Ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատունն անկախության օրվան նվիրված միջոցառում կազմակերպեց Կապանում

Հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Կապանում։ Այս մասին նախօրեին հաղորդեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Հայաստանցիներն արժանի են ապրել խաղաղ և բարեկեցիկ պայմաններում։ Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման գերազանց հնարավորություն է»,- ասաց դեսպան Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։ Միջոցառումից տարածված կարճ տեսանյութում երևում է դեսպան Քվինի բաժակաճառը, նա բաժակ է բարձրացնում հայ-ամերիկյան և ԱՄՆ-Սյունիք համագործակցության համար։

Դեսպանության հաղորդմամբ, Սյունիքում դեսպան Քվինը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննության առնելու հայ-ամերիկյան համագործակցության խորացման հնարավոր ուղիները և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և բարեկեցությանը։

Դեսպանը նաև ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։ Հաջորդիվ նա հանդիպել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։

Կարդացեք նաև

Պարեկային ծառայությանը տրամադրվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։

Կապանում դեսպան Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ լսելու նրանց ընթացիկ կարիքների մասին և տեղեկանալու իրենց նոր հանգրվաններում Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված աջակցության մասին։

Կապանում դեսպան Քվինը նաև փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրել  Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանի հետ՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական համագործակցության վերաբերյալ։ Դեսպանը նաև զրուցել է ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի անգլերենի դասընթացի մասնակիցների հետ։

Սյունիքում դեսպան Քվինի հաջորդ կանգառն ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադում էր, որը վերականգնվող էներգիայի առաջատար արտադրողներից է և տարեկան կտրվածքով ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 12-15 տոկոսը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սա ԱՄՆ դեսպանի առաջին այցը չէ Սյունիք։

Ավելին, Հայաստանի այս մարզի նկատմամբ աճել է ՀՀ գործընկեր բոլոր երկրների ուշադրությունը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԵՄ, ԱՄՆ, Իրան, Հնդկաստան։ Հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի և Ֆրանսիայի դեսպանները հաճախակի են լինում Սյունիքի մարզում։

2022 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի մասնակցությամբ Իրանը գլխավոր հյուպատոսարան բացեց Կապան քաղաքում։ Նույն թվականի մայիսին Ռուսաստանը հայտարարել էր, որ նախատեսում է հյուպատոսարան բացել Սյունիքի մարզում։

Շաբաթներ առաջ ռուսական ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ պետքարտուղար, փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հայտնել էր, որ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ «Հայաստանում գլխավոր հյուպատոսություն և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել։ Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ներկայումս մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, սա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- նշել էր փոխնախարարը։

Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։

«Մենք դա ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- հստակեցրել էր փոխնախարարը։

Ի դեպ, ռուսական կողմը պայքարում է նաև Ստեփանակերտ քաղաքում հյուպատոսարան բացելու համար, որի համար բանակցում է ադրբեջանական կողմի հետ։

2023 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ևս հայտարարել էր Սյունիքում հյուպատոսարան բացելու մասին՝ չհստակեցնելով, թե որտեղ է տեղակայվելու այն։

ԱՄՆ-ը չի հայտնել Սյունիքի մարզում հյուպատոսարան բացելու մասին, սակայն չի բացառվում, որ ԱՄՆ-ը ևս նման պլաններ ունի կամ սրանով արձանագրում է ամերիկյան շահերն աշխարհաքաղաքական նշանակություն ստացած ՀՀ այս մարզի նկատմամբ։ Չէ՞ որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, ինչպես վերջերս Հայաստանում, այնպես էլ հարավկովկասյան ռեգիոնին անդրադառնալիս՝ կարևորում է ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացը Միջին միջանցքով և Հայաստանով անցնող երթուղով։

Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են երթուղի տրամադրել Ադրբեջանից դեպի Նախիջևան, սակայն միջանցք՝ ոչ, ինչին զուգահեռ էլ՝ Ադրբեջանը պահանջում է միջանցք և հայտարարում, որ եթե ՀՀ-ն Ադրբեջանի պահանջած պայմաններով և Ադրբեջանին ցանկալի երթուղին չտրամադրի, Ադրբեջանը չի բացելու սահմանները։ Դեռևս հունիսի վերջին Օ՛Բրայենը հայտարարել էր․

«Նախագահ Ալիևի հետ մենք շատ հստակ ենք. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, որը հուսով է, որ իրեն կհարգեն՝ որպես համաշխարհային առաջնորդ, երբ կհյուրընկալի COP29-ը, այլ նաև ողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է: Այս բոլոր երկրներն աշխարհի այլ վայրեր այժմ արտահանումներն իրականացնում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, և որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն իրականացնել Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով՝ դեպի Սև ծով, իսկ մյուսը՝ հավանական շատ ավելի մեծ երթուղի, կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղության ժամանակը»:

Այս գործընթացում նա առանցքային էր համարել հենց Ադրբեջանի դերակատարությունը վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին, անդրադառնալով ԱՄՆ հռետորաբանությունում առանձնացված ԱՄՆ-Սյունիք բաղադրիչին, Սյունիքի մարզում անցկացված ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառմանը, ասաց, որ ԱՄՆ-ը այս տոնն առանձնակի շուքով նշում է յուրաքանչյուր տարի, և արդեն ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ-ի դեսպանատները ողջ աշխարհով մեկ միջոցառումներ են կազմակերպում, համերգներ, ընդունելություններ և այլն՝ դրանով շեշտելով այս տոնի կարևորությունն ամերիկացի ժողովրդի համար։ Ըստ նրա, նման միջոցառում Սյունիքի մարզում կազմակերպելու փաստը ցույց է տալիս այդ մարզի նշանակությունը Միացյալ Նահանգների համար։

«Եթե Իրանը բացել է հյուպատոսարան, Ռուսաստանը ծրագրում է, ապա, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը ևս, հաշվի առնելով հենց ՌԴ-ի ու Իրանի ներկայության փաստը, տեղում դիվանագիտական ներկայություն ապահովելու մտադրություն կունենա։ Այս մարզի նկատմամբ էլ աշխարհաքաղաքական այս հետաքրքրությունը պայմանավորված է ապագա աշխարհաքաղաքական ճանապարհներով և դրանց նկատմամբ ազդեցությամբ։ Եվ ըստ էության, այդ ռեգիոնը դառնում է մի վայր, որում բոլորը ցանկանում են ներկայություն ապահովել։ Բազմաթիվ երկրների հետաքրքրությունը միաժամանակ ցույց է տալիս նաև այն հանգամանքը, որ կա աշխարհաքաղաքական մեծ անորոշություն և ազդեցությունների պայքար այս ռեգիոնում։ Հյուպատոսական ներկայությունը պարզապես ներկայություն է, այն մեծ հարցեր չի լուծում, պարզապես հյուպատոսարաններ տեղակայելու գործընթացն աշխարհաքաղաքական մրցակցության էլեմենտի է վերածվել»,- ասաց վրացի վերլուծաբանը։

Գոգոլաշվիլիի կարծիքով, այն հանգամանքը, որ ՀՀ-ն գտնվում է ԱՄՆ շահերի գոտում, երևում է ԱՄՆ բարձրաստիճան այն հռետորաբանությունից, որը կիրառվում է, և այն այցերից, որոնք կազմակերպվում են։

«Վերջին շրջանում ռեգիոն այցելեց ԱՄՆ շուրջ երեք փոխպետքարտուղար, ռեգիոնալ երկրները հրավիրվեցին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, պետքարտուղարի կողմից կազմակերպվեց նախարարական հանդիպում, կա ամենօրյա աշխատանք հայ-ադրբեջանական գործընթացի ուղղությամբ և շատ հստակ ուղերձ, որ խաղաղություն պետք է հաստատվի, որ աշխարհաքաղաքական ճանապարհները հնարավոր դառնան։ Իսկ այդ ճանապարհները կթուլացնեն ՌԴ-ի ազդեցությունը ևս մի քանի մակարդակով»,- ասաց նա։

Նրա խոսքով, գործընկերների կողմից ապաշրջափակման հանդեպ նման մեծ հետաքրքրությունը լայն հնարավորություն է Հայաստանի Հանրապետության դիվանագիտության համար թե դեպի Արևելք, թե դեպի Արևմուտք։

Տեսանյութեր

Լրահոս