Իշխանությունը, որի համար «Կրթվելը նորաձև է», 5 տոկոսով կրճատել է Լեզվի ինստիտուտի ֆինանսավորումը

Տևական ժամանակ է՝ Գիտությունների ազգային ակադեմիան անորոշության մեջ է, քանի որ նախատեսված է ԳԱԱ ինստիտուտները միավորել բուհերի հետ։

Այս ամենը նախատեսված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով. առաջարկը ներկայացրել է Կառավարությունը։ Չնայած ԳԱԱ ակադեմիկոսներն արդեն արտահայտել են իրենց կարծիքը՝ անթույլատրելի համարելով միավորումը, սակայն Կառավարությունը շարունակում է առաջ տանել իր առաջարկը։

Ըստ այդ օրենքի նախագծի, ԳԱԱ ինստիտուտներից մեկը՝ Հրաչյա  Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ևս պետք է միավորվի բուհերի կազմում։ Լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանն ասաց, որ այս հարցի վերաբերյալ որևէ նորություն չկա։

«Նույն վիճակն է, գործընթացն ինչպես կար, այդպես էլ մնացել է, լավ է, որ այդպես է։ Ըստ երևույթին սպասում են, որ այդ օրենքն ընդունվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիկտոր Կատվալյանը։

Կարդացեք նաև

Նա փոխանցեց, որ այս տարվա սկզբին Լեզվի ինստիտուտում և այլ ինստիտուտներում 5 տոկոսով կրճատվել է ֆինանսական միջոցների տրամադրումը՝ պատճառաբանությամբ, թե միջազգային գիտաչափական շտեմարանների հանդեսներում քիչ հոդվածներ են եղել։

«Գիտությամբ զբաղվելը չի նշանակում պարտադիր միջազգային հանդեսներում հոդված ունենալ, մենք գրում ենք հայ հասարակության համար, մեր թիրախը հայությունն է, մենք պետք է հայերեն գրենք։ Դրա համար մենք շարունակել ենք գրել հայերեն, բայց իրենց պահանջները հաշվի առնելով՝ մարդիկ սկսել են գրել նաև օտար լեզուներով։ Իհարկե, վատ չէ օտար հրապարակումներ ունենալը, միջազգային ասպարեզում հանդես գալը, բայց սա պետք է լինի ոչ թե իբրև պատժամիջոց, այլ նման երևույթը պետք է խրախուսվեր։ Սա ավելի լավ արդյունք կտա, քան պատժամիջոցներ կիրառելը»,- շեշտեց Վիկտոր Կատվալյանը։

Ըստ նրա, այս մասնագիտությունն այնպիսին է, որ հաճախ լինում են բաներ, որոնք առհասարակ դրսին կարող են չհետաքրքրել։

«Նախ, պետք էր մի քանի նախապատրաստական շրջան անցնել, մարդկանց տրամադրել, ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ունենային հրապարակումներ, հետո միայն այդ պահանջները խստորեն կիրառեին։ Իրենք շտապեցին, պահանջներն ավելի շուտ սկսեցին կիրառել, քան հանրությունը կարող էր պատրաստ լինել այդ ամենին։

Դրանից զատ, մեր հրապարակումները տարեցտարի ավելանում են, ինստիտուտից շատերն ունեն հրապարակումներ։ Շատ դեպքերում այդ հրապարակումները վճարովի են, երբեմն հոդվածն ուղարկում ես ու պետք է 1-1,5 տարի սպասես՝ մինչև պատասխանը գա, պատասխանը գալուց հետո խմբագրական աշխատանքներ են պահանջվում, այդ ամենը տևում է 2 տարի»,- շեշտեց պրոֆեսորը։

Նա ևս մեկ անգամ կրկնեց՝ իրենց հիմնական նպատակը դրսում տպագրվելը չէ, այլ հայագիտության զարգացումը և այդ զարգացումը պետք է լինի հայերենով, որովհետև այն հայության համար է։

«Դրա համար մենք շարունակելու ենք ստեղծագործել մեր լեզվով, բայց չենք մերժում, որ պետք է ունենանք օտար լեզուներով հրապարակումներ։ Ջանում ենք դա էլ անել, դժվար է, բայց ի՞նչ արած։

Ֆինանսների կրճատումն ազդել է մեր ինստիտուտի վրա, որովհետև մենք ստիպված եղանք մարդկանց աշխատանքից ազատել, դրույքաչափեր փոխել, պետք է այնպես անեինք, որ կարողանայինք տեղավորվել այդ ֆինանսավորման շրջանակներում»,- ասաց Վիկտոր Կատվալյանը։

Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը մշտապես հայտարարում են, թե Հայաստանը գումարի խնդիր չունի, հետևաբար՝ ինչո՞ւ են որոշել կրճատել հենց գիտության ֆինանսավորումը՝ հարցին Վիկտոր Կատվալյանը դժվարացավ պատասխանել, նշելով՝ հարցի հասցեատերն ինքը չէ։

Տեսանյութեր

Լրահոս