Նիկոլ, կոթողը կարող է լինել կիսաքանդ, պետական ինստիտուտը՝ ոչ. բանակը պետական ինստիտուտ է

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը նոյեմբերի 3-ի փոխարեն ավարտվել էր 2023 թվականի դեկտեմբերի 3-ին: Անցել է մոտ 6 ամիս՝ հունիս ամիսն է ավարտվում, սակայն 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը պատրաստ չէ ներկայացման, արձակուրդներն էլ մոտենում են: Այսպես ասած, օրենքից դուրս, հանձնաժողովի ժամկետը երրորդ անգամ երկարաձգվել է:

ԱԺ կանոնակարգ-օրենքի` Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտին վերաբերող հոդված 26-ը սահմանում է.

«1Քննիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են`

1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.

Կարդացեք նաև

2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը»:

Եվ որքան էլ այստեղ Անդրանիկ Քոչարյանը մանևրելու տեղ փորձի գտնել, որ զեկույցը դեռ չի մտել ԱԺ, ուրեմն իրենք դեռ իրավունք ունեն ինչ-ինչ գործողությունների, զեկույցի կազմման գործընթացը ձգձգելու և այլն, բայց, ըստ էության, կարող ենք ասել, որ զեկույցի կազմման գործընթացը պետք է տեղի ունենար հանձնաժողովին տրամադրված լիազորությունների ժամկետում: Թե չէ ի՞նչ է ստացվում՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո մի կես տարի էլ կամ գուցե ավելի զեկո՞ւյց է գրվելու: Այս թեմային դեռ առանձին հերթական անգամ անդրադառնալու ենք:

Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը շարունակում է 44-օրյայի պարտության նոր պատճառներ ձևակերպել, ուղղությունը և թիրախը նույնն է՝ բանակը:

Մասնավորապես, հունիսի 19-ին Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Տեսե՛ք, մենք սրբացրինք մեր բանակը, և ինչի՞ հասանք: Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, հանկարծ չքննադատեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Բայց բոլորս միևնույն ժամանակ իմացել ենք, թե էդ կոթողի պատերից ներս ինչ ա տեղի ունենում: Սուտ կասեն բոլոր էն մարդիկ, ովքեր կասեն՝ չէ, մենք չգիտեինք, որ տենց ա: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ էդ սրբությանը: Եվ տեղ-տեղ, որտեղ այլ վերաբերմունք ցուցաբերելու փորձ ա եղել, մենք բոլորով հարձակվել ենք, լռեցրել ենք, պատառոտել ենք, գցել էն կողմ»:

Այս հայտարարությանը շատ թռուցիկ անդրադարձել ենք և նշել, որ այստեղ իրականում խոսքը բացարձակ նրա մասին չէ, ինչի մասին փորձ է արվում տպավորություն ստեղծել, և, որ այստեղ բավականին վտանգավոր հետին մտքեր կան:

Բայց, եթե մի պահ ընդունենք, որ Փաշինյանի ասածը վերաբերում է նրան, որ բանակի հասցեին պիտի լինեն նաև առողջ քննադատություններ, ապա նախ հիշենք, թե ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին: Եվ այսպես.

ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ մտցվեցին տեղեկատվական ոլորտում, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում, Կառավարության համապատասխան որոշման հավելվածում, մասնավորապես, նշված էր

«Հայաստանում և Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը: Սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»։

Այս առնչությամբ ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ և համացանցում տեղեկացնելով դրա մասին՝ որոշ թեզեր ներկայացրել իր դիրքորոշման մասին:

«1. Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն ամրագրում է:

Ռազմական դրության պայմաններում պետությունը պետք է ունենա կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ու բավարար սահմանափակումներ ամրագրելու հնարավորություն՝ բացառելու համար տեղեկատվական հոսքերի հարցում վտանգներն ու սպառնալիքները, ռազմական դրության պայմաններում առավել արդյունավետ պաշտպանելու համար մարդկանց իրավունքները:

2. Մյուս կողմից, սահմանափակումները պետք է ամրագրվեն հստակ կանոններով, ունենան բարձր աստիճանի կոնկրետություն և բացառեն որևէ տեսակի անորոշություն: Այս պահանջն ունի հիմնարար կարևորություն, քանի որ վերաբերում է ոչ միայն Հայաստանում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու լրագրողներին, այլ նաև բոլոր քաղաքացիներին առհասարակ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ սահմանափակումները խախտելու համար կոնկրետ դեպքում վարչական վարույթներն ու տուգանքները չպետք է դառնան անհամաչափ միջամտություն մարդու իրավունքներին կամ լրատվական գործունեություն իրականացնողների մասնագիտական աշխատանքին»:

Իրականությունը ցույց տվեց, որ այս սահմանափակումները ոչ թե նրա համար էին, որ բանակին, մարտական գործողություններին վնաս չհասցվեին, այլ, որ հանրությունը չիմանա ճշմարտությունը, որովհետև այս սահմանափակումների հեղինակ իշխանությունը դրանք չէր տարածում իրենց մերձակա շրջապատի, պաշտոնյաների, պատգամավորների վրա, որոնք ֆեյսբուքյան գրառումներ էին անում պատերազմի թեժ օրերին, իհարկե, դրանք հետո երբեմն ջնջում էին, բայց դրանց մի մասն արդեն տարածված էին լինում:

Ավելին, պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, հրապարակվում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ նա նախապես հրապարակայնացրել էր ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանները:

Իհարկե, սա Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի ընթացքում գաղտնիության տարրեր պարունակող տեղեկության հրապարակայնացման միակ փորձը չէր, ինչի մասին 168.am-ը ծավալուն ուսումնասիրությունների շարք էր ներկայացրել:

168.amգրել էր նաև 44-օրյա տեղեկատվական պատերազմում պարտության մեղսակիցների մասին, որոնք տեղեկատվական և քարոզչական ֆոն էին ապահովում 2020 թվականի պատերազմի ընթացքում՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո: Իհարկե, բանակին պետք էր բարոյահոգեբանական համապատասխան տրամադրվածություն հաղորդել: Այո, քարոզչական պատերազմը ենթադրում է երկու առաքելություն՝ գաղտնի պահել «ոչ պետքական» ինֆորմացիան, տարածել «պետքականը», որը միշտ չէ, որ սուտ է: Բայց հարց է՝ 44-օրյայի դեպքում ինչ համադրություն ապահովվեց:

Ի դեպ, Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել էր՝ «պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը»։

Մի առիթով ինձ հետ զրույցում էլ նկատել էր, որ «անհող ոգևորությունից հաղթանակներ չեն ծնվում, սա է պատերազմի օրենքը…»:

Պատերազմական քարոզչության մասնագետ Ռուդոլֆ Զուլցմանն իր «Քարոզչությունը՝ որպես զենք պատերազմում» գրքում նշում է՝ «պրոպագանդիստները պետք է հասկանան և միշտ հիշեն, որ սեփական ժողովրդի բարոյական ոգին բարձրացնելու նպատակով և հակառակորդի դիմադրության կամքը թուլացնելու խնդիր հետապնդող քարոզչությունների միջև մեծ տարբերություն կա»:

Որքանով թուլացավ հակառակորդի դիմադրության կամքը 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում Ֆեյսբուքը հասանելի չէր, ֆեյսբուքյան մեսենջերի աշխատանքի խափանումներ կային, մարտական գործողությունների վայրից ցանկացած տեղեկություն արգելափակվում էր, նվազագույնի էր հասցված հակառակորդ կողմի քարոզչական ինֆորմացիայի տարածումը:

2023 թվականի հունիսին 28-ին իր տարածած հայտարարության մեջ մեր այս դիտարկումները հաստատել էր նաև 2020 թվականի պատերազմի օրերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, մասնավորապես, նշելով.

«Համացանցից օգտվելու սահմանափակումներ չմտցնելու պատճառով հակառակորդին հաջողվեց բարձր արդյունավետությամբ իրականացնել հոգեբանական օպերացիա և ազդել ՀՀ և Արցախի ազգաբնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա` թուլացնելով դիմադրություն ցուցաբերելու կամքը»:

Այնուհետև նա անդրադարձել էր հակասական տեղեկատվության ստացմանը:

«Պարզաբանելով Արցախի նախագահի և իմ կողմից վարչապետին պարբերաբար հակասական տեղեկություններ ներկայացնելու հանգամանքները, պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր. Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ, և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և նախագահը, և տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ, շրջանցելով ՊԲ հրամանատարությանը: Դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ, և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար»,- մանրամասնել էր նա:

Այսինքն, կառավարման համակարգը նաև այս առումով 2020 թվականի պատերազմի ընթացքում ձախողվել էր, թերևս, նաև կազմակերպված անկազմակերպվածության սկզբունքի տրամաբանության մեջ:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 44-օրյայի պարտություններից մեկն այն է, որ բանակը սրբացվել է, մինչդեռ ԱԽ նիստերում ԳՇ-ն հստակ ներկայացրել է իրականությունը, մեր ռեսուրսները, սպասվելիք հետևանքները, բայց չենք ցանկացել դա ի գիտություն ընդունել և շարունակել ենք դավադրական ոգևորություն հաղորդել ժողովրդին: Այսինքն, պատերազմական օրենքների սահմանում թույլատրելի չափաբաժնով ժողովրդին չենք ներկայացրել մարտի դաշտում տիրող իրականությունը, ուստիև ելքը շատերի համար շոկային էր: Եվ ոչինչ, որ պատերազմի առաջին օրը հանրությանը պատրաստել էինք պարտության:

Մյուս կողմից բանակի սրբացումը պատերազմի պարտություն համարող Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին իմանալով, որ պատերազմ է սկսվելու, 2020-ի սեպտեմբերի 25-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել էր` «հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Այս միտքը Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կրկնում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Իսկ սեպտեմբերի 26-ին, երբ արդեն ռադիոկլանման միջոցով Փաշինյանը տեղեկություն ուներ պատերազմը սկսելու մասին, նրա ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված է.

«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։

…Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։

….Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։

Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանրությունից թաքցրել է պատերազմի վտանգը, այլև սկսած հուլիսյան մարտերից՝ համոզել է, որ իրենց՝ խաղաղության համար ձեռք բերված սպառազինությամբ կարող են հաղթել, որ մեր բանակն ի զորու է հաղթել, և միայն պատերազմից հետո իշխանությունները հիշեցին ուժային բալանսի մասին: Ավելին, 44-օրյայից առաջ շեշտադրված քարոզչություն չի տարվել, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, թեպետ այդ մասին նրան զգուշացրել են պատերազմից առաջ, այդ հարցը քննարկվել է ԱԽ նիստում, և ինքն էլ ընդունել է այդ փաստը: Պատերազմի կոնտեքստում այսօրինակ փաստերի շարքը կարելի է շարունակել, որ դիտավորյալ թույլ չի տրվել պատերազմի որոշակի փուլում լրատվամիջոցներն ասեն թույլատրելի ճշմարտությունը: Եվ այս քաղաքականությունը շարունակվել է նաև հետո և առ այսօր:

Ինչու չի հրապարակվում արդեն գաղտնազերծված ԱԽ հայտնի նիստը, գուցե Օնիկ Գասպարյանը ստո՞ւմ է, ինչպես իշխանություններն են ասում:

Ինչու Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց Դավիթ Տոնոյանի հետ հրապարակային հարցաքննության քննիչ հանձնաժողովում, թող «պատռվեր» սրբացված բանակի դեմքը:

Ինչու, չնայած ի սկզբանե ներկայացված պահանջներին, դռնբաց չեղան «հրթիռների գործով» դատական նիստերը: Կրկնում ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի ասածը չի վերաբերում բանակի նկատմամբ առողջ քննադատությանը, առկա խնդիրների վեր հանմանը: Նա ասում է՝ բանակը չպետք է սրբացնել, և այդ տրամաբանության մեջ իշխանափոխությունից հետո լծված է բանակի վարկաբեկմանը, գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հանրայնացմանը, բայց որին զուգահեռ՝ թաքցվել են ճշմարտությունները:

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք խախտվել է ավանդույթը, երբ ամեն հունվարի 28-ին ՊՆ-ում տարեկան հաշվետու ասուլիս էր լինում, երբ լարված ժամանակափուլերում պաշտպանության նախարարները, ԳՇ պետերն ասուլիսներ էին տալիս և ներկայացնում իրողությունը: Իշխանափոխությունից հետո եղած զորավարժություններին էլ լրագրողները ներկա չեն գտնվում, երբեմնի հաճախականությամբ դիրքեր չեն գնում, հարցազրույցներ չեն վերցնում ռազմական ղեկավարությունից: Դավիթ Տոնոյանից հետո ոչ մի պաշտպանության նախարար լրագրողների հարցերին հրապարակային չի պատասխանել, Սուրեն Պապիկյանի հետ էլ ընդամենը մեկ փակ քննարկում է եղել:

Իսկ այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել և ունենում, իսկ լրագրողները մինչև հիմա չգիտեն՝ քանի դիրք ենք հանձնել, վերափոխել Տավուշում: Այսինքն, այսօր նույնիսկ չգիտենք, թե Փաշինյանի ասած՝ այդ «կոթողի պատերի ներսում» ինչ է կատարվում: Հաշվեք, թե քանի հասարակական կազմակերպություն կար նախկին իշխանությունների օրոք՝ բանակի դեմ աշխատող, կամ առկա խնդիրների, դեպքերի մասին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խոսող, և քանիսը՝ այսօր: Գուցե որոշակի կարծրատիպեր եղել են, բայց առողջ քննադատությունն է նաև ընդունվել:

Հենց լրատվամիջոցի շնորհիվ է բացահայտվել հայտնի «Գոմեշի մսի մատակարարման» պատմությունը: Իսկ այսօր ռազմական փորձագետներն ու լրագրողները չգիտեն՝ սպառազինության մատակարարման մասին շրջանառվող տեղեկությունների ո՞ր մասն է ճիշտ: Ավելին, հունվարի 25-ի կառավարության նիստում հաստատվել է պետական գաղտնիքի շարքին դասվող և զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Հիմա ո՞վ է իրականությունից կտրված ներկայացնում բանակը: Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ բանակն իրենք վարկաբեկեն, որ այն չդիտարկվի սրբություն, մյուս կողմից՝ գովերգություններ լինեն իրենց հասցեին՝ ինչեր են անում բանակի համար, զուգահեռ՝ հեռու պահելով ոչ իշխանական մասնագետներին և ռազմական վերլուծություններ գրողներին բանակի «խոհանոցից»: Ավելին, իշխանության ներկայացուցիչները սրերով են ընդունում ընդդիմադիր պատգամավորների առողջ դիտարկումները՝ բանակին և անվտանգությանն առնչվող:

Իսկ բանակի վարկաբեկումը շարունակվում է, և այն նոր թափ կարող է ստանալ՝ կանխատեսվող նոր ագրեսիայից առաջ, որովհետև Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է բանակի բարոյահոգեբանական անկումը և հանրությանը տրամադրելը, որ ունենք անկարող բանակ, որ իրենք փորձել են զինել բանակը, բայց «օբյեկտիվ» պատճառներով չեն հասցրել և այլն: Հասկանալի է, չէ՞, տրամաբանությունը:

Ի դեպ, սրանով Փաշինյանը «պադստավկա» է անում ՀՀ պաշտպանության նախարարությանը: Նիկոլ Փաշինյանը որոշեց Կիրանցի դեպքերի ֆոնին գեներալական կոչումներ շնորհել՝ լավ իմանալով դրա արձագանքը, և դեռ հարց է՝ Սուրեն Պապիկյանը որքանով է համաձայն եղել դրա հետ: Եվ երբ հանրությունը բուռն և տարատեսակ որակումներով արձագանքեց սրան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ անթույլատրելի համարելով գեներալների և զինվորականության վարկաբեկումը, ավելին, սպառնացին դատի տալ:

Հիմա Նիկոլ Փաշինյանն արձագանքում է՝ մի սրբացրեք բանակը, մի կոթողացրեք բանակը, որովհետև ինքը հո լավ գիտի՝ ինչ կա այդ կոթողի պատերի ներսում, ովքեր կան… Բայց Փաշինյանը մոռանում է՝ բանակը միայն իրեն հնազանդ զինվորականները չեն, այն առաջին հերթին սահմանը պահող զինվորն ու հրամանատարն է: Բանակը, այո, տաճար չէ, կոթող չէ, այն երկրի անվտանգության ապահովման կարևոր ինստիտուտներից է, ողնաշարը, զսպանակը, առանց որի չի կարող գոյություն ունենալ պետությունը… Ի դեպ, կոթողը կարող է «չքայլել» ժամանակակից անվտանգության մարտահրավերներին համընթաց, նրա համար բավական է՝ մնալ այնպես, ինչպես կա՝ թեկուզ կիսաքանդ, պետական ինստիտուտի և երկրի ողնաշարի դեպքում նման բան չի կարող լինել… Հետևությունները թողնում եմ ձեզ…

Տեսանյութեր

Լրահոս