
Բրնձի և ցորենի ալյուրից կեքսեր

Բաղադրիչները՝
- 100 գ բրնձի ալյուր
- 100 գ ցորենի ալյուր
- 200 գ շաքարավազ
- 200 գ կարագ և մի փոքր էլ տապակին քսելու համար
- 5 ձու
- 1 կիտրոն
- 1 ճ/գ վանիլային շաքարավազ
- 1 թ/գ փխրեցուցիչ
- մի փոքր աղ
Պատրաստման եղանակը
Կարագը փափկացրեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացրեք: Կարագը սովորական և վանիլային շաքարավազի հետ հարիչով հարեք մինչև փքուն զանգված ստանալը:
Դեղնուցները հատիկ-հատիկ ավելացրեք՝ շարունակելով հարելը: Ալյուրի երկու տեսակներն ու փխրեցուցիչը խառնեք իրար: Կիտրոնի կեղևը մանր քերիչով քերեք, ապա ալյուրն ու կիտրոնի կեղևն ավելացրեք կարագի մեջ: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը:
Սպիտակուցը մի փոքր աղի հետ հարեք մինչև փրփրի և ավելացրեք խմորի մեջ՝ փայտե գդալով ներքևից վերև խառնելով:
Կեքսերի համար նախատեսված կաղապարները պատեք կարագով և դրանց մեջ 2/3-ի չափով լցրեք ստացված խմորը:
Կեքսերը 25 րոպե թխեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Մատուցելուց առաջ ցանցի վրա լրիվ հովացրեք:
Խորհուրդ: Կիտրոնի փոխարեն կարող եք նարնջի կեղև ավելացնել, իսկ վանիլային շաքարավազը փոխարինել դարչինով: