Երկակի նշանակության իրերի «գաղտնի» արտահանում Վրաստանից Ռուսաստան՝ Իրանի, Ադրբեջանի կամ ՀՀ-ի միջոցով
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից սկիզբ առած լայնամասշտաբ պատերազմից 2 տարի անց շարունակում են արդիական մնալ Վրաստանի միջոցով ՌԴ-ի կողմից պատժամիջոցների շրջանցման փաստերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հետաքննող լրագրողների միությունը (IFact) հրապարակել է հերթական հետաքննությունը այս թեմայով` պնդելով, որ Վրաստանի տարածքով Ռուսաստան են ուղարկվում դրոններ, համակարգչային պրոցեսորներ, GPS կամ հիշողության քարտեր։ Հետաքննող լրագրողները փորձ են իրականացրել, պարզելու համար թե որ երկրի միջոցով են այս բեռները փոխադրվում, բեռնափոխադրող ընկերությունը խոստացել է որ բեռները կփոխադրվեն Ադրբեջանով։
Հեղինակները նշում են, որ սրանք երկակի նշանակության իրեր են, որոնք կարող են օգտագործվել և՛ կենցաղում, և՛ պատերազմելու համար զենք ստեղծելու նպատակով։
«Ճիշտ է, այս ապրանքի արտահանումը Ռուսաստան արգելվել է դեռ 2022 թվականի դեկտեմբերին, բայց ոչ բոլոր երկրներն են ենթարկվել սահմանափակումներին։
Իրականությունը պարզելու փորձի ժամանակ փոխադրողներից մեկը մեզ ասաց` խնդիր չկա, անօդաչու սարքերը Վրաստանից Ադրբեջանով կհասցնեմ Ռուսաստան, մենք դա արել ենք նախկինում։ Երկրորդ փոխադրողն առաջարկել է «չիպեր» ուղարկել Թբիլիսիից Սամարա ավելի հեշտ և ուղիղ ճանապարհով՝ Վլադիկավկազով»,- նշված է հետաքննության մեջ։
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է երկակի նշանակության իրերի արտահանմամբ զբաղվող վրացական ընկերությունների ինքնությունը․
«Երկակի նշանակության իրեր կգտնեք նաև ձեր խոհանոցում կամ լոգարանի սարքերում: Օրինակ՝ լվացքի մեքենայի կամ սառնարանի «ուղեղը»։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս կենցաղային տեխնիկայի արտահանումը նույնպես կտրուկ աճել է։ Այս շղթայում ներառված երկրներից են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան։
Մենք պարզեցինք, թե ովքեր են կանգնած այս վիճակագրության հետևում։ «Import Genius»-ի միջազգային առևտրային բազայում կան չորս վրացական ընկերություններ, որոնք մասնակցում են Ռուսաստան պատժամիջոցային բեռների ուղարկմանը՝ Electromek-BT, Lasika-import, Face Plus և Asteri Group»։
IFact-ը նշում է, որ 7 ամիս տևած հետաքննության ընթացքում պարզված մանրամասների հարցով կապվել են եկամուտների ծառայության հետ, բայց նրանք խուսափել են հարցերին պատասխանելուց։
Պարզելու համար, թե արդյոք պատժամիջոցային բեռի Ռուսաստան ժամանած պատմությունը իրական է, թե ոչ, մենք օգտագործեցինք հետևյալ մեթոդը.
«Մայիսի 21-ին WhatsApp-ի միջոցով կապվեցինք Kairo-Logistics տրանսպորտային ընկերության հետ, ներկայացանք որպես մշտական հաճախորդներ և խնդրեցինք Թբիլիսիից 30 անօդաչու թռչող սարք բերել Ռուսաստանի Սամարա քաղաք։ Մենք ճշտեցինք, որ դրանք մեզ անհրաժեշտ են տեսամոնտաժային ստուդիայի համար։
Կրասնոդարի օպերատորը՝ Եվգենին, կապվեց մեզ հետ։ Անօդաչու թռչող սարքի մոդելի, տարողունակության և քանակի մասին հարցուց հետո նա տեղեկացրեց նաև երթուղու մասին. «Մենք բեռները տանելու ենք Ադրբեջանով կամ Իրանով, հիմա աշխատում ենք այս տարբերակների վրա, բայց ամենայն հավանականությամբ այն կանցնի Ադրբեջանով»,- նշված է նյութում։
Հաջորդ օրը, երբ հետաքննող լրագրողները ճշտել են պայմանները, օպերատորը հանգստացրել է նրանց, ասելով, որ 100 տոկոս երաշխիք ենք տալիս և վստահեցնում, որ բեռը կհասցնեն նշանակման վայր, քանի որ պատժամիջոցով բեռ նախկինում վերցրել են և գիտեն, թե դա ինչ է նշանակում։
Պարզելու համար, թե ինչ են մտածում վերլուծաբանները նման ապրանքների արտահանման մասին, զրուցել ենք տնտեսական վերլուծաբան Գիորգի Իսակաձեի հետ։
«Կան պատժամիջոցների ռեժիմից բխող կոնկրետ սահմանափակումներ և արգելքներ, դասակարգիչներով արգելված ապրանքներ, այդ ապրանքների հստակ ցանկը հայտնի է մաքսային կառույցներին։ Ամբողջական ցանկն անընդհատ փոխվում է, բայց հիմնականում առնչվում է տեխնոլոգիական ու արտադրական միջոցներին»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Գիորգի Իսակաձեն։
Իսակաձեն նշեց, որ արտահանումը կապված է միայն տնտեսական ապրանքների հետ, երկակի նշանակության ապրանքների արտահանումը սովորական տնտեսական տեսանկյունից չենք կարող դիտել․
«Ինչը պատժելի է օրենքով, չպետք է հասնի պատժամիջոցի ենթարկված շահառուին՝ ոչ զուգահեռ ներմուծման, ոչ էլ կրկնակի արտահանման եղանակով»,- նշեց տնտեսագետը` հավելելով․ «Ցավոք սրտի, իրականությունը լիովին այլ է»։