ԱՄՆ-ը Հարավային Կովկասում խաղադրույք է կատարում ոչ թե Փաշինյանի, այլ Ալիևի վրա՞
ԱՄՆ-ը պետքարտուղար Բլինքենի մակարդակով ճանաչում է Հարավային Կովկասում Ադրբեջանի «առանցքային դերն» ապագա ռեգիոնալ գործընթացներում և սպասում ռեգիոնալ-տրանսռեգիոնալ կապուղիների բացմանը։
Մինչ տևական ժամանակ ՀՀ իշխանություններն իրենց հակառուսական հռետորաբանությանը համահունչ փորձում էին ապացուցել, թե Հայաստանից Զանգեզուրի միջանցք է պահանջում Ռուսաստանը, ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման հարցը՝ այսպես կոչված, Միջին միջանցքի վրա շեշտադրությամբ, որի մաս պետք է լինի, ըստ այդ ծրագրի, նաև ճանապարհի հայկական՝ Ադրբեջանը Թուրքիային կապող հատվածը, հաստատուն կերպով հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական ձևակերպումներում։ Ընդ որում, ամերիկացի դիվանագետների համար, դատելով դիվանագիտական շաշտեադրումներից, կարևոր չէ խաղաղության կնքման պայմանները, այդ պայմաններով այդ, այսպես կոչված, տևական խաղաղության իրական հնարավորությունը, այլ համաձայնագրի կնքման և ապա ռեգիոնալ և տրանստարածաշրջանային հաղորդուղիների բացման հարցը։
«Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանն արտակարգ հնարավորություն ունեն խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- այս մասին Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, շարունակելով, թե դա տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, Հարավի և Հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման առումով հսկայական հնարավորություններ կստեղծի։ Բլինքենը գտնում է, որ Ադրբեջանը պետք է առանցքային դեր խաղա այս ամենում։ Մենք ինտենսիվ դիվանագիտական ջանքեր ենք ներդրել՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին։ Այս հարցով մենք սերտորեն համակարգել ենք ԵՄ-ի հետ։
«Կարծում եմ՝ սա հատկապես հիմա իսկապես հասանելի է: Դրա մասին խոսել եմ ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերին»,- ասել է Բլինքենը։
Մինչ այս, գտնվելով Բաքվում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը ևս խոսել էր Ադրբեջանի առանցքային դերակատարությունից։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում հայտարարել էր, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կենտրոնական դեր է խաղացել Ադրբեջանը: Իսկ ավելի վաղ Կոնգրեսում լսումների ժամանակ Օ՛Բրայենն ասել էր, որ ԱՄՆ–ի նպատակն է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով: Օ’Բրայենը նշել էր, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով, և խնդիրը «լուծելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։
Իրենց վերջին հրապարակային խոսքերում Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները փաստորեն Հարավային Կովկասը խաղադրույքները կատարում են ոչ թե արևմտյան ինտեգրացիայի ուղի բռնած ՀՀ իշխանությունների, այլ իբրև թե չեզոք արտաքին քաղաքականություն վարող Ալիևի վրա։
Ուշագրավ է, իհարկե, այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը նման դերակատարություն չի վերագրում Փաշինյանի իշխանությանը, որի ջանքերով Հարավային Կովկասում և ՀՀ-ում ՌԴ դիրքերն էականորեն թուլացել են։ Եվ, ըստ էության, այս ուղղությամբ գլխավոր քայլերը դեռ առջևում են, խոսքը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ՀՀ-ի ելքի ու ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին է ՀՀ արևմտականացման պաշտոնական գործընթացը սկսելու նպատակով։
Ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում փորձեց մեկնաբանել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Ըստ նրա, խաղադրույքն այս փուլում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի վրա տրամաբանական է թվում, քանի որ ՀՀ-ն իր կողմից գործընթացի համար Արևմուտքին անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնում է, ուստի ԱՄՆ-ը սկսում է գրավել Ադրբեջանին՝ փորձելով սիրաշահել, հրավիրելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարելով Ադրբեջանի առանցքային դերակատարության մասին։
Նրա խոսքով, հայ-ադրբեջանական ուղղության կարևորությունն ԱՄՆ-ի համար այս փուլում թերագնահատելը բարդ է, քանի որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն Վրաստանի ուղղությամբ նոր խնդիրների են բախվել, որը կարող է երկարատև համակարգում պահանջել։
«Իսկ Հայաստան-Ադրբեջան գործընթացը, նրանց կարծիքով, գտնվում է եզրափակիչ փուլում, և արագացնելով այս գործընթացը և հետո ճանապարհների, միջանցքների բացումը՝ Արևմտյան շահագրգիռ կողմերը կնվազեցնեն Ռուսաստանի ու Իրանի, Չինաստանի ազդեցությունը։ Հենց այդ պատճառով Իրանի առաջարկն Ադրբեջանին՝ հասնել Նախիջևան իրանական տարածքով, շարունակություն չունեցավ, քանի որ չստացավ Արևմուտքի հավանությունը։ Բնականաբար, հայկական տարբերակին ԱՄՆ-ը կողմ է և աշխատում է այս ուղղությամբ։ Սակայն մինչ սա ամեն բան կախված է համաձայնագրի ստորագրումից։
ԱՄՆ-ը կցանկանա դա արագացնել, քանի որ ԱՄՆ նախագահական ընտրություններն աշնանը կարող են անակնկալ մատուցել և խառնել աշխարհաքաղաքական «քարտերը»՝ լիովին փոխելով պրոցեսների ընթացքը»,- նման կանխատեսում արեց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ քիչ չեն այն հարցերը, որոնք կախված են Թուրքիայի քաղաքականությունից։ «Ներկայումս տեսնում ենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում առկա տարաձայնությունները սկսում են հրապարակային դաշտ դուրս գալ, ՌԴ իշխանությունները սկսում են բարձրաձայնել այդ խնդիրները։ Լավրովը հայտարարեց, որ ԲՐԻՔՍ-ը ժամանակավորապես կասեցնում է ընդլայնումը և նոր երկրների ներառումը։ Դա ազդանշան էր Բելգրադին, սակայն ես կարծում եմ, որ նաև Թուրքիային, որը վերջերս ցանկություն հայտնեց միանալ այս կառույցին, և այդ հարցը դարձավ լայն քննարկումների առարկա Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում։ Եվ ներկայումս Լավրովը հայտարարում է, որ ընդլայնում ներկայումս չի լինելու, այսինքն՝ Թուրքիայի հավակնությունը մնում է օդում կախված, և սա ենթադրում է առաջիկայում ուշագրավ զարգացումներ ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան բանակցություններում։ Դրանց ելքն ուղիղ կապ է ունենալու հարավկովկասյան զարգացումների հետ, քանի որ ԱՄՆ-ը խաղադրույք է կատարում նաև Թուրքիայի վրա այս պրոյեկտներում»,- ասաց Նադեին-Ռաևսկին։