Պատերազմ՝ հանուն խաղաղության

2020 թվականի ողբերգական պատերազմի ավարտից 4 տարի անց Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ: Ոչ թե ուղղակի ցանկանում է, այլ դրա համար պատրաստ է և դիմում է բոլոր հնարավոր ու անպատկերացնելի նվաստացումների՝ համաձայնելով կատարել Ադրբեջանի/Թուրքիայի, իրենց շահերի բերումով վերջիններիս պաշտպանող բազմաթիվ այլ երկրների պահանջները։ Բայց հենց ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է, որ այդ պայմանագիրը կնքելուց հետո էլ ինքը չի կարող երաշխավորել, որ նոր պատերազմ չի լինի:

Այս ճանապահին, սակայն, կա մի խոչընդոտ․ հայ հասարակության ստվար զանգվածը դեմ է սեփական ու ազգային արժանապատվության, նվաստացման, ստորաքարշության գնով խաղաղության հաստատմանը և մեկ ամսից ավելի բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարում է դրա դեմ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդությամբ։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գլխավոր խնդիրը, այսպիսով, ոչ թե Ադրբեջանի՝ անընդհատ ավելացող պահանջներն են (Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել դրանք բոլորը՝ առանց բացառության), այլ հասարակության ներքին դիմադրությունը, որը, ի հեճուկս իշխանությունների հաշվարկների, այդուհանդերձ դեռևս չի կորցրել  առնվազն բնազդային մակարդակի իմունիտետը ու պայքարում է հայրենիքից մնացածը պաշտպանելու համար։

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մոլագարության աստիճանի մտասևեռմամբ կամ գործակալության աստիճանի դավաճանությամբ Ադրբեջանի հետ այդ կեղծ խաղաղության համար պատրաստ է ցանկացած քայլի, նա հիմա գործնականում պատերազմ է հայտարարել սեփական հասարակության  առնվազն մի հատվածին և պատրաստ է բոլոր միջոցներով արձանագրել իր հաղթանակն այդ պատերազմում՝ 44-օրյա պատերազմում նաև իր խայտառակ ղեկավարության պատճառով մեզ պարտության մատնած երկրի հետ խաղաղություն  հաստատելու համար։

Որքան էլ դիվային է հնչում, սակայն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար նա պատրաստ է նաև սեփական քաղաքացիների արյունը հեղել, ինչի նախերգանքն ազդարարվեց երեկ՝ Ազգային ժողովի առջև։ Անշուշտ, հոգեբաններն ու հոգեբույժներն ավելի լավ կբացատրեն, թե ինչ համախտանիշի արտահայտություն է թշնամուց պարտություն կրած մարդու՝ սեփական հայրենակիցներին հաղթելու ցանկությունը։ Բայց դա տեղի կունենա ապագայում։ Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնում է հայ ժողովրդին վերջնականապես հաղթանակի ենթարկելու ճանապարհով, և դա արտահայտվում է բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիների դեմ ուժի կիրառմամբ։

Կարդացեք նաև

Իշխանության հակապետական գործողություններից դժգոհող քաղաքացիների հանդեպ իշխանությունների, նրանց քարոզչամիջոցների վերաբերմունքը հասարակության շրջանում գեներացրել է պայթյունավտանգ մակարդակի ատելություն, քաղաքացիներից շատ-շատերը, անգամ արյունակից հարազատները հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում, ու այդ թշնամանքն ամեն օրվա հետ խորանում է իշխանության ամենաուղիղ մասնակցությամբ։ Իսկ այդ կեղտոտ քաղաքականության հաղթանակը չի վերաբերելու միայն այսօր փողոցում պայքարի դուրս եկած քաղաքացիներին։ Հասարակության թշնամանքն ու պառակտվածությունը ոչ թե առանձին շերտերի, այլ ամբողջ հանրության, որպես հետևանք՝ նաև պետության պարտությունն է, պետականության վերջնական կապիտուլյացիան, որին ամեն կերպ այսօր ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իրեն կապիտուլյացիայի ենթարկած Ալիևի հետ խաղաղություն հաստատելու համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս