Բայդենի ուշագրավ ակնարկը. ի՞նչ նկատի ունի ԱՄՆ նախագահը՝ խոսելով Բաքվի դերակատարության փոփոխության մասին
Բաքվում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը մեծ շուքով բացել է Բաքվի Էներգետիկ շաբաթը, որի շրջանակում մի շարք միջոցառումներ ու միջազգային ցուցահանդեսներ են կազմակերպվել։
Միջոցառման շրջանակում ուղերձներով հանդես է եկել ոչ միայն Իլհամ Ալիևը, այլև ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները։ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի բռնապետը ցանկացած միջազգային հանդիպում, միջոցառում, կոնֆերանս վերածում է շոուի, այս տեսանկյունից՝ Էներգետիկ շաբաթը ևս բացառություն չէ, որի ընթացքում հանդես եկող թե ղեկավարները, թե ադրբեջանական կողմն արդեն խոսում են Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ COP 29 միջազգային կոնֆերանսի մասին, որտեղ Բաքուն ավելի վաղ ցանկություն էր հայտնել ստորագրել Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Փաշինյանն արձագանքել էր՝ ասելով. «Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու»։
«Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Բաքվում մեկնարկած միջազգային էներգետիկ ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները շահագրգիռ է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ։
«Խաղաղ պայմանագրի ստորագրումը վերջ կտա երկարամյա հակամարտությանը և համաշխարհային մասշտաբով կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերակատարությունը»,- Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է մեջբերում ադրբեջանական АPA գործակալությունը։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկ անվտանգության կարևոր հենասյուն, հատկապես՝ Եվրոպայի համար։
Կասպիցի գազը մատակարարվում է ավելի ու ավելի մեծ թվով երկրների՝ օգնելով Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգիայի աղբյուրները։
Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, որ Թուրքիան շնորհավորում է Ադրբեջանին՝ COP29-ում նախագահելու կապակցությամբ, և պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այս միջոցառումը Բաքվում անցկացնելու համար։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և TANAP նախագծերը լուրջ ներդրում են ունեցել երկրների միջև համագործակցության զարգացման գործում»,- ասվում է ուղերձում։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերն ամուր են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի տարածքով թուրքմենական բնական գազի Թուրքիա մատակարարումների մեկնարկը ժամանակի հարց է։ Նա նաև ընդգծել է, որ Անկարան ողջունում է առաջընթացը Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններում և հուսով է, որ խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի։
Ադրբեջանում անցկացվելիք COP 29 միջազգային կոնֆերանսն ակնհայտորեն կարևորվում է աշխարհաքաղաքական խաղացողների կողմից, ինչպիսին Բրիտանիան է, Թուրքիան, ԱՄՆ-ը, որոնք արդեն իսկ ամենաբարձր մակարդակով անդրադարձել են Բաքվում սպասվող այդ կոնֆերանսին, այդ իրադարձությունը փորձելով կապել հայ-ադրբեջանական հնարավոր, այսպես կոչված, Խաղաղության հայմաձայնագրի ստորագրման հետ։
Հայտնի դարձավ նաև, որ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչի հետ։ Ըստ Սպիտակ տան՝ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։
168.am-ի հետ զրույցում, վերլուծելով հնչեցված հայտարարություններում տեղ գտած շեշտադրումները և հայ-ադրբեջանական բանակցությունների եզրափակիչ փուլը, եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Ադրբեջանի էներգետիկ հնարավորությունները լուրջ գործոն են ներկայումս Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում։
Նրա խոսքով, դրան որոշակի առումով նաև նպաստում է այն հաղթանակը, որն ունեցավ Ադրբեջանը 2020 թվականին։
«Այս ամենում ամենակարևորը Հարավային Կովկասում և հետսովետական ռեգիոնում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու քաղաքականությունն է և պատերազմն ու դրան հետևած իրադարձությունները, այդ թվում՝ ռուս խաղաղապահներին Ղարաբաղից դուրս բերելու որոշումը, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի գործում առանցքային դերակատարությունն այս մեկ շղթայի մի մասն են։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև Իրանի հետ ռեգիոնի և Ադրբեջանի հարևանությունը, սա ևս պակաս կարևոր չէ, քանի որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, բազմաթիվ պրոյեկտներ է իրականացրել Ադրբեջանի հետ այդ ուղղությունից հնարավոր ռիսկերի կառավարման նպատակով»,- ասաց վերլուծաբանը։
Սյուզան Ստյուարտը գտնում է, որ հակառակորդ երկիրը պետք է այս ամենը հաշվի առնի։ «Կայուն խաղաղության համար, իհարկե, հարկավոր է որոշակի հավասարակշռություն, ուստի, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները ևս այս մասին են խոսում, դա պետք է հաշվի առնեն, քանի որ առավելապես մեկ կողմի քայլերը չեն կարող հանգեցնել նման խաղաղության։ Սակայն հասկանալի է նաև այն, որ կա գլոբալ նպատակ՝ հաստատել խաղաղություն, դուրս բերել ռուսական ազդեցությունը, բացել կոմունիկացիաները»,- ասաց վերլուծաբանը։
Նրա արձանագրմամբ, Ադրբեջանը ձգտում է բարձրացնել իր աշխարհաքաղաքական կշիռը։ «Բնականաբար, սա կարևոր հանգամանք է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, որը չի կարող անտեսվել։ Սա հարց է, որի շուրջ ՀՀ-ն ևս պետք է անհանգստանա և քայլեր ձեռնարկի»,- նկատեց վերլուծաբանը։
Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերջին շրջանում Ալիևի հաշվարկները ճիշտ են ստացվում, ինչն էլ նրան հանգեցնում է հաջողությունների։ Ըստ քաղաքագետի, պատահական չէր, որ Բելառուսի ղեկավարը փորձեց նրան «կարգել» Կովկասյան անվտանգության երաշխավոր։
«Սա նշանակում է, որ թե՛ Արևմուտքի, թե՛ եվրասիական ռեգիոնի համար Ադրբեջանը կարևոր երկիր է դարձել և հենց այդ դերակատարությամբ։ Իհարկե, ինչ-որ պահի կրկին վրա է հասնելու ընտրություն կատարելու ժամանակը, որից Ադրբեջանն այդքան խուսափում է, սակայն որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի չմիանալու քաղաքականությունը ոչ միշտ է ընկալելի»,- նկատեց Տարասովը՝ հավելելով, որ այն դեռ ստացվում է, սակայն խնդրահարույց է ապագա զարգացումների տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան գործընթացին, ապա Տարասովը գտնում է, որ Բաքվում հենց այդ միջոցառման շրջանակում՝ ըստ էության արևմտյան բնույթի, նման համաձայնագրի ստորագրումը կդառնա իրադարձություն։
«Կարծում եմ՝ Արևմուտքն այդ սցենարն է առաջ մղում, իսկ թե Հայաստանն ինչ իրավիճակում է հայտնվում, որևէ մեկին չի հետաքրքրում։ Սակայն ՌԴ-ից փորձում է շրջադարձ կատարել ՀՀ-ն, ոչ թե Ադրբեջանը, սա հետաքրքիր հանգամանք է»,- նկատեց նա։