Սա գիտության փոշիացում է. Պարտադիր չէ ինչ-որ բան ստեղծելու համար քանդել տասնամյակներ շարունակ իրեն արդարացրած գիտական համակարգը. Վիկտոր Կատվալյան

Հատկապես այս տարվա սկզբից ակտիվ քննարկումներ սկսեց Հայաստանի բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման հարցով, որը դեռևս 2023-ի կեսերից արդեն ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ էր դրել, իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի 2022 թ. որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առանձնացվել էին բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման 6 ուղղություններ:

Այս տարի, երբ մամուլը սկսեց ավելի ակտիվ լուսաբանել իշխանության այս որոշումը, գիտական ինստիտուտների ու որոշ բուհերի ղեկավարներ հայտարարեցին, որ դեմ են  միավորմանը և ըստ նախատեսած ուղղությունների դասակարգմանը, քանի որ ներկայիս վիճակով այդ կենտրոններն ավելի արդյունավետ են աշխատում։ Այս տարի ապրիլին հայտարարությամբ հանդես եկավ նաև Գիտությունների ազգային ակադեմիան, մասնավորապես շեշտելով, որ «ՀՀ-ում ժամանակակից չափանիշներին համապատասխան բուհեր ձևավորելու/հիմնադրելու միջոցառումները պետք է մի կողմից միտված լինեն նոր ձևավորվող բուհերում ժամանակակից գիտահետազոտական միջավայր ապահովելուն ու գիտության արդի պահանջներին համապատասխան գիտակրթական գործառույթներ կազմակերպելուն, մյուս կողմից պետք է պահպանվեն ու զարգացվեն Հայաստանի գիտական ավանդույթները և նպաստեն միջազգային գիտական/գիտատեխնիկական տարածքում մեր գիտական կազմակերպությունների ձեռքբերումների և ուրույն տեղի պահպանմանն ու զարգացմանը»:

Տարվա առաջին ամիսներին բարձր աղմուկից հետո, հիմա կարծես լռություն է, համենայն դեպս,  գործընթացի առնչությամբ քննարկումներ  տեղի չեն ունենում, իսկ եթե անգամ տեղի են ունենում, ապա, այսպես ասենք, ընդհատակում:

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը նշեց, թե հիմնավորապես տեղյակ չեն, թե այսօր ի՞նչ է կատարվում և առհասարակ այդ ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունն ինչ է անում։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ ինչ-որ քննարկումներ լինում են,  քանի որ մենք կտրականապես դեմ ենք որևէ միավորման, որովհետև ակադեմիական ինստիտուտները պետք է մնան ակադեմիայի համակարգում։ Եթե իրենք ցանկանում են բարեփոխումներ իրականացնել, ապա ասեմ՝ ակադեմիայի համակարգում գործընթացներ են տեղի ունենում՝ բարեփոխման ուղղությամբ։ Լավ է, երբ գիտությունը զարգացնում են ակադեմիական համակարգում, ակադեմիայի ինստիտուտներում»,- նշեց Վիկտոր Կատվալյանը։

Իհարկե, մեր զրուցակիցն ասաց՝ որոշակի տեղեկություններ ունի, որ ինչ-որ քննարկումներ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն անցկացնում է։

«Ինձ հասած լուրերի համաձայն, ասել են՝ անկախ քննարկումներից, միևնույն է, այդ միավորումները տեղի են ունենալու։ Տեղյակ եմ, որ ամբողջ ակադեմիական համակարգը դեմ է այդ մեխանիկական միավորումներին, և կարծում եմ՝ ակադեմիան պետք է մնա իբրև առանձին համակարգ, որը կնպաստի կրթական, բուհական համակարգի զարգացմանը, բայց առանց նրա կազմում տարրալուծվելու։ Մենք դեմ չենք գործակցությանը, կարծում ենք, որ գիտությունը կարող է զարգանալ բազմաբևեռ, այսինքն՝ զուգահեռ ձևերով կարող են այդ գործընթացը կազմակերպել։ Պարտադիր չէ ինչ-որ բան ստեղծելու առիթով քանդել տասնամյակներ շարունակ իրեն արդարացրած գիտական կայուն համակարգը։ Այն այսօր էլ շատ լավ գիտական արտադրանք է տալիս։

Բացեիբաց մեզ հետ հանդիպումների չեն գալիս, չեն փորձում լսել մեր կարծիքը և ընդունել այն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց, որ սխալ է՝ գիտական տարբեր հաստատություններ տանել ու խցկել տարբեր բուհերի կազմ, սա կնշանակի գիտության փոշիացում։

Պրոֆեսորի կարծիքով՝ այս ամենի հիմքում սխալ ընկալում է ընկած, իբրև թե փորձում են մերձեցնել գիտությունը ու կրթությունը, կարծես թե նրանք իրարից հեռու են։

«Գիտությունն ու կրթությունը շատ սերտ համագործակցում են, և որևէ խնդիր չկա՝ այդ համագործակցությունն արդյունավետ կազմակերպելու համար նման քայլի դիմել։ Վախենամ, որ այստեղ մեր կարծիքը հաշվի չեն առնի ու միավորումը կիրականացնեն։ Եթե պատկան մարմիններն իսկապես ուզում են ունենալ գիտության զարգացում, նրանք պետք է պահպանեն ակադեմիան, հակառակ դեպքում ես չգիտեմ, թե նրանք ինչ նպատակ ունեն»,- եզրափակեց Վիկտոր Կատվալյանը։

Հիշեցնենք՝ օպտիմալացման արդյունքում Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Այս ուղղություններից մեկի՝ «Դասական» ուղղության մեջ կմիավորվեն Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան։

Տեսանյութեր

Լրահոս