ավելացրեք քրքրումի թելիկները, 2 բաժակ եռացրած ջուր և դարչինի փայտիկը, հասցրեք եռման աստիճանի: Կափարիչը փակեք և թույլ կրակի վրա 1,5 ժամ եփեք:

Կարդացեք նաև

Պատրաստի մսերից հեռացրեք ոսկորները՝ աշխատելով պահպանել մսի խոշոր կտորները, մսերի վրա աղ ու պղպեղ արեք: Ստացված սոուսից հնարավորինս հեռացրեք ողջ ճարպը:

Մանր կտրտեք մնացած 2 սոխը: Կաթսայի մեջ 1 ճ. գ. կարագ ու 1 ճ. գ. ձեթ տաքացրեք, տապակեք սոխը, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք շաքարավազը ու տապակեք թույլ կրակի վրա մինչև սոխը ոսկեգույն երանգ ստանա՝ մոտ 15-20 րոպե: Կրակը թուլացրեք, ևս 10-15 րոպե տապակեք սոխը, մինչև այն լրիվ փափկի:

Դդումը մաքրեք, պտղամիսը միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք: Սոխին ավելացրեք տոմատի պյուրեն և սոուսը, որի մեջ պատրաստել եք ոչխարի միսը: Հասցրեք եռման աստիճանի:

Սոուսին ավելացրեք միսը, սիսեռը, դդումը և 15 րոպե շոգեխաշեք փակ կափարիչի տակ: Կափարիչը հանեք, ավելացրեք սալորաչիրը և ևս 15 րոպե պատրաստեք:

Թաջինը մատուցեք խարիսա կծու սոուսի և լավաշի հետ:

Խորհուրդ 1: Ռաս-էլ-խանուտ համեմունքների խառնուրդի համար խառնեք 1 թ. գ. աղացած զիրա, իմբիրի փոշի և աղ, 3/4 թ. գ. աղացած սև պղպեղ, 1/2-ական թ. գ. աղացած դարչին, համեմի սերմ, կայենյան և սև հատիկավոր պղպեղ, 1/4 թ. գ. աղացած մեխակ: Այս խառնուրդը պահեք փակ կոնտեյների մեջ, մութ դարակում, լույսի ու ջերմության աղբյուրներից հեռու:

Խորհուրդ 2: Խարիսան չիլի պղպեղով, սխտորով, զիրայով և ձիթապտղի ձեթով խիտ, կծու սոուս է: Դուք կարող եք այն տանը պատրաստել. պարզապես պետք է մանրացնեք բաղադրիչներն ու իրար խառնեք:

Տեսանյութեր

Լրահոս