Երբ են ավարտված համարվում Քննիչ հանձնաժողովի լիազորությունները. արդյո՞ք զեկույցի պատրաստ չլինելը սահմանադրական օրենքի խախտում չէ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրացել է 2023 թվականի դեկտեմբերի 3-ին, թեպետ, իրականում այն ավարտվել էր նոյեմբերի 3-ին, բայց, ինչպես 168.am-ին ասել էին հանձնաժողովից, «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելիս հաշվի չի առնվել օրենքով սահմանված ամենամյա ԱԺ արձակուրդը, հետևաբար, օրենքով սահմանված կարգով, ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սույն թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն կավարտվեն սույն թվականի դեկտեմբերի 3-ին»:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը սահմանադրության խախտում էր արձանագրել:
Ավելին, ՀՀ իշխանությունները, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, համարում են, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը դեկտեմբերի 3-ին ավարտվել է զուտ հարցաքննությունների առումով: Իրականում այստեղ ևս խնդիր կա, ինչը մնում է աննկատ: Եվ լրատվամիջոցներում հիմնականում հիշատակվում է ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի զեկույցին վերաբերող 25-րդ հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»:
Մինչդեռ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտին վերաբերող հոդված 26-ը սահմանում է.
«1. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են`
1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.
2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:
Եվ որքան էլ այստեղ Անդրանիկ Քոչարյանը մանևրելու տեղ փորձի գտնել, որ զեկույցը դեռ չի մտել ԱԺ, ուրեմն իրենք դեռ իրավունք ունեն ինչ-ինչ գործողությունների, զեկույցի կազմման գործընթացը ձգձգելու և այլն: Բայց, ըստ էության, կարող ենք ասել, որ զեկույցի կազմման գործընթացը պետք է տեղի ունենար հանձնաժողովին տրամադրված լիազորությունների ժամկետում: Թե չէ ի՞նչ է ստացվում՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո մի քանի ամիս էլ զեկո՞ւյց է գրվելու: Իհարկե, սա, այսպես ասած, միակ խախտումը չէ:
ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի գործունեության սահմանափակումներին վերաբերող հոդված 23-ը սահմանում է, որ «քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով», մինչդեռ 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմում պարտության համատեքստում անդրադարձել էր դատական պրոցեսում գտնվող «անորակ հրթիռների» գործին և նշել.
«Ես առանց փակագծեր բացելու՝ ասում եմ ինչ-որ բաներ սպառազինության ձեռքբերման առումով: Դատական պրոցես է գնում, և պաշտպանական գերատեսչության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են նստած, մի մասը գրավով ազատվեց: Անորակ զենքերի ձեռքբերման, հրթիռների մասին է, որով անցնում է ԳՇ պետի նախկին տեղակալը, ԳՇ նախկին պետը, Պաշտպանության նախկին նախարարը: Դատական պրոցես է գնում, չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց մենք երբ մեկ ձեռքբերման մանրամասն ուսումնասիրություններ կատարեցինք, կարծում եմ, երբ որ եզրակացությունը կներկայացնեմ, մեր հանրությունը կհասկանա՝ մենք ինչի պարտվեցինք»:
Իսկ օրեր առաջ էլ Factor-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ «մենք ունեինք սպառազինության սխալ ձեռքբերումներ, իմիջիայլոց, Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ես ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին»:
Նշենք, որ 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի ղեկավարը չէր գաղտնազերծել, թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է խոսքը, այլ սահմանափակվել էր՝ ասելով, որ «սպառազինությունների վերաբերյալ հարցադրումների պատասխանները ներառված կլինեն վերոնշյալ զեկույցի մեջ»: Արդյո՞ք այս դեպքում գործ չունենք նախնական փուլում գտնվող որևէ հարցի հետ, եթե ոչ, ապա պետք է հասկանալ՝ որքանով է օրինական այս փուլում դատախազություն հավաքագրված տեղեկությունների փաթեթ ուղարկելը:
Իսկ անցած տարվա նոյեմբերին ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, ով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ է և գաղտնիության հասանելիություն ունի, 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի նյութերն Անդրանիկ Քոչարյանը որոշել է դարձնել անձնական սեփականություն:
«Քննիչ հանձնաժողովի ողջ նյութերի պահպանման համար ԱԺ աշխատակազմում կա հատուկ բաժին, սակայն, որքան էլ տարօրինակ է, Անդրանիկ Քոչարյանը որոշել է այն դարձնել անձնական սեփականություն»,- շեշտել էր նա:
Ի դեպ, 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մինչև իր հիմնական խոսքը կամ հարցուպատասխանը, հետաքրքրվել էր՝ արդյո՞ք փաստաբանական խմբին թույլ է տրվելու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի արձանագրություններին իր մասով, ինչին Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան էր տվել՝ «քանի որ դատական պրոցես է լինելու, և փաստաբանական խումբը կարող է դիմել, և դատարանի որոշումով հանձնաժողովի նյութերը կարող են հասանելի դառնալ իրենց համար»:
Սրանից հետո Դավիթ Տոնոյանը պարզաբանել էր.
«Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»:
Այսինքն, Դավիթ Տոնոյանը չէ՞ր բացառել 44-օրյա պատերազմի համատեքստում իր դեմ նոր քրեական գործի հարուցումը, կամ իրեն ուղղված ինչ-ինչ մեղադրական սլաքները, ինչի ականատեսը, ըստ էության, ինչ-որ առումով տեսանք այս օրերին Քոչարյանի հարցազրույցներում:
Ի դեպ, ավելի ուշ Տոնոյանն ակնարկել էր, որ իր ենթագիտակցությունը հուշում է՝ հրթիռների գործը ևս 2020 թվականի համատեքստում է իր դեմ հարուցված:
«Լավ գիտեմ՝ ինչի համար եմ կալանավորված՝ պատերազմի արդյունքի, ոչ թե նրա, ինչը ձևակերպված է»,- շեշտել էր նա:
Իսկ թե Տոնոյանը դիմե՞լ է իր մասով քննիչ հանձնաժողովի արձանագրություններին ծանոթանալու համար, և ի՞նչ պատասխան են ստացել, այս պահին հայտնի չէ, կփորձենք ավելի ուշ ճշտել:
Իսկ մինչ այդ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պետք է արագացնի զեկույցի ամփոփումը և գոնե թույլատրելի հատվածը հասանելի դարձնի հանրությանը: