«2009թ. եմ հասկացել, թե ինչ աստիճանի տիեզերական տականք և սուտասան է Փաշինյանը, դրա համար եմ խզել կապը նրա հետ». Տիգրան Աթանեսյան

Երեկ Բաղրամյան պողոտայում  տեղակայված ոստիկանական մեծաթիվ ուժերը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  մասնակիցների ուղղությամբ կիրառեցին լուսաձայնային նռնակներ, որի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից մեկը կորցրել է ձեռքի մատները։

Ըստ ԱՆ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ բուժօգնության դիմել է 101 անձ։ Բողոքի ակցիայի և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից հետո, բերման են ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացի։ Տուժել են նաև հոգևորականներ։

Երեկ այն պահին, երբ ոստիկանությունը քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ էր կիրառում, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում էր պատգամավորների հարցերին։

Այսօր արդեն խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա։

Կարդացեք նաև

«Ոստիկանների հակազդեցությունը տեղի է ունեցել իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- շեշտեց նա։

168.am հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ոստիկանների գործողությունները Բաղրամյան պողոտայում միանշանակ իրավաչափ չեն եղել, որևէ մեկը որևէ պետական շենքի վրա գրոհելու մտադրություն չի ունեցել, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

«Այդ գործողությունները կապված են Նիկոլ Փաշինյանի և իշխանության վախի հետ, որ ասում են՝ խփեք, հարվածեք։ Սրանք սարսափած են իշխանությունը կորցնելուց և ամեն ինչի ունակ են։ Կրկնում եմ՝ իրավաչափության մասին խոսք լինել չի կարող, որպեսզի լինի իրավաչափ, պետք է խաղաղ ցուցարարները ներկայացնեին համապատասխան վտանգ, բայց ակցիայի մասնակիցները որևէ վտանգ չեն ներկայացրել»,- նշեց Տիգրան Աթանեսյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նմանատիպ դեպքերում ոստիկանությունը կրկին գործելու է նույն կերպ, մեր զրուցակիցը հակադարձեց՝ ՀՀ-ում իշխանությունը զավթել է ազգային և պետական դավաճանը։

«Կարծում եմ՝ նրա ցանկացած գործողություն՝ գործողություն է՝ ուղղված հայոց պետականության պաշտպանության համար մղվող դիմադրությանը։

Ի դեպ, ես սրա մասին վաղուց եմ ասել՝ 3-4 տարի առաջ։ Չեմ կարծում, որ խաղաղ ճանապարհով ազգային ու պետական դավաճանը կարող է իշխանությունը տալ ինչ-որ մեկին՝ բացառվում է»,- շեշտեց Տիգրան Աթանեսյանը։

Հարցին՝ եթե պետությունը ներկայացնող անձն այդպես է վերաբերվում ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիների նկատմամբ, նրանց իրավունքները ո՞վ պետք է պաշտպանի, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ նախևառաջ նրանց իրավունքներով պետք է զբաղվի ՄԻՊ-ը, նաև պետք է լինեն քրեական վարույթներ, սակայն սա ֆորմալ կողմն է, քանի որ նրանք Նիկոլ Փաշինյանի գործիքն են։ Հետևաբար, այդ քաղաքացիները որևէ պաշտպանություն պետության կողմից չեն ունենալու։

Հաջորդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հռչակել է «Ժողովրդավարության բաստիոն», այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բնորո՞շ է ժողովրդավարական երկրներին, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց.

«Խնդրում եմ՝ իմ պատասխանն ամբողջությամբ ներկայացնեք։ Ես 2009 թվականին եմ հասկացել, թե ինչ աստիճանի տիեզերական տականք է Նիկոլ Փաշինյանը, և դրա համար եմ խզել իմ կապը նրա հետ։ Նա սուտ է  խոսում ամեն ինչում, նա նույնիսկ բարևելուց է ստում։ Նա տիեզերական սուտասան է»։

 

Տեսանյութեր

Լրահոս