Մարտի 1-ի արյան պատասխանատուն Փաշինյանն էր՝ որպես ցուցարար, երեկ թափված արյան պատասխանատուն նույնպես Փաշինյանն է՝ որպես իշխանություն. Մամիջանյան
Բագրատ սրբազանի հորդորով այսօր վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ակցիա է իրականացնում Կառավարության շենքի մոտ, թեև ավելւ ուշ հայտնի դարձավ, որ Կառավարության նիստը չի կայանալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնելու է բյուջեի կատարողականը։
Երեկ երեկոյան Բագրատ սրբազանի հնչեցրած կոչից հետո այսօր բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել Կառավարության շենքի մոտ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
«Լավ, իշխանությունն իր համար այդքան քա՞ղցր է, որ դրա համար կարելի է մարդու ձեռք խեղել, մարդկանց ճակատագրեր խեղել։
Ես չգիտեմ՝ ինքը երբ է հեռանալու՝ կարող է վաղը, կարող է մի ժամից, կարող է՝ ավելի ուշ, բայց այս ամենի համար ինքը պատասխան է տալու, պատասխան են տալու իր մանկլավիկները։
Աշխարհում չկա այնպիսի իշխանություն, որի համար կարելի է այսպիսի բաներ անել։ Ես սա հարյուր անգամ եմ ասել, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյան է, ինքը երեկ դա ապացուցեց։ Ապացուցեց, որ իր համար ո՛չ հայրենիքն է էական, ո՛չ մարդիկ, իր համար աթոռն է հետաքրքիր։ Ինքը սոսնձվել է այդ աթոռին, բայց ոչինչ՝ կպոկենք, վաղ թե ուշ կպոկենք»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ըստ Հայկ Մամիջանյանի, հայտնի խոսքն ասում է՝ իշխանությունից հրաժարվելու համար, պետք է իշխանությունից թանկ բան ունենաս, սակայն Նիկոլ Փաշինյանն իշխանությունից թանկ բան չունի և երբեք չի ունեցել։
«Այստեղ արդեն բնազդային վախն էլ չէ, այլ ամեն գնով իշխանությունը՝ որպես գործիք, որպես գերնպատակ պահելն է։ Չնայած ինչի՞ վրա ենք զարմանում, մարդը մի քանի հազար հայ զինվոր է զոհել, ես խոսում եմ 2020 թվականի հոկտեմբերի 17-19-ից հետո եղած զոհերի մասին, միայն նրա համար, որպեսզի իրեն դավաճան չասեն։
Այսինքն՝ քաղաքական դիվիդենտի համար ինքը մի քանի հազար զոհ է տվել։ Ակնհայտ է, որ իր իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի։ Բայց ինքը լավ չի ճանաչում հային, մեր ժողովրդին ինքը լավ չի ճանաչում ու իր երեկվա արածի համար շատ երկար է պատասխան տալու։ Բոլոր նրանք, ովքեր հանդգնեցին դա արդարացնել, տարբեր եթերներում, տարբեր ստատուսներով՝ շատ են ամաչելու ու փոշմանեն իրենց ասածների համար»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Նա անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ տեղի ունեցած բախումը շատ է չափազանցվում։ Հայկ Մամիջանյանը նրան հրավիրեց պտտվելու այն հիվանդանոցներում, որտեղ բուժվում են վիրավորում ստացած քաղաքացիները, եթե, իհարկե, ԱԺ նախագահը կհանդգնի։
«Սրբազանը Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին բեմին չի հանել, ինչ-որ շոու ծրագրեր, համբուրվող զույգեր…, մի խոսքով՝ պատանի գունավոր հեղափոխություն անողի նոթաթետրի բոլոր կետերը չի արել։ Մենք արդարությամբ ու ճշմարտությամբ կհաղթենք»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանը հրահրեց, արյունը նրա ձեռքերին է՝ զոհերի համար պատասխանատուն նա է, որպես ցույցի կազմակերպիչ։
«Երեկ տեղի ունեցածի արյունն իր ձեռքերին է, որպես այսպես կոչված՝ իշխանություն։ Երեկ տեղի է ունեցել նույն գործողությունը, որի համար պատասխանատվությունը կրում է նա»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում