Միջուկային զենքի ստեղծման համար Իրանին անհրաժեշտ է 1-2 շաբաթ. Բլինքեն

«Իրանից միջուկային զենքի ստեղծման համար կարող է ընդամենը մեկից երկու շաբաթ պահանջվել», – ամերիկյան Ասպեն հանգստավայրում ընթացող միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Իրանցիները միջուկային զենքն ինքնին դեռ չեն ստեղծել։ Մեր գնահատականներով, սակայն, նրանցից այս ուղղությամբ լուրջ ճեղքման համար մեկից երկու շաբաթ կպահանջվի։ Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթներին և ամիսներին Իրանը այս հարցում որոշակի առաջընթաց է արձանագրել», – նշել է նա։

Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնում ուշի-ուշով հետևում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներին։ Պետքարտուղարի պնդմամբ՝ այս պահին ամերիկյան կողմը իրանցիներին զսպելու գլխավոր մեխանիզմ է համարում պատժամիջոցների կիրառումը։

«Այս պահին Իրանի քաղաքացիների կամ իրանական հաստատությունների դեմ ընդհանուր առմամբ շուրջ 600 պատժամիջոցներ են սահմանվել։ Դրանցից որևէ մեկը չի վերացվել», – հայտարարել է Բլինքենը։

Միևնույն ժամանակ Բլինքենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:

Նրա խոսքով ՝ Իրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել տրոհվող նյութը, պայթուցիկ սարքը և ունենալ միջուկային զենք։

Տեսանյութեր

Լրահոս