«Կտրականապես դեմ ենք որևէ մեկի հետ միավորվելուն, լեզվի ինստիտուտը պետք է մնա ԳԱԱ կազմում». Վիկտոր Կատվալյան
Տևական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ իշխանությունները պատրաստվում են օպտիմալացնել հայաստանյան բուհերն ու գիտական ինստիտուտները։
Ըստ այդ հրապարակումների՝ Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Այս ուղղություններից մեկի՝ «Դասական» ուղղության մեջ կմիավորվեն Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանն ասաց, որ մամուլի հրապարակումներում հանդիպել է ոչ թե «միավորում», այլ «ինտեգրում» բառը։ Հետևաբար, եթե պետք է բուհերն ինտեգրեն, դրան դեմ չեն, քանի որ ինտեգրում ասելով՝ հասկանում են գործակցություն, համագործակցություն, աջակցություն, համատեղ ծրագրերի իրականացնում, փոխգործակցություն։
«Այնտեղ խոսքը կարծես թե վերաբերում է նրան, որ պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, որպեսզի քննարկեն ինտեգրման հարցերն ու խնդիրները։ Մեզ այս հարցերը, իհարկե, շատ են մտահոգում, մենք փետրվարի 15-ին մեր կարծիքը սրա վերաբերյալ հայտնել ենք՝ գրություն էինք ստացել, որ մինչև փետրվարի 15-ը ներկայացնենք մեր կարծիքն այդ գործընթացների վերաբերյալ։
Մեր կարծիքով, օրինակ, եթե ակադեմիական քաղաքի գաղափարը խելամիտ ձևով օգտագործենք՝ կարող է աշխատել՝ իբրև զուգահեռ այլընտրանքային կառույց։ Միայն թե այնպես չլինի, որ այդ կառույցի ստեղծումը դառնա մեկ այլ շատ կարևոր կառույցի տարրալուծման, փակման պատճառ»,- նշեց Վիկտոր Կատվալյանը։
Պրոֆեսորի խոսքով՝ գիտխորհրդով, ընդհանուր ժողովով իրենց կարծիքը հայտնել են, ըստ որի՝ ԳԱԱ-ն շատ կարևոր արժեք է Հայաստանի համար, գիտության զարգացման հիմնական կառույցն է, որը պետք է պահպանել ու ավելի զարգացնել, հզորացնել։
«Մենք մեր կարծիքում նաև հայտնել ենք, որ Լեզվի ինստիտուտը տեսնում ենք միայն Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում։ Թող ստեղծեն ակադեմիական քաղաք, ինչ ուզում են՝ թող անեն, բայց այն կարգավիճակը, որը մենք այժմ ունենք՝ լավագույնն է լեզվաբանական գիտության զարգացման համար։ Մեր գիտությունը՝ հայ լեզվաբանությունը, այսօր համատեղ գոյություն ունի, և մեկ հաստատության շրջանակում հետազոտվում են լեզվի բոլոր ուղղությունները։ Աշխարհում այդպիսի բան չկա, որ հայոց լեզուն միատեղ ուսումնասիրվի՝ մեկ հաստատության մեջ իր բոլոր դրսևորումներով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Այս համատեքստում պրոֆեսորը նաև ընդգծեց՝ երբ ուսումնասիրվում է լեզվի պատմությունը, հնարավոր չէ այն չզուգադրել արդի հայերենի, բարբառային, կիրառական կամ ընդհանուր լեզվաբանական իրողությունների հետ։ Ուստի կարգավիճակը, որում այսօր գտնվում է Լեզվի ինստիտուտը՝ հրաշալի է, քանի որ ունեն լավ պայմաններ։ Պարզապես պատկան մարմինները պետք է այնպես անեն, որ եղած պայմաններն ավելի բարելավվեն, որպեսզի Լեզվի ինստիտուտը կարողանա ավելի լավ ու արդյունավետ աշխատել։
«Եթե խնդիրն ավելի արդյունավետ աշխատելն է, ապա կարելի է գտնել հազար ու մի եղանակ՝ եղած կառույցներում այդ ամենն անելու համար։ Բայց եղած կառույցները տրոհել, տարանջատել, բաժանել ու տարրալուծել, չեմ կարծում, որ նման մոտեցումը կարող է դրական հետևանքներ ունենալ։
Կտրականապես դեմ ենք որևէ մեկի հետ միավորվելուն՝ մեր ինստիտուտը պետք է մնա ԳԱԱ կազմում, իսկ ԳԱԱ-ն պետք է շարունակի իր գործունեությունը»,- ընդգծեց Վիկտոր Կատվալյանը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները հաշվի կառնեն իրենց ուղարկած կարծիքը գործընթացի վերաբերյալ.
«Եթե խելամիտ լինեն՝ հաշվի կառնեն, եթե հաշվի չառնեն, ուրեմն…»։