
Ի՞նչ կապ կա Սաշա Կատվալյանի հիմնարկի ցախավելների ձեռքբերման համար հայտարարված աճուրդի ու ԱԽՔ-ի անունից ուղարկված ծաղկեպսակի միջև

Սաշա Կատվալյանի ղեկավարած ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն» իր կարիքների համար դեռ ապրիլի 22-ին ցախավելների ձեռքբերման նպատակով հայտարարված էլեկտրոնային աճուրդի հրավեր էր հանրայնացրել։ Աճուրդին մասնակցելու հայտ են ներկայացրել «Սոպրանո գրուպ» ՍՊԸ-ն և «Աննա Մարգարյան» ԱՁ-ն։
Այս սովորական աճուրդը չէր արժանանա մեր ուշադրությանը, եթե «Սոպրանո գրուպ» ընկերության «ապրանքի նկարագրություն» էլեկտրոնային թղթապանակը չլիներ դատարկ, իսկ հավելվածների համար նախատեսված zip ֆայլում չհայտնաբերեինք ծաղկեպսակի լուսանկար, որը ոչ ավել, ոչ պակաս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի անունից էր։ Նշենք՝ այս ֆայլում սովորաբար լինում են բանկային երաշխիքները հավաստող փաստաթղթեր, կտրոններ, լիազորագրեր։ Իսկ թե ինչո՞ւ է այդ էլեկտրոնային թղթապանակում ներբեռնվել Արմեն Գրիգորյանի անունից պատվիրված այս ծաղկեպսակի լուսանկարը՝ պարզ չէ։
Ի դեպ, ցախավելների ձեռքբերման համար աճուրդում հայտ ներկայացրած այս ընկերությունը մինչ այդ հիմնականում մատակարարել է տեխնիկա։ «Սոպրանո գրուպը», որն ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ իր գործունեությունը մեկնարկել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերից, և որի միակ բաժնետերը Դանիել Դանիելյանն է, 2025 թվականից սկսած՝ էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով արդեն հասցրել է 10 պայմանագիր կնքել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, Թալինի և Ծաղկաձորի համայնքապետարանների, ՀՀ Ներքին գործերի նախարարության և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ՝ մատակարարելով բեռնատարի անիվներ, համակարգչային տերմինալներ, պրոյեկտոր, սալօջախ, փոշեկուլ, խաղասարքեր, կենցաղային տեխնիկա, դեկորատիվ ծառեր։
Իսկ ցախավելների մատակարարման հարցերին 168․am-ը պարբերաբար անդրադարձել է, հատկապես, երբ ԵԱՍՄ-ի հիմնական մատակարարներից մեկը՝ Արթուր Անանյանը, նշել էր, որ Սաշա Կատվալյանի պաշտոնավարումից հետո իր համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, ապա ահազանգել՝ Սաշա Կատվալյանին փոխկապակցված անձինք են նաև մասնակցում պետգնումների մրցույթներին։