Թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը ծխող է. ի՞նչ ախտանշաններ կան և ինչպե՞ս բուժվել. Տիգրան Բյուզանդյան
Աշխարհում ամեն տարի թոքի քաղցկեղից մահանում է 1.5 միլիոնից ավելի մարդ: Մահացության ցուցանիշը բարձր է նաև Հայաստանում: Ո՞րն է թոքի քաղցկեղի առաջացման պատճառը, ինչպե՞ս կանխարգելել և բուժել: Հարցերի պատասխանները փորձել ենք գտնել ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանի հետ:
– Բժի՛շկ, ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ուռուցքային հիվանդություններից, մասնավորապես՝ թոքի քաղցկեղից մահացությունը բարձր է: Ո՞րն է թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:
– Թոքի քաղցկեղի առաջացման բազմաթիվ գործոններ կան, նրանք ավելի գրագետ կերպով կոչվում են՝ ռիսկի գործոններ: Չկա առանձին պատճառ, որը միայնակ վերցված՝ առաջացնում է թոքի քաղցկեղ: Պատճառները բազմաթիվ են: Այսօր գիտությանը հայտնի է մոտավորապես 70-ից ավելի ռիսկի գործոն, որոնցից ամենաազդեցիկը ծխախոտը և ծխելն է: Ապացուցված է, որ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը կյանքի որևիցե էտապում կամ ծխել է, կամ ծխում է, կամ եղել է պասիվ ծխողի կարգավիճակում:
– Բժիշկները հաճախ նշում են, որ թոքի քաղցկեղի դեպքում երբեմն մետաստազները հասնում են մինչև գլխուղեղ: Ու մարդիկ քանի որ շարունակում են ծխել, նիկոտինը չի թողնում, որպեսի առողջ բջիջները պայքարեն չարորակ գոյացության դեմ: Իրականում, թոքի քաղցկեղի դեպքում մետաստազները տարածվո՞ւմ են:
– Բոլոր ծխող մարդիկ՝ անկախ ծխելու ոճից, ձևից, հաճախականությունից, ուզեն թե չուզեն, ծուխը ներշնչում են: Ներշնչած ծուխն ունի բարձր ջերմաստիճան և առաջին էտապում առաջացնում է թոքի, մասնավորապես՝ բրոնխի լորձաթաղանթի բորբոքում, քանի որ տաք է, օտար մարմին է: Լորձաթաղանթի բորբոքումը մի կողմից է գնում, իսկ հակառակ կողմից օրգանիզմի վերականգնումն է: Հակադարձ պրոցեսներ են, և այդ ամենը հասնում է մի էտապի, երբ վերականգնման պրոցեսի մեջ սխալ է տեղի ունենում, և դա բերում է ուռուցքածին բջիջների առաջացման, և այդտեղից սկսում է զարգանալ թոքի քաղցկեղ հասկացողությունը: Մինչ դա՝ դրսևորվում է թոքի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, այլ հիվանդությունների տեսքով, որոնք որ ծխախոտի դրսևորումն են: Երբ առաջանում է թոքի քաղցկեղ՝ հիվանդը կարող է նույնիսկ գանգատներ չունենալ: Գոյություն ունի դասակարգում, կոչվում է T, N, M և ըստ դրա՝ ունենք 4 փուլ, և առաջին, երկրորդ, որոշ դեպքերում՝ նաև երրորդ փուլի դեպքում հիվանդները կարող են որևէ գանգատ չունենալ:
Չորրորդ փուլի դեպքում հիմնականում հիվանդներն արդեն ունեն գանգատներ, չնայած էլի չի բացառվում, որ 4-րդ ստադիայով առանց գանգատի հիվանդ ունենանք: Եվ այդ T, N, M դասակարգման մեջ մտնում են հետևյալ երեք գաղափարները. ուռուցքի չափ, տեղակայում, որոշակի առանձնահատկություններ: N (լատիներենով՝ նոդուս, ավշահանգույց)՝ կախված ավշահանգույցների ախտահարման մակարդակից, տեղակայումից, չափերից՝ դիտում ենք որպես դասակարգման երկրորդ կրետերիա, և M՝ մետաստազ. ունենք կամ չունենք: Եվ Ձեր շեշտած գլխուղեղի մետաստազ հասկացությունը հենց M դասակարգման մեջ է մտնում: Մետաստազների տարածման մի քանի ճանապարհներ կան, և Ձեր թվարկածը արյան հունով տարածվող մետաստազներն են: Նույնը կարող է լինել լյարդի, մակերիկամի, թոքի հետ: Իսկ թե ինչպե՞ս հասկանալ, աշխտորոշել թոքի քաղցկեղ, ասեմ, որ եթե ունենք գանգատներ, ապա միանշանակ հետազոտվել է պետք: Օրինակ, երբ կա քրոնիկ հազ, որը տևում է մեկ ամսից ավելի, եթե գտնվում ենք թիրախային խմբում:
Թոքի քաղցկեղը մարդկանց սկսել է հետաքրքրել 1930-ական թվականներից: Շատ դեպքերում վիրահատությունից հետո են հայտնաբերել, որ թոքի քաղցկեղ է: Բոլորի մոտ հարց էր առաջանում, թե ինչո՞ւ այս ստադիայի դեպքում հիվանդն ավելի երկար ապրեց, մյուսի դեպքում՝ ավելի կարճ, ու սկսեցին ձևավորվել վեր նշված դասակարգումները: Ամեն փուլի համար յուրահատուկ բուժական տակտիկա է: Այս պահին ակտիվ օգտվում ենք դասակարգումից, այժմ գործարկվում է 9-րդը: Այն դեռևս աշխատանքի փուլում է: Հաստատվել է հետևյալը, որ թոքի քաղցկեղի 4-րդ փուլ ունեցող հիվանդների 5-ամյա ապրելիությունը զրո է: Առաջին փուլի դեպքում ապրելիությունը 90 տոկոսից ավելի է, և հարց է առաջանում, թե ոնց թոքի քաղցկեղը հայտնաբերել՝ առաջին, և ոչ՝ չորրորդ փուլում:
Միանշանակ, պետք չէ ուղղորդվել գանգատներով: Եթե ունենք գանգատներ, ուրեմն ինչ-որ չափով «բանը բանից անցել է»: Թոքն ինքնին չունի սեփական նյարդային հյուսվածք, և ցավազգացողություն չկա: Ունենք այլ ռեֆլեքսներ, որոնք թոքի համար են նախատեսված. Դա հազն է, խորխարտադրությունը, որոնք արդեն կարող են են ահազանգել, որ ինչ-որ խնդիր կա, պետք է հետազոտվել: Ինչքան հետազոտությունները շատացել են, գտել են մի փաստ, որ կա որոշակի տարիքային խումբ, և հենց այդ խմբում են հայտնաբերվում թոքի քաղցկեղով դեպքերը: Միջինում ստացել ենք հետևյալ ցուցանիշը, որ 45-65 տարեկան ծխող տղամարդիկ են մեր թիրախային խմբում: Հենց այդ տարիքում է առաջանում թոքի քաղցկեղ, և որոշ դեպքերում մեկ տարվա ապրելիությունը կարճ է, որովհետև 4-րդ ստադիայում բավականին շատ է հայտնաբերվում:
Տարբեր հետազոտության տվյալներով՝ Հայաստանում 800-900 մինչև 1300 թոքի քաղցկեղի առաջնային դեպք է հայտնաբերվում, սակայն 4-րդ փուլ ունեցող հիվանդները եղել են 50 տոկոսից ավելին: Սա պայմանավորված է մեր մենթալիտետով, երբ բժշկի դիմում ենք այն դեպքում, երբ դանակը հասել է ոսկորին: Կան գանգատներ, ուշագնացություն, գիտակցության կորուստ և այլն: Պետք է գիտակցել ու հասկանալ, որ եթե մենք ծխող ենք, հայտնվելով թիրախային խմբում, պետք է հետազոտվենք: Թոքային վիրաբուժությունը հանգել է այն եզրակացության, որ ամենաճիշտ և դիպուկ հետազոտությունը ցածր դոզավորման ՀՇ հետազոտություններն են (համակարգչային շերտագրում): Դա թույլ է տալիս մեզ հայտնաբերել թոքի քաղցկեղի առաջին, երկրորդ ստադիաներ, երբ հիվանդը կարող է ոչ մի գանգատ չունենալ: Անցնելով բուժման էտապներ՝ ունենում ենք բավականին լավ տվյալներ:
Կարևոր է ծխելու կանխարգելումը: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը բավականին լավ է ստացվել՝ ծխախոտի վաճառքի քանակի պակասեցմամբ, հարկերի բարձրացմամբ:
– Համակարգչային շերտագրումը դա բոլորին հայտնի ԿՏ-ն է: Մարդիկ խուսափում են, ասում են՝ կգնանք, ճառագայթում կստանանք: Այն որքանո՞վ է վտանգավոր:
– Պետք է նախ գիտակցենք, որ գտնվում ենք 21-րդ դարում: Ճառագայթումը մեզանից անխուսափելի է՝ սկսած հեռախոսներից, վերջացրած կենցաղային տեխնիկայով: Կա նմանատիպ հետազոտություն ևս: Միջին վիճակագրական անձնավորության տարեկան ճառագայթումն են չափել, ինչպես նաև ցածր դոզավորման ԿՏ-ի ճառագայթը: Ապացուցվել է, որ ցածր դոզավորման ԿՏ-ի ճառագայթման դոզան մոտավորապես հավասար է կես տարվա ընթացքում ստացած ճառագայթմանը: Այսինքն, տարվա մեջ թույլատրելի է մեկ անգամ անցնել կրծքավանդակի հետազոտություն: Եթե ԿՏ-ն համեմատենք ռենտգեն հետազոտության հետ, ապա մեկ ռենտգեն լուսանկարը տալիս է նույնքան ճառագայթում, ինչքան կտար մեկ քսաներորդ ՀՇ հետազոտությունը: Այսինքն, 20 ռենտգեն նկարը համարժեք է մեկ ցածր դոզավորման ՀՇ-ի:
– Մարդ կա՝ կասի, ես շաբաթը երեք գլանակ եմ ծխում, մյուսը՝ մեկ տուփ: Ովքե՞ր պետք է գնան հետազոտման: Տարբերակում կա՞:
– Վերը նշված տարիքային խումբը վերաբերում է այն անձանց, ովքեր 30 տարի շարունակ ծխել են մեկ տուփից ոչ պակաս: Բայց դա մաթեմատիկական հաշվարկ չի եղել, զուտ տվյալների հավաքագրում, ուստի պետք է ճիշտ գիտակցենք, որ բժշկագիտությունը և բժշկությունը հաշվելի գիտություն չեն: Այնպես չէ, որ, ասենք, 1235 գլանակից հետո կառաջանա թոքի քաղցկեղ: Լինում են դեպքեր, որ նույնիսկ չծխողի մոտ է առաջանում, բայց, եթե մենք հայտնվում ենք թիրախային խմբում, հետազոտությունն արդարացված է:
– Կան ֆիլտրով, էլեկտրոնային ծխախոտներ: ԱՄՆ-ում այն համարեցին «համաճարակ» և սկսեցին պայքարել դրա դեմ, որոշ տեղերում արգելվեց, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային ծխախոտի վաճառքը կտրուկ ավելանալու է մինչև 2025թ.: Ի՞նչ վնասներ են այս ծխախոտները պարունակում:
– Եթե հետ գնանք 200 տարի, կհասկանանք, որ ծխախոտն այնքան էլ տարածված հաճույք չի եղել: Առաջին հայտնաբերված դեպքերը վերաբերում են 1920-ական թվականներին: Փաստաթղթավորումը զարգացած չի եղել, բայց 1914թ. աշխարհում գրանցվել է թոքի քաղցկեղի մոտավորապես 370 դեպք: Այսօր խոսում ենք 2 միլիոնից ավելի դեպքի մասին: Թոքի քաղցկեղը զարգացել է մարդկանց շրջանում ծխախոտի կիրառելիության և հասանելիության պատճառով: Տարեցտարի այդ թիվն ավելանում է: Կան հետազոտություններ, որոնք կանխատեսում են 2030թ. թոքի քաղցկեղի 3-4 միլիոն առաջնային դեպք: Եթե քննարկենք 1920-ական թթ. ծխախոտը, բացառապես նույն տեսքը չունի, ինչ այսօր: Այն ժամանակ ֆիլտր հասկացողությունը գոյություն չի ունեցել, և թոքի քաղցկեղի առանձնահատկությունները նույնպես այլ են եղել:
Այսօր ավելի շատ ունենում ենք պերիֆերիկ քաղցկեղներ՝ պայմանավորված հենց ծխախոտի առանձնահատկություններով, իսկ այն ժամանակ ավելի շատ թոքի կենտրոնական քաղցկեղներն էին հանդիպում: Այսօրվա տվյալներով դժվար է հասկանալ՝ շատացել են պերիֆերիկ քաղցկեղները՝ պայմանավորված ծխախոտի որակի փոփոխությամբ թե կյանքի որակով, սոցիալական առանձնահատկություններով: Բայց կիրառելով ֆիլտրեր՝ մենք ստացանք ծխախոտի նստվածքի ֆիլտրացիա: Սև նստվածքը, որը նստում է բրոնխների պատին, սկսեց մնալ ֆիլտրի մեջ, ըստ այդմ, դժվարանում է ծխի ներքաշումը և ավելի խորն է լինում ներշնչումը:
Ըստ այդմ, ծուխը, որը չի ֆիլտրվում 100 տոկոսով, հայտնվում է պերիֆերիկ հատվածներում: Ծխի մուտքը բերանըմպան մոտավորապես 800 ջերմաստիճան է՝ ցելսիուսի սանդղակով: Քանի որ գազը (չոր նյութ) ծավալապես շատ փոքր է, դրա համար բերանի խոռոչի այրում մենք, որպես այդպիսին, չենք ունենում: Հետո սկսեց հայտնվել նարգիլեն, որն ունի գրեթե նույն պարունակությունը, ինչ ավելացված գլիցերինի հեղուկները: Նարգիլեի դեպքում կիրառվում է ոչ թե թղթային ֆիլտր, այլ ջրային: Չափումները ցույց տվեցին, որ ներմղվող օդի հոսքի ջերմաստիճանն արդեն 400 է՝ 800-ի փոխարեն, և ըստ այդմ՝ քրոնիկ բրոնխիտի, բրոնխի լորձաթաղանթի այրման հավանականությունն ավելի նվազեց: Սակայն չկա որևէ հետազոտություն, որ ասի՝ նարգիլեն այսքան տոկոսով ավելի քիչ է բերում թոքի քաղցկեղի առաջացման, քան ծխախոտը, որովհետև սովորաբար նույն մարդիկ են ծխում և՛ ծխախոտ, և՛ նարգիլե:
Կա երրորդ նորաստեղծ մեթոդը, դրանք տաքացման սիգարետներն են, որտեղ այրում չկա: Տեխնոլոգիան նոր է, և դեռևս չենք կարող հասկանալ՝ թոքի քաղցկեղի վրա ինչպես կանդրադառնա: Մեկ այլ պատմություն է՝ այժմ տարածված վեյփ հասկացողությունը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է գոլորշի, և գոլորշիացման մեթոդով ծխախոտի կիրառումը նույնպես նոր է: Այրում չկա, կա գոլորշիացում, չկա օրգանական նյութերի մնացորդների գաղափար, որը կա նախորդ երեքի մեջ:
– Ամեն դեպքում քիմիա է:
– Այո: Բայց, թե քիմիական նյութերի ազդեցությունն ինչի՞ կբերի, կառաջանա թոքի քաղցկե՞ղ, թե՞ այլ հիվանդություն, չեմ կարող ասել: Կան մի քանի տվյալներ, որ վեյփինգը բերում է թոքի ֆիբրոզի: ԱՄՆ-ում մի քանի դեպք գրանցվեց, երիտասարդ տղաները, ովքեր ինտենսիվ վեյփ էին օգտագործում, գնացին թոքի փոխպատվաստման:
– Թոքի քաղցկեղի և ծխախոտի կապն առաջինը բացահայտել է բրիտանացի բժիշկ Դոլը: Ասում է՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարդիկ սկսեցին շատ ծխել, և հիմնականում դա կապում են վախի և քաղցի հետ: Ծխախոտը վնաս է հասցնում նաև շրջապատի մարդկանց: Տան անդամները որքանո՞վ են տուժում ծխողի ծխից:
– Այո, ճիշտ եք, ծխախոտի կիրառելիությունը բավականին մեծացավ՝ կապված սթրեսի, սննդի անհասանելիության հետ: Ըստ իս, ծխող մարդիկ սննդի նկատմամբ ավելի քիչ պահանջ են ունենում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո թոքի քաղցկեղի դեպքերը շատացան՝ պայմանավորված ընդհանուր համաշխարհային զարգացմամբ: Այդ թվականներին բոլոր ֆիլմերում, նկարներում ծխախոտ կիրառելն այդքան էլ սահմանափակված չէր: Հիմա հաղորդումներում բացառված է, իսկ ֆիլմերում հիմնականում բացասական կերպարներն են ծխում: Ինչ վերաբերում է երկրորդային ծխին, ապացուցվել է, որ պասիվ ծխողները նույնպես ռիսկի խմբում են:
– Դեռահասների շրջանում ևս տարածված է ծխախոտը: Մեր հասարակության մեջ ընդունված է. հաճախ պապիկը կամ հայրը երեխային ուղարկում են խանութ՝ ծխախոտ գնելու: Դա երևի ազդեցություն կունենա, որ նրանք ևս ծխեն: Ինչպե՞ս դեռահասների շրջանում կանխել ծխախոտի հանդեպ սերը:
– Մի հետաքրքիր դրվագ պատմեմ: Ընկերս մի ընտանիքի հետ երկար ճանապարհ է գնում, պապն է, որդին ու թոռը: Տեսնում է՝ մի կողմում պապն ու թոռն են ծխում, մյուս կողմում՝ հայրը: Այսինքն, ոչ մի զավակ հոր մոտ չի ծխում: Չեմ կարծում, որ երեխային խանութ ուղարկելը որևէ այլ մթերք գնելու՝ լինի ալկոհոլ, ծխախոտ թե այլ բան, ազդեցություն կունենա երեխայի ինքնորոշման վրա: Իմ օրինակով ասեմ. փոքրուց գնացել եմ խանութ, գնել եմ, բայց կյանքում ձգտում չի եղել դեպի ծխախոտը:
– Ձեզ մոտ որ գալիս են, բնականաբար, կհարցնեք, թե երբվանի՞ց սկսեցին ծխել, ի՞նչն է դրդել, ի՞նչ են պատասխանում:
– Երբեք չի հետաքրքրել, թե ինչի՞ց հետո սկսեցին ծխել, բայց միշտ հարցնում եմ, թե քանի՞ տարի են ծխում: Դեպքեր կան, որ հաշվելով տարիքը և ծխելու ժամկետը՝ 5, 7 , 9 տարեկանից են սկսել ծխել: Ընդ որում, ոչ թե փորձել են, հետո ծխել, այլ 5 տարեկանից ինտենսիվ ծխել են:
– Շատ դեպքերում նշում են, որ ծխելը միանգամից դադարեցնել չի կարելի: Ինչպե՞ս անել և ինչո՞վ փոխարինել. որոշ դեպքերում ծամոն, կոնֆետ են օգտագործում:
– Կան ծխախոտի բազմաթիվ փոխարինիչներ. նիկոտինային ծամոններ, պլաստիրներ, բայց ծխախոտին փոխարինելով՝ հոգեբանության փոփոխություն չեն առաջացնում: Դրանք իրենց հերթին՝ խնդիրներ են առաջացնում. օրինակ՝ բերանի քաղցկեղի ռիսկի բարձրացում: Երբ մարդ որոշի, որ չի ծխում, ով ուզում է՝ կողքից ասի:
Ինչ վերաբերում է ծխելը կտրուկ դադարեցնելուն, եթե հիվանդը երկար տարիներ ծխել է, ունի քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտի որևէ դրսևորում, միանգամից դադարեցնելը կբերի ավելի դժվար էտապի, որովհետև մինչ դա օրգանիզմը պատրաստ է ընդունել ծխի պայմանական ծավալ, և ծխի բացակայությունը տվյալ պահին բերում է լորձաթաղանթի ավելի մեծ պրոդուկցիայի: Խորխարտադրությունն ավելի է մեծանում: Եթե խոսքը երկարատև ծխելու մասին է, էտապային պետք է հանել: