Փախուստ Սոչիից… ԿԳՄՍ փոխնախարարը, Մարգարիտա Սիմոնյանը, Ալեքսեյ Սանդիկովը, մի կաթիլ մեղրն ու մերոնց՝ «բոմժի» կարգավիճակը. Մաս 2

Երեկ 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, լինելով պատվիրակության ղեկավար, հեռացել էր Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդության փառատոնից՝ անտեր թողնելով 250 հոգանոց հայկական պատվիրակությանը: Ընդ որում, չէր տրվել ոչ մի բացատրություն, և նույնիսկ իրենց իսկ կողմից նշանակված, պատվիրակության ղեկավարի պարտականությունները Սոչիում կատարող Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանն է Արթուր Մարտիրոսյանի գլխավորած ԿԳՄՍ պատվիրակության՝ Սոչիից հեռանալուց հետո նոր իմացել այդ մասին:

Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ ամոթալի պատմությունից, երբ սեփական չհիմնավորված ամբիցիաները բավարարելու համար բախտի քմահաճույքին ու բարի մարդկանց հոգածությանն է մնացել մի ողջ պատվիրակություն, որի կազմում եղել են 23 անչափահասներ, որոնց նրանց ծնողները հավատարմագրերով հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը:

Նյութը հրապարակվելուց հետո 168.am-ի հետ կապ հաստատեց Սոչիի Երիտասարդության համաշխարհային փառատոնի՝ հայկական պատվիրակության անդամ մասնակիցներից մեկը և ներկայացրեց իրավիճակի ողջ թշվառությունը:

«Հայաստանի պատվիրակությունը Սոչիում գտնվում էր ստույգ թվով 240 հոգով, որի զգալի մասն այնտեղ է գտնվել Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ու նրանց ֆինանսավորմամբ, մի մասն էլ ԿԳՄՍՆ՝ բավականին ուշ ձևավորած հանձնաժողովի աջակցությամբ: Այդ կազմում հիմնականում երեխաներն էին, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության երիտթևի և նրանց հետ առնչություն ունեցող կազմակերպությունների երիտասարդները»,- ասաց պատվիրակության կազմում Սոչի մեկնած մասնակիցներից մեկը:

Կարդացեք նաև

Վերջինս նշեց՝ պաատվիրակության կազմում ԿԳՄՍՆ-ն ներկայացնում էին ոչ միայն փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, այլև մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ Երիտասարդության հարցերի վարչության աշխատակից, փառատոնի կազմակերպչական հարցերը համակարգող Վերոնիկա Խորասանյանը, ով նաև թիմն էր ձևավորում, պատվիրակության կազմը: Հենց ԿԳՄՍՆ-ն էլ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահին նշանակել է որպես պատվիրակության պատասխանատու: Պետք է հստակեցնել, որ Սոչիում հայկական պատվիրակությունը ղեկավարել է հենց Միքայել Մարտիրոսյանը, իսկ Արթուր Մարտիրոսյանը եղել է պատվիրակությանն ուղեկցող ղեկավար կազմը գլխավորողը:

«Փառատոնը բացվեց մարտի 1-ին, իսկ դրա հաջորդ օրն իսկ «Russia Today» միջազգային լրատվական գործակալության և «RT» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ հանդիպում էր կազմակերպված: Պատվիրակության անդամներից մեկը քաղաքական բնույթի հարց ուղղեց Մարգարիտա Սիմոնյանին՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ, ինչին ի պատասխան էլ՝ վերջինս հայտարարեց՝ եթե իրավիճակն այսպես շարունակվի, 5 տարի հետո մենք առնվազն Հայաստանի Հանրապետություն ունենալ-չունենալու խնդրի առաջ ենք կանգնելու: Հենց դրանից վիրավորված՝ ԿԳՄՍՆ ամբողջ պատվիրակությունը հետ է եկել, և որևէ մեկին, նույնիսկ իրենց ընտրած ղեկավար Միքայելին տեղյակ չեն պահել այդ մասին»,- ասաց մեզ հետ զրուցած մասնակիցը:

Ըստ նրա՝ ավելին, Միքայել Մարտիրոսյանը զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարարին, նրան տեղյակ պահել այն մասին, որ Սոչիում յուրաքանչյուր պետություն ունի իր տաղավարը, այնտեղ իր ազգային արժեքները ներկայացնելու հնարավորություն, սակայն իրենք խնդիր ունեն Ադրբեջանի պատվիրակության հետ:

«Մենք մեզ հետ տարել էինք գրքեր, կախազարդեր, հոլեր, Հայաստանը ներկայացնող զարդանախշեր, մակետներ: Ադրբեջանը նույնպես նույն բաներն էր բերել, և իրենց պատվիրակության ղեկավար կազմը ստիպում էր, որ մենք մեր տաղավարից հավաքենք մեր բերած իրերը: Ու այդ ժամանակ Միքայելը զանգեց Արթուր Մարտիրոսյանին, ասաց, որ մենք խնդիր ունենք Ադրբեջանի հետ, և միայն այդ ժամանակ տեղեկացավ, որ Արթուր Մարտիրոսյանն ու ԿԳՄՍՆ կազմն օդանավակայանում են, նեղացած են Մարգարիտա Սիմոնյանից ու հեռանում են»,- ասաց փառատոնի մասնակիցը:

Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ կազմը թերևս ո՛չ հնարավորություն, և ո՛չ էլ քաջություն չուներ՝ գալու ու պատվիրակության անդամներին տեղյակ պահելու, որ որոշում ունեն հետ գնալու:

«Չէին կարող ասել՝ եկե՛ք գնանք՝ շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Սոչի եկած երիտասարդներն իրենց պատվիրակության հետ չէին վերադառնալու: Ու ստացվեց այնպես, որ պատվիրակության ղեկավար կազմից Սոչիում մնաց միայն ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ով որևէ մասնակցի հետ անմիջական շփում չի ունեցել, ի տարբերություն մյուս երկրների պատվիրակությունների ղեկավար կազմերի, ովքեր իրենց երիտասարդների, երեխաների համար Սոչիում խնդիրներ էին լուծում, մասնակից դառնում նրանց առօրյային անգամ ամենաչնչին կազմակերպչական հարցերով: Իսկ մենք նույնիսկ տաղավարը հավաքելու, տարազ հագնելու, Արցախի դրոշ ունենալու մասով մեծ խնդիրներ ենք ունեցել Ադրբեջանի հետ, և նրանց դեմ Միքայել Մարտիրոսյանը եղել է միայնակ: Նրա կողքին միայն պատվիրակության շարքային անդամներն էին, փառատոնի մասնակիցները»,- վրդովված այդ օրերը վերհիշեց պատվիրակության անդամը:

Վերջինս շեշտեց՝ Սոչիի փառատոնի 20.000 մասնակիցների մեջ Հայաստանը միակ երկիրն է եղել, որը ողջ փառատոնի ընթացքում պատվիրակության ղեկավար կազմ չի ունեցել:

«Փառատոնին մասնակցելու իրավունք ունեին 17-35 տարեկան երիտասարդները: ԿԳՄՍՆ-ն բերել էր 23 անչափահաս: Նրանք կցված էին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Հրազդանի կառույցը ներկայացնող Արմեն Այվազյանին: Արմեն Այվազյանը ոչ մի պարտավորություն կամ պատասխանատվություն չուներ: Պարզապես ԿԳՄՍՆ ներկայացուցիչները, պատահաբար իմանալով, որ նա այնտեղ է, խնդրել են, որ անչափահասներին տիրություն անի»,- ասաց փառատոնի մասնակիցը:

Նրա խոսքով, սակայն, դա դեռ խայտառակության ավարտը չէր. ամեն բան թեժացավ, երբ դրվեց ռուսական կողմի կազմակերպած քայլերթին մասնակցելու հարցը:

Ռուսաստանի Դաշնությունը յուրաքանչյուր պետության պետական խորհրդանիշները, ազգային տարազն ու մշակույթը ներկայացնող քայլերթ է կազմակերպել: Սակայն արդեն իսկ Սոչին լքած փոխնախարարի հրահանգով, ՔՊ-ական պատգամավոր Սանդիկովի ցուցումով ամեն ինչ արվել է, որ Հայաստանի պատվիրակությունն այդ քայլերթին չմասնակցի:

«Միքայելն ասաց՝ մենք քայլերթին չենք մասնակցում, որովհետև չունենք հրավեր: Սակայն մեր պատվիրակության անդամներից մեկի բարձրացրած աղմուկից հետո Հայաստանի պատվիրակության հետ աշխատող ռուսական կողմի ներկայացուցիչ Արսենևը տրամադրեց սքրին շոթեր, որոնք փաստեցին՝ հրավեր եղել է, ճիշտ այնպիսին, ինչպիսին ստացել են մյուս երկրները: Պարզ դարձավ, որ մերոնք ստում են, և երբ Միքայելը հասկացավ, որ ամեն բան բացահայտվել է, պարզ ասաց, որ ՀՀ իշխանությունը չի ուզում, որ մենք քայլերթին մասնակցենք՝ ի նշան բողոքի՝ Մարգարիտա Սիմոնյանի հնչեցրած գնահատականների: Սակայն հայկական պատվիրակության անդամները միաբերան պնդել են, որ Մարգարիտա Սիմոնյանը պաշտոնատար անձ չէ, և նրան ասածներից վիրավորվելով՝ պատվիրակությանը լքելը կամ երկրի դրոշը քայլերթին չներկայացնելն ուղղակի անթույլատրելի է»,- ասաց հայկական պատվիրակության անդամը:

Նա նաև նշեց, որ քայլերթին մասնակցել են՝ ինչպես ԿԳՄՍՆ քվոտայով, այնպես էլ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Սոչի եկած փառատոնի մասնակիցների մեծ մասը՝ այն գիտակցությամբ, որ պետք է բարձրացնել ՀՀ դրոշը:

«ՔՊ-ական Սանդիկովը, այնտեղ ներկա լինելով, երբ մենք խնդիր ունեինք Արցախի դրոշը բարձրացնելու հետ, պնդում էր, որ Արցախի դրոշ չպետք է լինի, որ ադրբեջանցիները նեղվում են, սպառնում են սահմանային լարվածությամբ և այլն: Իրականում իրենք չէին ուզում, որ Արցախի դրոշը բարձրացվի: Անձամբ Միքայել Մարտիրոսյանն ամեն ինչ անում էր, պարտադրում էր, որ Արցախի դրոշը չբարձրանա, թեպետ Արցախի դրոշը հյուրանոցի պատուհանից, իհարկե, կախված էր»,- ասաց փառատոնի մասնակիցը:

Հարցին՝ ի՞նչ եղավ, ի վերջո, ՀՀ տաղավարի ճակատագիրը, հայկական պատվիրակության անդամն ասաց՝ այն Ադրբեջանի պահանջով չհավաքվեց իրենց ջանքերով:

«Մենք Սոչիում ներկայացրել ենք այն, ինչ ուզում էինք ներկայացնել, մասնակցել ենք երթին՝ գլուխներս բարձր, միացրել ենք ՀՀ օրհներգը, բարձր ձայնով «Էրեբունի-Երևան» «Գինի լից» երգն ենք երգել: Ընդ որում, շատ մոտ էինք Ադրբեջանի պատվիրակությանը, ու իրենք այդ ամենը լսում էին: Բացման արարողության ժամանակ 20.000 մասնակցի ներկայությամբ շատ բարձր ծածանել ենք Արցախի դրոշը»,- ասաց Սոչիի փառատոնի մասնակիցը:

Ի դեպ, փառատոնի ավարտից հետո հայկական պատվիրակության անդամներից մեկը ընդհանուր չաթում գրառում է կատարել՝ ԿԳՄՍՆ-ին ու ՀՀ քաղաքական ղեկավարությանը «շնորհակալություն» հայտնելով իրենց բառի բուն իմաստով անտեր թողնելու համար: Նա նաև շնորհակալություն էր հայտնել պատվիրակության շարքային անդամներին՝ բարձր պատասխանատվությամբ Հայաստանը ներկայացնելու համար:

Նրան պատասխանել է ՔՊ-ական Սանդիկովը՝ բնականաբար, միլիմետր անգամ չշեղվելով կուսակցության գծից:

Այդ գրառումից հետո, սակայն, 168.am-ի տեղեկություններով, Սանդիկովին շատ հստակ ասվել է, որ ինքը 10 րոպե ժամանակ ունի այն հեռացնելու համար, այլապես պատվիրակության անդամները նրան կպատասխանեն, ինչը հաստատ իր շահերից չի բխելու: Գրառումը հեռացվել է 3-4 րոպե անց:

Մեզ հետ կապ հաստատած մասնակցի խոսքով՝ Հայաստան վերադառնալուց հետո պայմանավորվածություն է եղել ԿԳՄՍՆ-ի ու պատվիրակության անդամների միջև հանդիպում կազմակերպելու, խնդիրները վեր հանելու վերաբերյալ, սակայն այդ հանդիպումն այդպես էլ չի կազմակերպվել:

«Ավելին, տեղեկություն ունենք, որ նրանց մեջ լարվածություն կա, անգամ փոքր կազմով հանդիպում է եղել, բայց թերևս ԿԳՄՍՆ-ն Միքայելի գործողություններից գոհ է, եթե նա դեռ շարունակում է լինել Պոլիտեխնիկի ուսխորհրդի ղեկավարը»,- ասաց Սոչիի փառատոնին մասնակցած հայկական պատվիրակության անդամը:

Տեսանյութեր

Լրահոս