Ի՞նչ սպասել հայ-թուրքական սահմանին սպասվող հանդիպումից․ ռուս արևելագետը՝ հանդիպման, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի և սպասվող զարգացումների մասին

Ամիսներ շարունակվող դադարից հետո՝ վաղը Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի  5-րդ հանդիպումը։ Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, 2022 թվականի հունվարին Մոսկվայում կայացավ նրանց առաջին հանդիպումը, վերջինը՝ Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա, թուրքական կողմը Հայաստանին ընդառաջ որևէ քայլ չի իրականացնում, այլ միայն խոսում է կարգավորման հարցում ՀՀ քաղաքական կամքի մասին՝ զուգահեռաբար թիրախավորելով հայկական Սփյուռքին։

2023 թվականի նոյեմբերին ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը, որը գործում էր խորհրդային շրջանում, գրեթե զրոյից վերակառուցվել է։ Նրա խոսքով՝ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կկարողանա գործել ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության իրագործումից հետո:

Կարևոր է նաև նշել, որ այս տարվա մարտի 1-ին  Անթալիայի հերթական  դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի այդ քաղաք էին մեկնել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, վերջինս ուշագրավ պանելային քննարկում ունեցավ Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Կարդացեք նաև

Անթալիայի դիվանագիտական 3-րդ համաժողովի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» պանելային քննարկմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ուշագրավ հայտարարություն  արեց, նշելով՝ եթե Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը համաձայնի, սահմանների բացման մասին կարող են հենց այդ պահին հայտարարել, ինչը կդառնա այդ ֆորումի ձեռքբերումը: Հայ պաշտոնյան նշել էր՝ չի տեսնում պատճառ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը պետք է փակ լինի։

Ի պատասխան՝ փորձելով խուսափել հստակությունից՝ Քըլըչն էլ իր քայլն  արեց,   առաջարկելով  հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում հաջորդ շաբաթ, այսինքն՝ այս տարվա մարտ ամսին:

Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը խոստացել էր քննարկել՝ միևնույն ժամանակ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների իրականացումը։ Ինչպես, իհարկե, պարզ դարձավ կարճ ժամանակ անց, հանդիպումը չկայացավ, իսկ հայ-թուրքական գործընթացում չկա որևէ առաջընթաց, թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծես ընդհանուր առմամբ չափազանց բարձր  է գնահատում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, «համակրում» է նրան։ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, նշել էր․ ««Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Եկել է ժամանակը, որ մի կողմ դրվեն անհիմն հիշողությունները: Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հենվել շինծու պատմությունների վրա, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Հիմա դա հասկացել է նաև Փաշինյանը»։ Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի վաղվա պայծառ օրվա համար նոր սկիզբ ստեղծելու ուղին», և «նոր դարաշրջան կսկսվի»:

Սակայն թուրքական իշխանությունները որևէ քայլ չեն իրականացնում Հայաստանին ընդառաջ, թեև ՀՀ ներկայիս իշխանությունները բազմաթիվ քայլեր են իրականացրել, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, և այն դեպքում, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

«Ի՞նչ սպասել վաղը սահմանին սպասվող Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից» հարցը 168․am-ը քննարկել է ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկիի հետ, ով գտնում է, որ հանդիպումը կողմերին չի տալու որևէ առաջընթաց։ Ըստ նրա՝ սա կդառնա հնարավորություն՝ շփվելու, քննարկելու նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Կարծում եմ՝ նման հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցի ընթացքում։ Կարծում եմ՝ այս հանդիպումը թուրքական կողմը ՀՀ-ին ներկայացնում է՝ որպես մեծ քայլ, սակայն հայ-թուրքական  հարաբերություններն այսօր զուրկ են սեփական օրակարգից և հայտնվել են Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացից ուղիղ կախման մեջ։ Դա գիտեն բոլորը, ուստի տարին մեկ հանդիպումներով Թուրքիան պահում է գործընթացի իմիտացիան, մինչև համապատասխան գործընթացները տեղի կունենան։ Սա դասական նախապայմաններով գործընթաց է,  որը հայկական կողմն ընդունել է, սակայն հույսով, որ կարող է փոխել դա բանակցություններով, ցանկանալով Թուրքիային առանձնացնել Ադրբեջանից ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցում»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, նման հաշվարկը թուրք-ադրբեջանական հարաբերությունները և ռեգիոնալ ներկայիս իրողությունները լիովին չպատկերացնելու հետևանք է։ «Այդ հաշվարկները չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ պարզապես չեն բխում ռեգիոնալ իրողություններից, չեն բխում վերլուծությունից, որ Ադրբեջանն ունի ազդեցություն Թուրքիայի նկատմամբ, և այստեղ չի գործում Ադրբեջանի՝ Թուրքիայից ազդեցության գործոնը։ Այստեղ էլ տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել և ունենում, ուստի թուրք-ադրբեջանական հարաբերություններում ևս կան փոփոխված նրբություններ»,- ասաց ռուս արևելագետը։

Նա գտնում է, որ հանդիպման ուշագրավ նորությունը լինելու է այն, որ կողմերը հանդիպում են սահմանին և քննարկում պայմանավորվածությունները։ «Գուցե հայտարարվի դրանց իրագործման ինչ-որ նոր ժամկետների մասին, հուսալով, որ համաձայնագիրը մինչ այդ ստորագրված լինի։ Սակայն սա հստակ գծված գործընթաց չէ, ինչպես հետևում ենք, ընթացքում առաջանում են խնդիրներ ու հակասությունների նոր կետեր, ուստի կարծում եմ՝ հայ-թուրքական օրակարգը հայտնվել է ծանր կախման մեջ Թուրքիայի իշխանությունների որոշման հետևանքով։ Սա գիտակցում է հայկական կողմը, սակայն այլ տարբերակ չի դիտարկում և անընդհատ գտնվում է Թուրքիայից քայլեր ակնկալողի դերում»,- ասաց վերլուծաբանը։

Վերջինս կրկնեց ավելի վաղ հայտնած իր միտքը, որ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը լծակ է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իր պահանջները Երևանին պարտադրելու գործընթացում։ «Մնացած բոլոր հանդիպումները, քննարկումները չեն տալիս առարկայական արդյունք, քանի որ քաղաքականությունն իրականացվում է՝ հիմքում այս դիրքորոշումն ունենալով։ Եթե  դա չէ հիմքում, ապա սահմանը պետք է բացված լիներ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս