Պուտինն իրազեկված է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լուրջ բախման նախապատրաստման մասին՝ Բրիտանիայի քավորությամբ. Նահապետյան

Օգոստոսի 18-19-ին պետական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցության, ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրները: Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատմական ներկայությունը Հարավային Կովկասում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն  ուշադրություն հրավիրեց այցի ժամկետի վրա՝ ընդգծելով՝ երբ ուկրաինական զորքը ներխուժել է Կուրսկի մարզ, իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել մեծ պատերազմի մեջ, Ադրբեջանի ղեկավարի հետ Պուտինի հանդիպումն ունի ավելի կարևոր նշանակություն, քան փորձ է արվում ներկայացնել՝ հղում անելով Ալիև-Պուտին մակարդակով ստորագրված փաստաթղթերին։

«Այցի բուն նպատակը Հարավային Կովկասում պատերազմի շիկացում թույլ չտալն է, որովհետև պատերազմին կներգրավվի Ռուսաստանը և Իրանը։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանի նախագահն իրազեկված է, որ հայ-ադրբեջանական սահմանին պայմանավորված ռազմական լուրջ բախում է նախապատրաստվում Մեծ Բրիտանիայի քավորությամբ։ Սա իմ վերլուծությունն է։ Ալիևին զգուշացվել է, որ եթե Հարավային Կովկասում պատերազմ լինի և դրա սադրողը լինեն Փաշինյանն ու Ալիևը, նման պայմանավորված պատերազմին Ռուսաստանի արձագանքը շատ կոշտ է լինելու»,- ասաց Նահապետյանը։

Կարդացեք նաև

Նա խոսքով՝ պայմանավորված պատերազմով ռազմական գործողությունների թատերաբեմ պետք է դառնա Սյունիքի մարզը, որովհետև Մեծ Բրիտանիան նպատակադրված է Սյունիքի մարզը Հայաստանից կտրել, ինչը բերելու է Մեղրիի և Ագարակի 42 կմ հատվածով նաև Հայաստանն Իրանից կտրելուն և Իրանն այդքանով կտրվելու է նաև Ռուսաստանից, որի հետ ունի ռազմական և ռազմավարական նշանակության տարբեր պայմանագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։

Ռազմական փորձագետի համոզմամբ՝ցավալի փաստ է այն, որ եթե նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանն աշխարհին հետաքրքրում էր իր բանակով և Արցախով, որոնք երկուսն էլ գործոն էին և որոնց հետ հաշվի էին նստում տարածաշրջանային երկրները, ապա հիմա, Նիկոլ Փաշինյանի քայլերի հետևանքով, Հայաստանը տարածաշրջանային երկրներին և Ռուսաստանին հետաքրքրում է ընդամենը մեր աշխարհագրական դիրքի հաշվին։

«Ու հիմա կռիվ է գնում այդ աշխարհագրական դիրքի նկատմամբ վերահսկողություն ունենալու համար»,- խոսքը եզրափակեց Նահապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս