Բաժիններ՝

Փորձառական հնչյունաբանության նոր լաբորատորիա. կրիմինալիստիկայում կարող ենք ձայնի, արտասանության նույնականացում կատարել. Վիկտոր Կատվալյան

Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը փորձառական հնչյունաբանության նոր լաբորատորիա ունի:

ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի փոխանցմամբ՝ լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որի նպատակն է՝ փորձառական եղանակով կատարել հնչյունաբանական հետազոտություններ:

«Խոսքում հնչյուններն արտասանվում են, բայց յուրաքանչյուր դիրքում հնչյունը հանդես է բերում յուրահատկություններ: Հնչյունները միմյանց վրա փոխադարձ ազդեցություններ են կրում: Նույն հնչյունը բոլոր դիրքերում նույնը չէ, և մենք խնդիր ունենք ուսումնասիրել գրական լեզվի դիրքային տարբերակները: Բացի այդ, լաբորատորիան թույլ կտա, որպեսզի ուսումնասիրենք խոսակցական լեզվի հնչյունական առանձնահատկությունները, բարբառների հնչյունական յուրահատկությունները, ինչը շատ կարևոր է: Մենք բարբառներում ունենք բազմաթիվ հնչյուններ, որոնք այս կամ այն հնչյունի տարբերակներն են, բայց յուրահատուկ դրսևորումներ են, որոնցով բնութագրվում է տվյալ բարբառը: Ունենք հնչյունական օրենքներ, որոնք կարելի է ստուգել, պարզաբանել, բացատրել՝ փորձառական հետազոտություն կատարելով: Օրինակ, Բայազետի բարբառում բառասկզբում ունենք «օ» շրթնային ձայնավորը, և առանց փորձառական ուսումնասիրության հասկացել են, որ պայմանավորված է դիրքի լարվածությամբ, բայց անհրաժեշտ է նաև այդ իրողությունը հաստատել փորձառական տվյալներով: Բացի այդ, մենք կարող ենք օգտակար լինել տարբեր խնդիրների լուծման հարցում, օրինակ՝ Կրիմինալիստիկայի պարագայում. մենք կարող ենք ձայնի, արտասանության նույնականացում կատարել, եթե դա անհրաժեշտ է դատաիրավական համակարգին»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Վիկտոր Կատվալյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ լաբորատորիան կարող է նպաստել նաև խոսքի ավտոմատ ճանաչմանը:

«Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել փորձառական հնչյունաբանության եղանակներով, և այդ իմաստով կարևոր է հանրապետությունում ունենալ գոնե մեկ լաբորատորիա, և մեզ հաջողվեց ԳԱԱ դրամաշնորհով ունենալ այն: Ի դեպ, ես և Գայանե Գրիգորյանը փորձառական հնչյունաբանության լավագույն մասնագետ Ամալյա Խաչատրյանի վերջին ասպիրանտներն էինք, ու քանի կանք, պետք է մեր ուժերն օգտագործենք, որպեսզի այդ թելը չկտրվի, կարողանանք մասնագետներ պատրաստել: Իսկ մասնագետ պատրաստել՝ առանց այդ լաբորատորիայի, հնարավոր չէ: Սա աշխարհում զարգացած գիտաճյուղ է, իսկ մենք շատ հետ ենք մնացել: Լաբորատորիա ունեինք անցյալ դարի 70-80-ական թվականներին, բայց բազմաթիվ հեղաբեկումների հետևանքով այդ լաբորատորիան վաղուց չկա: Նշեմ, որ լաբորատորիան կոչեցինք Ամալյա Խաչատրյանի անունով, ով, կարելի է ասել, ՀՀ-ում փորձառական հնչյունաբանության հիմնադիրն է: Ճիշտ է, փորձառական առաջին աշխատանքները կատարել է Հրաչյա Աճառյանը՝ Ֆրանսիայից, բայց Հայաստանում լաբորատորիա հիմնադրել և երկար ժամանակ փորձեր կատարել է Ամալյա Խաչատրյանը»,- ասաց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը:

Նա ընդգծեց, որ համագործակցում են շատ բուհերի հետ, ավելին, առաջարկել են ուսանողներին բերել լաբորատորիա՝ փորձեր կատարելու:

Տեսանյութեր

Լրահոս