Ի՞նչն է հանգեցնում երակների լայնացման՝ վարիկոզի, ինչի՞ց պետք է խուսափել

Վարիկոզ հիվանդությունը երակային պաթոլոգիա է, որի ժամանակ հիմնականում ախտահարվում են ստորին վերջույթների երակները, խանգարվում է երակային արյան շրջանառությունը:

Հիվանդության զարգացման, ախտանշանների, բուժման տարբերակների մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Գրիգորյանի հետ:

Երբ մարդիկ տեսնում են արտահայտված երակներ, օրինակ, ոտքերին, ասում են՝ հաստատ երակի լայնացում է։ Ի՞նչ ասել է՝ երակի լայնացում։

Կարդացեք նաև

Դա հենց առաջին ազդակն է, որ մարդկանց բերում է մասնագետի մոտ։ Բայց հիվանդությունն ունի զարգացման որոշակի փուլ։ Ցավոք, հաճախ դիմում են՝ արդեն Ձեր նշած կլինիկական դրսևորումից ելնելով, սակայն ցանկալի է, որ մինչև այդ փուլի առաջացումը դիմեն մասնագետի, որ կարողանան վերցնել հսկողության ներքո, ինչքան հնարավոր է՝ ժամանակ շահել և խուսափել վիրահատությունից։

Հիվանդությունը զարգացման 6 փուլ է անցնում, և առաջին կլինիկական երևույթներից է վերջույթին սարդանման երակների զարգացումը։ Դրանից հետո արդեն սկսվում է մաշկից բարձրացող վարիկոզ հանգույցների փուլը, որի ժամանակ, բացի վիզուալ փոփոխություններից՝ առաջանում են նաև ախտանշաններ, որոնք դրսևորվում են հոգնածությամբ, ծանրության զգացումով։

Կա՞ տարիքային շեմ, և ավելի շատ ո՞ր սեռի մոտ է հանդիպում։

– Ավելի հակված է իգական սեռը։ Սկսած 18-ից՝ մինչև 90 տարեկան պացիենտներ ունենք։ Կլինիկական դրսևորումը բոլորի մոտ վիզուալ արտահայտված երակների առկայությունն է։

Կանանց դեպքում հիմնականում պայմանավորված է հղիությամբ և ծննդաբերությամբ, բարձրակրունկ կոշիկներով և օրվա ընթացքում երկար ժամանակ ուղղահայաց դիրքում երկար գտնվելով։

Բարձրակրունկ կոշիկներից բացի, վնաս են նաև սպորտային կոշիկները։

Պետք է ընդհանրապես կոշիկը ճիշտ լինի, որպեսզի ոտքը լինի անատոմիական դիրքում։ Խորհուրդ են տրվում ոչ շատ տափակ, ոչ էլ շատ բարձր կոշիկներ։

– Հիմնական ախտանշանը ոտքերի ցավը, մկանի ձգվածությո՞ւնն է։

Այո, ջղաձգումներ ևս լինում են երեկոյան ժամերին, այտուցներ՝ օրվա վերջում, քոր, հոգնածության զգացում։ Հիվանդներ կան, ասում են՝ ոնց որ մեր ոտքերին քարեր կապած լինեն։ Դա հենց այն է, ինչը բնորոշում է վարիկոզը։

Ինչո՞ւ է ոտքերի ցավն ավելի շատ արտահայտվում ամռանը։

Շոգ եղանակը վարիկոզ հիվանդության առաջացման պատճառ չէ, սակայն արդեն առկա, լայնացած երակների վրա ունի բացասական ազդեցություն՝ այն իմաստով, որ շոգին մեր օրգանիզմում անոթները լայնանում են, որպեսզի ապահովեն ջերմատվություն, և, բնականաբար, հեղուկ ենք շատ օգտագործում, և դրա ծավալի ավելացումով պայմանավորված՝ առաջանում է ծանրաբեռնվածության ավելացում, և ախտանիշների բուռն դրսևորումը պամանավորված է հենց այս հանգամանքով։

Եթե ամռանը կանայք կրեն զուգագուլպա կամ կիսագուլպա, դա ավելի շատ վնա՞ս է, թե՞ օգուտ։

– Եթե դրանք բժշկական տրիկոտաժներ են, միանշանակ օգուտ է, բայց, ցավոք, բուժառուները հենց շոգով պայմանավորված՝ չեն կրում, ինչքան էլ բացատրում ենք, որ ճիշտը հենց այդ ժամանակ կրելն է։ Խուսափելու դեպքում վիճակը բարդացնում են և ավելի բուռն են դարձնում ախտանիշները։

– Եթե մարդը չունի երակների լայնացում, բայց զուգագուլպա է կրում, դա կհանգեցնի՞ վարիկոզի։

– Ոչ, հակառակը։ Դա միայն օգուտ է բերում։ Անգամ, եթե կա հակվածություն՝ այդ գործողություններն իրականացնելով՝ մարդն ավելի պաշտպանված է դառնում, հիվանդությունը կառավարելի է դառնում։

– Հարթաթաթությունը և՞ս կարող է հանգեցնել երակների լայնացման։

– Հետազոտություն և ապացույց չկա, բայց որպես գործոն՝ միգուցե դեր ունի։ Վերջնական պարզ չէ հիվանդության առաջացման պատճառը։ Հայտնի չէ, թե ի՞նչն է բերում երակների պատերի դեֆորմացիայի և լայնացման։ Կան գործոններ և կա նախատրամադրվածություն, շատ մեծ դեր ունի նաև ժառանգականությունը։

Ասում են՝ երբ երակների պատերը թույլ են, կարող է հետագայում վարիկոզ առաջանալ։ Մարդը սկզբում ինչպե՞ս իմանա՝ երակի պատերը թո՞ւյլ են, թե՞ ամուր։ Կամ՝ ինչպե՞ս «ամրացնեն»։

– Կան երակներ, որոնք լայնանում են և դառնում վարիկոզ։ Դրանց տեղակայումը մակերեսային է, և իրենք չունեն այն պաշտպանող գործոնները, ի տարբերություն խորանիստ համակարգի, որտեղ երակները մկաններով պաշտպանված են, գտնվում են մշտական կոմպրեսիայի մեջ, իսկ մակերեսային համակարգը չունի այդ հնարավորությունը և ժամանակին տվյալ՝ մեր նշած գործոններով պայմանավորված, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, սկսում է չափերով լայնանալ։ Եվ լայնացման արդյունքում երակային կպած փեղկերն իրարից հեռանում են, երակացողունը դառնում է անբավարար, ու արյունը, որ նորմայում պետք է հոսեր ներքևից դեպի վերև, դեպի սիրտ ուղղությամբ, սկսում է հակառակ հոսք տեղի ունենալ։ Այդ երևույթն անվանում ենք հետհոսք։ Այն սկիզբն է և շարժիչ ուժը՝ այս հիվանդության զարգացման։

– Մարդը, ով դեռ չունի խնդիր, նախնական ի՞նչ հետազոտություններ կարող է կատարել։

– Պրոֆիլակտիկ այցեր՝ մասնագետին։ Եթե կլինիկական որևէ դրսևորում չկա, մարդը պետք է ուշադրություն դարձնի շատ կարևոր հանգամանքի, որը ժառանգականությունն է, այսինքն՝ պատմությունը ընտանիքում, հարազատների շրջանում, որոնք ունեցել են այդ խնդիրը։ Իսկ գործիքային հետազոտության ոսկե ստանդարտն անոթային ուլտրաձայնային դուպլեքս հետազոտությունն է։

Ռիսկի խմբում կարող են լինել բոլորը, որովհետև մեր օրերում աշխատող մարդկանց կեսն ամբողջ օրը կամ նստած է, կամ կանգնած։ Ի՞նչ խորհուրդներ կան, որոնց կարելի է հետևել։

– Երկիր մոլորակի բնակչության ամեն 5-րդը, ըստ տվյալների, ունի վարիկոզ հիվանդություն։ Կա՛մ լիարժեք այդ փուլում է, կա՛մ կա նախատրամադրվածություն։ Պետք է ընտրել ճիշտ հագուստ, հարմարավետ կոշիկներ, շոգի եղանակին բալանսավորել օգտագործվող հեղուկի քանակը, դրսևորել բավարար ֆիզիկական ակտիվություն՝ ոչ չափազանց շատ, ոչ էլ՝ քիչ։ Խուսափել բարձրակրունկ կոշիկներից, պարբերաբար կրել էլաստիկ կոմպրեսիոն բժշկական տրիկոտաժներ, զբաղվել սպորտով՝ լող, հեծանիվ, վազք։ Խրախուսվում է առավոտյան և երեկոյան ժամերի քայլքը։

Որո՞նք են բուժման եղանակները։

– Երբ խնդիրներին ավելանում է այտուցը և նկատելի են երակային հանգույցները, և երբ դուպլեքս հետազոտության արդյունքում հայտնաբերում ենք, որ ցողունները և փականներն անբավարար են, բուժման միակ ու արդյունավետ եղանակը վիրահատական բուժումն է։

Բուժման եղանակների մեջ կա երկու մոտեցում՝ ներանոթային և բաց։ Ժամանակակից սարքավորումները՝ վերջին սերնդի լազերային գեներատորները, մեզ հնարավորություն են տալիս վարիկոզ հիվանդության ցանկացած փուլում խնդիրը լուծել ներանոթային լազերային եղանակով։ Առավելությունն այն է, որ խուսափում ենք նարկոզ կոչվածից՝ ողնուղեղային անզգայացումից, սպիներից, կտրվածքներից։ Բուժառուն վիրահատությունից հետո պատրաստ է անմիջապես դուրս գրվել, վերադառնալ իր ակտիվ կյանքին։ Վարիկոզի վաղ փուլերում կիրառվում է նաև սկլերոթերապիա։

Ուռուցքային հիվանդություններ ունեցողները միշտ բախվո՞ւմ են երակների լայնացման խնդրին։

– Միշտ չէ, բայց շատ ավելի հաճախ, որովհետև քիմիոպրեպարատները, միջամտությունները բարձրացնում են անոթների պատերի վնասման ռիսկը, և մարդը կարող է ունենալ ընդհուպ թրոմբոցիտ։ Դրա համար ուռուցքային հիվանդություն ունեցողները պետք է գտնվեն հսկողության տակ, որպեսզի լինի կանխարգելում և բուժում։

– Հիշեցի Ձեր կատարած վիրահատություններից մեկը, երբ երիտասարդ տղամարդն ուներ ուռուցքային հիվանդություն, մեծ չափսերի չարորակ գոյացության ճյուղավորումը հասել էր պարանոց: Նման բարդ վիրահատություններ կատարելուց առաջ և հետո ի՞նչ մտքեր են համակում Ձեզ։

– Դե, դա ծայրաստիճան բարդ դեպք էր։ 29 տարեկան տղա էր, եթե չեմ սխալվում, 1,5 տարվա ընթացքում երկու անգամ վիրահատվել էր։ Գիգանտ ուռուցք էր, որն ընդգրկել էր աորտայի որովայնային հատվածը, ստորին սիներակը և ձախ զստային զարկերակը, որը սնուցում էր ձախ վերջույթը։ Խնդիր էր դրված հեռացնել ուռուցքը՝ պահպանելով անոթների ամբողջականությունը։ Մեզ հաջողվեց թիմով իրականացնել վիրահատությունը, հեռացվեց ուռուցքը, վերականգնվեց անոթների ամբողջականությունը, սնուցումը։

Եվ երբ խոսքը վերաբերում է աորտային՝ մայր անոթին, որի միջով մեծ քանակի արյուն է հոսում, և վայրկյանների շեղումը կարող է կյանք արժենալ, այդ ժամանակ գիտակցելով, որ ամբողջ պատասխանատվությունը քո և թիմի վրա է դրված, ինչքան էմոցիա կա՝ փոփոխությունների է ենթարկվում։ Իսկ վիրահատարանում միակ մտածմունքը հիվանդի կյանքը պահպանելն է, որովհետև այդ ժամանակ դա քեզանից է կախված։ Դա ամենասարսափելի զգացողությունն է։ Իսկ երբ ամեն ինչ վերջանում է, վերադառնում ես իրականություն՝ գիտակցելով, որ դա քո գործն է, պետք է անես։

Ցանկացած հիվանդության մասին լսելիս՝ փորձում ենք տնային միջոցներով բուժել։ Վարիկոզի դեպքում մեղրով, քացախով թրջոց են դնում։ Մի հետաքրքիր միջոց էլ կա. ասում են՝ առավոտյան բամբակյա գուլպա եք կրում, ցողի վրայով քայլում եք և բուժվում։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է։

– Շատ ուրախ կլինեի, որ այդ ամենն իրականությանը համապատասխաներ՝ փայլուն արդյունք կունենայինք ամբողջ աշխարհում, և մարդիկ չէին տառապի, սակայն դրանք միֆ են։ Ձեր նշածից որևէ մեկն իրականությանը չի համապատասխանում։ Ես մի քիչ հանգիստ կվերաբերվեի սրան, եթե վնաս չտային, բայց այն, ինչ անում են՝ վնասում է, վիճակը բարդացնում է, ու դիմում են մասնագետին, երբ արդեն թրոմբ է, խոց, սարսափելի այտուցներ։ Խորհուրդ կտամ այդ ամենն անելուց առաջ հիշել, որ բժշկությունը, վիրաբուժությունը, մասնագիտությունները հենց այնպես չեն ստեղծվել, ունեն առաքելություն, և հիմնականը բուժառուին առողջ կյանք վերադարձնելն է։

Տեսանյութեր

Լրահոս