Ինչի՞ շուրջ չեն կարողանում համաձայնության գալ Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ կատարվեց Լոնդոնում և ինչո՞ւ
Հուլիսի 18-ին Լոնդոնում մեկնարկած Եվրոպական Քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության տապալումն ու դրան զուգահեռ՝ ադրբեջանական սրվող՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջը գուցե հայ-ադրբեջանական գործընթացը փակուղի մտցնի։ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով անարդյունք բանակցություններից հետո փաստորեն կողմերին չհաջողվեց բարձրաստիճան հանդիպում ունենալ ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում։
Ադրբեջանը գագաթնաժողովի մեկնարկից անմիջապես հետո և, ըստ ամենայնի, միտումնավոր տեղեկություն գցեց շրջանառության մեջ, թե Լոնդոնն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն ՀՀ-ն հրաժարվել է, որին հաջորդեց ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ ՀՀ-ն է առաջարկել հանդիպում։
«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նման ուշագրավ հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն։
Պետք է նաև նշել, որ մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ տեղեկատվական պատերազմում ևս ՀՀ-ն ակնհայտորեն կաղում է, ետ է մնում Ադրբեջանից և հայտնվում է ուշ արձագանքողի դերում, ինչն ըստ էության թուլացնում է ՀՀ դիվանագիտության և դիրքորոշումների ազդեցությունը, ընկալելիությունը։
Սակայն ՀՀ ԱԳՆ հաղորդագրության տողատակերում ուշագրավ տեղեկություններ են ուրվագծվում՝ հայկական կողմն առաջարկել է երկկողմ հանդիպում, այսինքն՝ դեմ է եղել Լոնդոնի միջնորդությանը և մերժել է Լոնդոնի նախաձեռնությունը։ Թե ինչ է կատարվում նման բարդ բանակցությունների «խոհանոց»-ում, բարդ է ասել, սակայն հետաքրքիր է, թե ինչու Ալիևը, որը ցանկանում է ՀՀ-ի հետ բանակցել ուղիղ, պատրաստ է հանդիպման Լոնդոնի միջնորդությամբ, սակայն չի ցանկանում հանդիպել Փաշինյանի հետ ուղիղ։
Հայկական կողմի դիրքորոշումներում ևս ամեն բան ակնհայտ չէ։ Այնուամենայնիվ այս հանդիպման շուրջ խառնաշփոթի մանրամասները պարզ կդառնան ժամանակի ընթացքում։
Սակայն վերջին շրջանում, իհարկե, դժվար է հիշել նման հանդիպման շուրջ այսպիսի «իրարանցում»։
Ուշադրությունից չի վրիպում, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի, Վաշինգտոնի՝ արդեն իսկ բանակցված հարցերով Խաղաղության համաձայնագիր ստորագրելու ցանկության և Ադրբեջանի՝ ՀՀ-ից սահմանադրական փոփոխություններ պահանջելու ֆոնին։
Ի դեպ, չնայած ամերիկյան կողմի հորդորին, թե նոր պահանջները երկու կողմի դեպքում էլ անընդունելի են, Ադրբեջանը շարունակում է հրապարակային միջամտել ՀՀ ներքին գործերին՝ պահանջելով ՀՀ Սահմանադրության և փաստաթղթերի փոփոխություն։ Լոնդոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տապալված բանակցություներից հետո Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի պահանջի մասին։
Ընդ որում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահը մանրամասնել է, թե կոնկրետ որ դրույթն է պահանջում, որ Երևանը հեռացնի Մայր օրենքից։
«Ադրբեջանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի որքան հնարավոր է արագ, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք նախատեսում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի միացումը Հայաստանին։ Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի Սահմանադրությամբ»,- ասել է նա։
Բաքվի այս պահանջի մասին բարձրաձայնելով՝ Ալիևն ընդգծել է, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը։
Գերմանիայի կանցլերի հետ զրույցում նաև նշել է, թե հաջողություններ են արձանագրվել սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Մասնավորապես, նա տեղեկացրել է սահմանազատման գործընթացին առնչվող փաստաթղթերի համաձայնեցման մասին և հավելել, որ աշխատանքները շարունակվելու են այդ ուղղությամբ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Դեյվիդ Լամիի հետ հանդիպմանն է բարձրացրել ՀՀ Սահմանադրության հարցը։ Նա մասնավորապես ասել է․
«Չնայած Բաքվի և Երևանի միջև բանակցություններում զգալի առաջընթացին, խաղաղ գործընթացում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն են, որոնք պահպանվում են Հայաստանի սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում»։
Արարատ Միրզոյան-Դեյվիդ Լամմի հանդիպմանը ևս մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և կարևորությունը:
«Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացով ՄԹ հետաքրքրվածության և աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում, որից կարելի է ենթադրել, որ Միրզոյանը բրիտանական կողմին կամ բացատրել, կամ ակնարկել է, որ սահմանադրական փոփոխությունները երկարատև գործընթաց են, ու թեև ՀՀ իշխանությունները նախատեսում են փոխել ՀՀ Սահմանադրությունը, փոփոխությունները հենց այս փուլում կարող են համաձայնագրի ստորագրման գործընթացը հետաձգել անորոշ ժամկետով այն դեպքում, երբ այն կարող է ստորագրվել սեղմ ժամկետներում։ Այստեղ, իհարկե, շատ կայուն կերպով նկատելի է Միացյալ Նահանգների հետ դիրքորոշումների համաձայնեցման ստվերը, նույն շտապողականությունը դրսևորում է ԱՄՆ-ը, որտեղ նախագահական ընտրապայքարի կրքերը թեժանում են և անկանխատեսելի փուլ մտնում։
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հրապարակային դաշտում միայն մեկ թեմա է՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը։
Ըստ նրա, եթե ՀՀ-ն առաջարկում է փաստաթուղթ ստորագրել հիմա, նշանակում է՝ առաջարկում է ստորագրել համաձայնագիր, որը ներառում է արդեն իսկ բանակցված հարցերը՝ միևնույն ժամանակ տպավորություն թողնելով, որ չունի դժգոհություններ կամ պահանջներ Ադրբեջանից։
«Սակայն կա մեկ այլ կարևոր հարց՝ դա այդ միջանցքի հարցն է, որին Հայաստանը դեմ էր։ Ի՞նչ որոշում կամ համաձայնություն կա այս հարցում, հայտնի չէ։ Արդյո՞ք ապաշրջափակման հարցն իր մանրամասներով ընդհանրապես լինելու է այդ համաձայնագրում՝ հայտնի չէ։ Սա, իհարկե, այն հարցն է, որը հետաքրքրում է թե հասարակություններին, թե փորձագետներին, քանի որ չկա այս հարցով որևէ պարզաբանում և փակագծերի բացում»,- ասաց վերլուծաբանը։
Նա չի բացառում, որ իրավիճակը հակամարտության գոտում կվատթարանա։
«Չնայած շատ հարցերում կոնսենսուսին, եթե Ադրբեջանը չհրաժարվի իր այս պահանջից, ապա չի բացառվում, որ հարցը սրի իրավիճակը ռեգիոնում, հատկապես, եթե Ադրբեջանը կարծես սովոր է ինչ-որ ուժային միջոցներ բանեցնելով՝ իրեն հարմար որոշումներ ստանալ։ Իրավիճակի զարգացման մի քանի սցենար կա. ներկայումս երևի թե Երևանը հույսեր է կապում արևմտյան աջակցության, ԵՄ դիտորդների ներկայության հետ և փորձում է դա առանձնացնել խաղաղության համաձայնագրից։ Արևմտյան ուժերի մեծ մասը կցանկանան, որպեսզի հենց այդպես էլ լինի՝ համաձայնագիրը ստորագրվի սեղմ ժամկետներում, սակայն Ադրբեջանին ոչ թե բուն համաձայնագիրն է հետաքրքրում, այլ դրա կետերը»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, ՌԴ-ն գործընթացից դուրս եկած կարգավիճակում է, իսկ Արևմուտքը, նկատելով Ադրբեջանի դիրքորոշման կարծրությունը, գուցե նահանջի։
Ըստ Խրամչիխինի, չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է նաև ձգել բանակցությունները՝ հասցնելով մի փուլի, երբ ԱՄՆ-ը ժամանակավորապես դուրս կլինի գործընթացից, չի կարողանա դրանով զբաղվել։
«Առաջիկայում գուցե հենց այդպես էլ լինի»,- ասաց Խրամչիխինը։
Սակայն, նրա խոսքով, դատելով լոնդոնյան հանդիպումների հաղորդագրություններից և Ադրբեջանի տարածած հաղորդագրություններից, որոնցում կան կոնկրետ մանրամասներ Ադրբեջանի պահանջի վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ այդ թեման այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմնական տարաձայնությունն է։