ԱԺ կանոնակարգ-օրենքի ինչ պահանջներ է խախտել Անդրանիկ Քոչարյանը և Քննիչ հանձնաժողովը. ո՞ր դեպքում կարելի է դիմել Սահմանադրական դատարան

2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, բայց, ինչպես 168.am-ին ասել էին հանձնաժողովից, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը, հետևաբար՝ օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն՝ ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի 3-ին:

Այլ հարց է, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածում ընդամենը նշվում է՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է երկու անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ՝ երկարաձգվել մինչև վեցական ամսով»:

Բայց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որևէ խախտում չի տեսնում, որ 2023 թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն՝ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետն ավարտել են դեկտեմբերի 3-ին:

Բնականաբար, նա որևէ խախտում կամ կամայականություն չի տեսնում, որ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտից անցել է մոտ կես տարի, և զեկույցը դեռ պատրաստ չէ:

Կարդացեք նաև

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր այս փաստին, որ զեկույցի ներկայացման ժամկետների մասին խոսելիս լրատվամիջոցներում հիմնականում հիշատակվում է ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի զեկույցին վերաբերող 25-րդ հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»:

Մինչդեռ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտին վերաբերող հոդված 26-ը սահմանում է.

«1Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են`

1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.

2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:

Այսինքն, որքան էլ այստեղ Անդրանիկ Քոչարյանը մանևրելու տեղ փորձի գտնել, որ զեկույցը դեռ չի մտել ԱԺ, ուրեմն իրենք դեռ իրավունք ունեն ինչ-ինչ գործողությունների, զեկույցի կազմման գործընթացը ձգձգելու և այլն, ըստ էության, կարող ենք ասել, որ զեկույցի կազմման գործընթացը պետք է տեղի ունենար հանձնաժողովին տրամադրված լիազորությունների ժամկետում:

«Ֆակտորի» հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը զեկույցի ներկայացման ուշացումը պատճառաբանել է հետևյալով.

«Զեկույցն ավարտական փուլում է: Կարելի է ասել, որ ամբողջ նյութերն առկա են, և զեկույցն ավարտված է, ընդամենը տեխնիկական աշխատանքներ են իրականացվում՝ զեկույցի մասեր բաժանելով, համակարգելով: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո ամենն արդեն ավարտված կհամարենք»:

Սա, ըստ էության, աբսուրդային հիմնավորում է, ինչի հետ համամիտ է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը: Մասնավորապես, 168.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց.

«Ընդհանրապես տեղյակ չեմ Քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցից, որովհետև որևէ ակնկալիք չունեմ, որ բովանդակային որևէ լուրջ բան կլինի, եթե անգամ զեկույցը վերջնականապես հրապարակվի:

Ինչ վերաբերում է զեկույցը պատրաստելու տեխնիկական մեթոդներին կամ աշխատանքին, հասկանում ես, որ համակարգիչը փչացել է, ֆայլերը կորել են: Իրականում խորքային խնդիր է, որ Քննիչ հանձնաժողովն իր ձևաչափով և աշխատաձևով ուղղակի չի կարողացել արդյունքի հասնել: Այս դեպքում «արդյունքը» պետք է լիներ իշխանությունների՝ 44-օրյա պատերազմի պատասխանատվության սրբագրումը»:

Հուլիսի 1-ին ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կամա թե ակամա մի ճիշտ բան էր ասել, եթե ոչ խոստովանություն՝ «ԶՈւ-ի և անվտանգության ինստիտուտների աշխատանքը կախված է նաև համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից»:

Այո, ԶՈՒ աշխատանքը կախված է ուժային և ոչ ուժային այլ ինստիտուտների աշխատանքից, ի վերջո, պատերազմը վարում է պետությունը: Որքանով է այս հարցը Քննիչ հանձնաժողովի կողմից քննության առնվել, ինչու է պարտության մեղքը միայն բանակի վրա դրվում, ինչու դիվանագիտական կորպուսը պարտության համար պատասխան չի տալիս, երբ, ինչպես 2023 թվականի հունիսին իր տարածած հայտարարության մեջ նշեց ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, «դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Կամ՝ ինչու Քննիչ հանձնաժողով չեն կանչվել ուժային մյուս կառույցների ղեկավարները՝ ՀՀ և Արցախի ԱԱԾ ղեկավարները, Ոստիկանության ղեկավարները, հատկապես, երբ իրենց աշխատակիցներից կազմված խմբեր ևս մասնակցել են պատերազմին, ինչո՞ւ չէ՝ Ռազմական ոստիկանության ղեկավարը:

168.am-ն այս հարցին մեկ անգամ չէ, որ անդրադարձել է՝ 44-օրյա պատերազմում առանցքային դեմքեր, կարևոր դիրք զբաղեցնող անձինք Քննիչ հանձնաժողով չեն կանչվել: Այլ հարց է, թե նրանց տված պարզաբանումները որքանով կփոխեին իրավիճակը՝ պարտության համար Նիկոլ Փաշինյանի և այլ կարևոր ֆիգուրների պատասխանատվություն կրելու առումով:

«Ի սկզբանե այս ձևաչափով, այս պայմաններում, երբ պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարումն իրականացրած քաղաքական ուժը պետք է քննություն տանի, ընդունելի չէր, չկար հանրային վստահություն, ուստի մատնանշել, որ ինչ-որ մեկ-երկու առանցքային դեմքեր պետք է հարցաքննվեին, որևէ էական բան չէր փոխելու: Քննիչ հանձնաժողով պիտի ձևավորվի այն ժամանակ, երբ այս քաղաքական ուժը չի լինի իշխանության, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս համապարփակ և օբյեկտիվ քննություն ու եզրակացություն անել»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Իսկ «Ֆակտորի» հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նաև նշել է, որ երբ զեկույցը պատրաստ լինի և համապատասխան մարմինները կգտնեն գործողությունների, անգործությունների մասով ստուգման անհրաժեշտություն, որոնք կարող են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել, անպայման կստուգվեն դրանք ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

«Ստուգման արդյունքներին էլ պետք է դրանից հետո սպասել, կանխավ հետևություններ անելը տեղին չէ այս պահին»,- շեշտել է ՔՊ-ական պատգամավորը:

Ի տարբերություն Խաչատրյանի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շտապել էր 44-օրյա պատերազմում պարտության մեղավորներ հռչակել, այդ թվում՝ մեղադրական սլաքը տանելով դեպի «հրթիռների գործ», ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան:

Մասնավորապես, 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմում պարտության համատեքստում անդրադարձել էր դատական պրոցեսում գտնվող «անորակ հրթիռների» գործին և նշել.

«Ես առանց փակագծեր բացելու՝ ասում եմ ինչ-որ բաներ սպառազինության ձեռքբերման առումով: Դատական պրոցես է գնում, և պաշտպանական գերատեսչության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են նստած, մի մասը գրավով ազատվեց: Անորակ զենքերի ձեռքբերման, հրթիռների մասին է, որով անցնում է ԳՇ պետի նախկին տեղակալը, ԳՇ նախկին պետը, Պաշտպանության նախկին նախարարը: Դատական պրոցես է գնում, չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց մենք երբ մեկ ձեռքբերման մանրամասն ուսումնասիրություններ կատարեցինք, կարծում եմ, երբ որ եզրակացությունը կներկայացնեմ, մեր հանրությունը կհասկանա՝ մենք ինչի պարտվեցինք»:

Դրանից օրեր առաջ էլ Factor-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ «մենք ունեինք սպառազինության սխալ ձեռքբերումներ, իմիջիայլոց, Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ես ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին»:

Իսկ Դավիթ Տոնոյանն արձագանքելով Անդրանիկ Քոչարյանի Հանրային հեռուստաընկերության եթերում վերևում հիշատակված հայտարարությանը, հիշեցրել էր, որ ««անորակ հրթիռների» գործով դատավճիռ դեռևս չի կայացվել»:

«Ուստի, հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները»,– ասել էր նա։

Այս համատեքստում հավելենք, որ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ «Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»:

Հենց այս հոդվածին հղում տալով էր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասում, թե ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին չեն կարող հրավիրել հարցաքննության: Կարո՞ղ ենք ասել, որ գործ ունենք ընտրողականության հետ սահմանադրական օրենքի պահանջը կատարելիս:

Ի դեպ, ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ «սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պայմաններից որևէ մեկը խախտելը հիմք է, Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Սահմանադրական դատարան դիմելու համար»:

Այստեղից հարց՝ եթե հիմնավորվի, որ կա օրենքի խախտում, ինչը, ըստ էության, արձանագրել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ, կարո՞ղ է որևէ մեկը կամ հենց Տոնոյանը դիմել Սահմանադրական դատարան: Սպասենք 44-օրյայի զեկույցին և դեպքերի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս