Փաշինյանն Ալիևի բարձրախոսն է, նա հայ ժողովրդի հետ խոսում է ադրբեջանական կողմի բանակցային լեզվով․ Արթուր Մարտիրոսյան
Ադրբեջանը ցանկություն ունի վերջակետ դնելու Հայկական հարցում և լուծելու իր առջև դրված խնդիրները։ Եթե հայկական կողմն ընդունի Ադրբեջանի պահանջած խաղաղության բոլոր պայմանները, իրենք պատրաստ կլինեն գնալու այդպիսի խաղաղության։ Բայց վա՜յ այդ խաղաղությանը մեզ համար, որովհետև այն, ինչ իրենք պահանջում են, նշանակելու է վերջակետ ոչ միայն՝ Արցախի, այլև, փոքր-ինչ հետաձգված, հայկական պետականության հարցում։ Ամենասկզբից մեթոդաբանական կարևոր վրիպում կար, ընդ որում՝ դա միակ վրիպումը չէր։ Բանն այն է, որ դու մյուս կողմին ասում և աշխարհին հայտարարում ես, թե քո նպատակը խաղաղությունն է, դու պատրաստ ես գնալու բոլոր զիջումներին, միայն թե խաղաղություն լինի, և քո տնտեսական զարգացումը կախված է լինելու նաև հարևանների կամքից և ցանկությունից, իսկ մյուս կողմը համոզվում է, որ մենք իրենցից կախված ենք, և եթե դա է մեր ցանկացածը, պետք է մեզնից ավելի շատ ստանան։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը։
«Կա հնարավորություն ավելի շատ ստանալու։ Ինչպե՞ս ստանալ՝ միշտ սպառնալ պատերազմով։ Ուզո՞ւմ եք խաղաղություն՝ սա էլ պետք է զիջեք, ուզո՞ւմ եք՝ սա լինի, սա էլ պիտի զիջեք։ Եվ այդպես նրանք առաջ են տանում իրենց օրակարգը, Փաշինյանն ինքն է մասնակցում այդ օրակարգի ստեղծմանն ու ձևավորմանը։ Կամա թե ակամա՝ նա մասնակցում է դրան։ Ապագայի, խաղաղության մասին նա բանակցում է նաև հայ ժողովրդի հետ։ Ներսում ևս պետք է բանակցել, քաղաքական գործիչների համար դա մշտապես խնդիր է՝ դրսում բանակցեցիր, բայց ներսում ընդունո՞ւմ են քո բանակցածը։ Նա մեզ հետ բանակցում է Ալիևի լեզվով, ասում է՝ եթե սա չտանք, պատերազմ կլինի, և ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ պատերազմ չի լինի, բայց առնվազն հիմա մենք կխուսափենք պատերազմից, և այլն»,- ասաց փորձագետը։
«Փաշինյանն ասում է այն, ինչ Ալիևն է իրեն ասում, նա կարծես Ալիևի բարձրախոսը լինի։ Ալիևը բավական խորամանկ է, ինքն էլ, Թուրքիան էլ հասկանում են, որ իրենց պետք չէ բացահայտ պատերազմական կոչեր անել։ Նրանք կարող են համատեղ վարժանքներ անցկացնել, այլ ձևերով հաղորդակցվել, իսկ փակ կապուղիներով այդ բանակցողները, լինելով բավական լավ դիվանագետներ, չեն ասում՝ մենք պատերազմով ենք սպառնում, ասում են՝ չենք ուզում պատերազմ լինի։ Դրա համար արեք սա, որ պատերազմ չլինի, այլապես ստիպված պատերազմով ենք վերցնելու այն, ինչը դուք չեք տալիս մեզ առանց պատերազմի։ Խաղաղությունը թղթի կտոր չէ, որի տակ դու ստորագրում ես։ Փաշինյանը և բոլորս պետք է սկզբից ևեթ հասկանայինք, որ դու կարող ես պայմանագիր ստորագրել, բայց այն չի կարող հարյուր տոկոսով խաղաղություն երաշխավորել»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։
Հասարակական գործչի կարծիքով՝ խաղաղությունը կախված է մի շարք հանգամանքներից, թեև Փաշինյանն ասում էր, թե իբր խաղաղությունը կախված է լինելու այդ փաստաթղթից․ «Ի վերջո, նա եկավ այն հասկացողությանը, որ նույնիսկ ստորագրումը չի նշանակելու, թե նրանք չեն շարունակի սպառնալ։ Իսկ սպառնալիքները կշարունակվեն, որովհետև նրանք դեռևս շատ բան ունեն ստանալու, և այդ ամենն անմիջապես չեն կարող ստանալ։ Օրինակ, «Արևմտյան Ադրբեջանը», որի հիմնական կոնցեպտուալ գաղափարը հետևյալն է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց «պապական հողերը»։ Սրանք իրենց նարատիվի բառերն են»:
«Այս ամենը չի կարող մեկ օրում տեղի ունենալ, պետք է որոշ մեծ ու փոքր պայմաններ լինեն, բայց դրանք պետք է կատարվեն։ Ամեն քայլափոխի դու պետք է համոզված լինես, որ նա անելու է դրանք։ Դրա համար պատերազմի փաստարկն իրենք պահելու են՝ հիմնավորելով, որ դուք արդեն խոստացել եք, արդեն պայմանավորվել ենք, ձեր սկզբունքներում ընդունել եք, որ դեմ չեք լինելու ադրբեջանցիների վերադարձին։ Իսկ եթե դուք դեմ լինեք, կխախտեք ձեր իսկ տված խոստումն ու պայմանավորվածությունը, և դրա համար մենք կարող ենք դիմել պատերազմի։ Սա է ադրբեջանական կողմի բանակցային լեզուն, բայց դա չի նշանակում, որ դու պետք է ընդունես այդ լեզուն։ Մեր խնդիրը հենց այն է, որ Փաշինյանը նրանց հետ միայն այդ լեզվով է խոսում»,- ամփոփեց Արթուր Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.