Հոգևոր պատերազմ
Ամեն օր մարդը մեղանչում է և ամեն օր էլ կարիք ունի ապաշխարության: Անմեղ մեկը չկա, անգամ եթե իր երկրային կյանքում միայն մեկ օր է ապրել: Մարդիկ սկսեցին մեղքը ճանաչել նախածնողների՝ Ադամի և Եվայի Աստծո հանդեպ անհնազանդությունից: Ճանաչելով մեղքը՝ մարդը սկսեց պայքարել այդ մեղքերի դեմ:
Ամեն մի քրիստոնյա Քրիստոսին հավատարիմ մի զինվոր է, որ պատրաստ է Նրա նման չարչարվելու (Բ Տիմոթեոս 2.3) և պայքարելու ամենօրյա մեղքերի, վատ սովորությունների և անմաքուր մտքերի դեմ: Այս դեպքում Քրիստոսին հավատարիմ զինվորը հոգևոր պատերազմ է մղում: Ինչպես յուրաքանչյուր պատերազմ, այնպես էլ հոգևոր պատերազմը ենթադրում է պատրաստվածություն և հավատարմություն Քրիստոսին՝ հավատարիմ Զորավարին: Զինվորը նախ սպառազինվում է, իր վրա վերցնելով Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանա դեմ կանգնել չարի հնարանքներին, հետ մղել չարի հարվածները, որովհետև այդ պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների (Եփեսացիներ 6.10-13):
Զինվորին հատուկ է արթուն, զգաստ և պատրաստ լինել՝ հավատի ու սիրո զրահը հագած և փրկության հույսի սաղավարտը գլխին դրած (Ա Թեսաղոնիկեցիներ 5.8):
Հոգևոր պատերազմում բարի զինվորությամբ յուրաքանչյուր քրիստոնյա փորձում է մաքուր պահել իր հավատքն ու խիղճը:
Քրիստոնյա մարտիկը հեռու է մնում խավարի գործերից, որովհետև պայքարում է լույսի զենքերով: Նա իր վրա է վերցնում Տեր Հիսուս Քրիստոսի նկարագիրը, փոխանակ ապրելու անառակությամբ և հարբեցողությամբ, խառնակությամբ և պղծությամբ, կամ նախանձով և հակառակությամբ, ապրում է այնպես, ինչպես վայել է լույսի մեջ քայլողներին (Հռոմեացիներ 13.12-14): Հիսուս Քրիստոս չարի դեմ կռվում ցույց տվեց հզոր մի զենք, որն է՝ Աստծո խոսքը (Մատթեոս 4.1-11):
Հոգևոր պատերազմի քաջ մարտիկներից՝ Պողոս առաքյալն ասել է. «Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ մնում է միայն սպասել արդարության պսակին, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, ինձ կտա դատաստանի օրը: Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Տիրոջ հայտնվելուն» (Բ Տիմոթեոս 4.7-8):
Եվ Քրիստոսի այս քաջ մարտիկը, իր օրինակի համաձայն, յուրաքանչյուր զինվորի առաջարկում է հետևյալ աստվածային սպառազինությունը. «Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա՛ առեք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել չարի արձակած բոլոր մխացող նետերը» (Եփեսացիներ 6. 14-16):
Պատերազմի դաշտում հնարավոր է, որ զինվորը վիրավորվի, բայց վիրավորվելը, տկարանալը, ընկնելը պարտության նշան չէ. «Բայց եթե արդարը յոթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի» (Առակներ 24.16): Հնարավոր է նաև մահ, բայց կարևորը պարտված չմահանալն է՝ շատ սրբերի օրինակների համաձայն:
Կարևոր է չմոռանալ մեր Տիրոջ հետևյալ խոսքերը. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16.33), «Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20): Այս խոսքերի համաձայն էլ՝ Քրիստոսի հավատարիմ զինվորը Աստծո օգնությամբ պայքարում է չարի դեմ և այդ պայքարը դառնում է նույնինքն Քրիստոսի պայքարը:
Աղոթք, պահք, խոկում, Սուրբ Գրքի և սրբերի վարքի ընթերցանություն, Սբ. Հաղորդություն, այս և մի շարք զենքերի և դեղամիջոցների, ինչպես նաև չարի գաղտնի ծուղակներին և խայծերին
կծանոթանա ընթերցողը՝ կարդալով «Խրատներ հայրերից» բաժնի «Հոգևոր պատերազմի մասին» ենթաշարքը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը