ՀԱՊԿ-ից Հայաստանը հանել չեն կարող, որովհետև այլ տեղ տանել չեն կարող. Գրիգոր Բալասանյան
Թեև մոտ մեկ ամիս առաջ է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այցելել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի, բայց միայն օրերս Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են, և ինքը չի այցելի Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի նախագահն է Լուկաշենկոն։
Փաշինյանի այս հայտարարությունից հետո Երևանն ու Մինսկը ետ կանչեցին իրենց դեսպաններին, ինչից հետո Բելառուսի ԱԳՆ-ից տարածվեց հայտարարություն, որում ասված էր.
«Հայ ժողովրդին անկեղծորեն մաղթում ենք ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»:
Սրան անմիջապես հաջորդեց ՀՀ ԱԳՆ-ի բողոքի նոտան՝ հետևյալ բովանդակությամբ.
«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-բելառուսական լարված հարաբերությունների մասին, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը խորհուրդ տվեց ուշադրությամբ դիտարկել այն ժամանակաշրջանը, երբ բարձրաձայնվեց Բելառուսի նախագահից Հայաստանի ղեկավարի դժգոհության մասին՝ ընդգծելով՝ ընտրված ժամանակաշրջանը պատահական չէ Հայաստանին իրենց կամքը թելադրող այլ կենտրոնների համար։
«Փաշինյանի հայտարարությունը պայմանավորված է պահի թելադրանքով և կապ ունի Հայաստան հաճախակիացած եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ։ ԱՄՆ-ը, Բելառուսի ղեկավարության հետ կապված՝ ունի խնդիրներ։ Ուկրաինայով չկարողացան խնդիր լուծել, հիմա Հայաստանին են մտցնում խաղի մեջ, որովհետև Արևմուտքը Լուկաշենկոյի հետ ունի խնդիր, որն ուզում են լուծել Հայաստանի հաշվին»,- ասաց Բալասանյանը։
Ինչ վերաբերում է հայ-բելառուսական լարված հարաբերությունների ֆոնին Politico ամերիկյան հանդեսի հրապարակման վերաթարմացմանը, Բալասանյանը նշեց, որ հոդվածը շատ ավելի վաղ է գրվել, այս օրերին դրա վերաթարմացումը հայ-բելառուսական լարված հարաբերություններն է՛լ ավելի սրելու նպատակով է։
Նշենք, որ Politico ամերիկյան հանդեսի հրապարակման համաձայն՝ Բելառուսն Ադրբեջանին գաղտնի զենք է վաճառել։ Թերթի տրամադրության տակ գտնվող արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ Բելառուսի բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններին Ադրբեջանի համար նախատեսված նորագույն հրետանու թիրախային սարքավորումների պատվերներ են իջեցվել։
Բալասանյանն այս գործարքի վերաբերյալ նկատեց՝ Հայաստանը զենք գնելու համար թող դիմեր, Հայաստանին վաճառեին։
Ինչ վերաբերում է Փաշինյանի ակնարկներին ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ապա Բալասանյանն ընդգծեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գա առաջին հերթին նրա համար, որ այլ անվտանգային համակարգ մտնել ուղղակի չի կարող։
«Որոշումներ կայացնելիս չեն կարող հաշվի չառնել տարածաշրջանի հեգեմոն երկրների կարծիքը. Իրանի և Ռուսաստանի կարծիքը Հայաստանի՝ այլ անվտանգային համակարգի միանալու հարցում հնարավոր չէ անտեսել: Անտեսումը կբերի հակազդեցության»,- ասաց միջազգայնագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.