Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում անկարգությունների ժամանակ առնվազն 300 ոստիկան է տուժել։ Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին հայտնել է ոստիկանության խոսնակ Ֆարուք Հոսեյնը։
«Առնվազն 150 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, ևս 150-ին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,-ասել է նա։
Ոստիկանության ներկայացուցիչը ցուցարարների թիվը գնահատել է հարյուր հազարավոր: Բանգլադեշում մի քանի շաբաթ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը պետական աշխատատեղերի քվոտաների համակարգի դեմ։ Նախօրեին ցուցարարները ներխուժել էին Նարսինգդի թաղամասի բանտ և այնտեղից ազատել հարյուրավոր բանտարկյալների։ Ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհվել է ավելի քան հարյուր մարդ։ Կառավարությունը երկրում մտցրել է պարետային ժամ:
Անկարգությունները սաստկացան այս շաբաթվա սկզբին Դաքայի համալսարանի ճամբարում ցուցարարների, ոստիկանության և կառավարամետ ուսանողական ակտիվիստների միջև բախումների ֆոնին: Հուլիսի 16-ին վեց մարդու մահից հետո իշխանությունները հրամայեցին փակել համալսարանները ողջ երկրում, իսկ ոստիկանությունը ներխուժեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության շտաբ:
Ցուցարարները պահանջում են դադարեցնել քվոտային համակարգը, որը պետական աշխատատեղերի մինչև 30 տոկոսը վերապահում է վետերանների ընտանիքի անդամներին, ովքեր մասնակցել են Բանգլադեշի 1971-ի Անկախության պատերազմին: Ցուցարարները համակարգն անվանում են խտրական և ասում, որ դա ձեռնտու է վարչապետ Շեյխ Հասինայի կողմնակիցներին, որի «Ավամի լիգա» կուսակցությունը ղեկավարել է անկախության շարժումը:
Բանգլադեշի կառավարությունը կասեցրել է քվոտաները 2017 թվականին ուսանողների լայնածավալ բողոքի ցույցերից հետո, սակայն Գերագույն դատարանը անցյալ ամիս վերականգնեց քվոտաները՝ բավարարելով 1971 թվականի վետերանների հարազատների պահանջները: