ՊՆ-ն չի հերքել իշխանամերձ փորձագետի՝ արևմտյան երկրներից Զինված ուժերին տրամադրվող խորհրդատվության փաստը

Փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանամետ փորձագետ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր: Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել:

Մարտի 2-ին 168.amը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ինչ նպատակով են եկել այս խորհրդականները, արևմտյան ուրիշ ի՞նչ երկրներից են նախատեսվում խորհրդական-հրահանգիչների այցեր և ներգրավվածություն Զինված ուժերում բարեփոխումների գործընթացին:

Մարտի 19-ին մեզ ուղարկված պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն առանց հստակեցումների՝ նշել է.

«Ի պատասխան մարտի 2-ի Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում և օգտագործում է միջազգային գործընկերների փորձը, ստանում փորձագիտական և խորհրդատվական օժանդակություն»:

Կարդացեք նաև

Այն, որ անվտանգային կարևոր փաստաթղթի կամ բարեփոխումների շրջանակում Հայաստանը հաշվի է առել միջազգային փորձը, ստացել խորհրդատվական օժանդակություն, դա նոր բան չէ:

Հարցն այստեղ շատ հստակ էր և վերաբերում էր կոնկրետ հայտարարության, և պաշտպանական գերատեսչությունը սահմանափակվել է հերթապահ նախադասությամբ, իհարկե, կարող ենք ենթադրել և ասել, որ չի հերքել իշխանամերձ փորձագետի հայտարարությունը: Երկրորդ՝ մենք չգիտենք, թե ինչ հարցերի շուրջ խորհրդատվության մասին է խոսքը: Ի դեպ, օրերս իր տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ երբ 2021 թվականին նշանակվել է պաշտպանության նախարար, պայմանավորվել է ՌԴ ՊՆ-ի հետ, և ռուսական տարբեր ակադեմիաներից Հայաստան են եկել 40 բարձրաստիճան գեներալներ, սպաներ, ռազմական ոլորտի մասնագետներ:

«Նրանք մեզ մոտ աշխատեցին 1.5 ամիս ու ստեղծեցին մի փաստաթուղթ, որը քննարկեցինք, ընդունեցիք և այն պետք է իրագործեինք: Փաստաթուղթը խոսում էր մեր ապագա անվտանգության համակարգի մասին: Դրանից հետո, երբ հանդիպեցինք ՌԴ պաշտպանության նախարարի հետ, և նրան շնորհակալություն հայտնեցի այդ աջակցության համար, և ասացի, որ դրանով ձեր աշխատանքը չի ավարտվում, հիմա էլ խնդրում եմ ուղարկեք մասնագետներ, որպեսզի փաստաթուղթը կարողանանք իրագործել: Մենք ունեինք մոտ 80 սպաների ցուցակ, որոնք պետք է գային Հայաստան և 3 տարի աշխատեին մեր բանակում, որպեսզի կարողանայինք մեր բանակը զարգացնել»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ հիշատակված փաստաթղթում նշվում էր նաև այն զենքերի ու զինատեսակների մասին, որոնք պետք է մատակարարվեին հայկական բանակին, իսկ դրանց ապահովման մի մասն իր վրա էր վերցրել ռուսական կողմը:

Հիշեցնենք, որ հարցազրույցում այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտնել էր, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»:

Արդեն 2022 թվականի փետրվարին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով իր համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է»,- ասել էր պաշտպանության նախարարը:

Իսկ թե ինչն իրեն չէր բավարարել այդ փաստաթղթում, նոր հայեցակարգի մշակմանը, որի մասին խոսել է նաև Փաշինյանը, ինչ երկրների փորձագետներ են մասնակցել, մասնակցում, ինչ երկրի փորձ ենք ընդօրինակում, ինչ փուլում է գործընթացը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդպես էլ անպատասխան էր թողել մեր փետրվարի 7-ի այս հարցադրումներով գրավոր հարցումը:

Իսկ մարտի 2-ի մեր գրավոր հարցման մեջ մենք հիշեցրել էինք նաև մարտի 1-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարությունը, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի, և, որ սա ՌԴ-ի ընտրությունն էր, որ 2021 թվականին կնքված պայմանագրերի շրջանակում ՌԴ-ն չի մատակարարել գնված զենքը, որը կազմում է մոտ 250 միլիոն: Սա այն դեպքում, երբ մոտ 1.5-2 ամիս առաջ երկու կողմերի իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանը սկսել է կատարել զենքի մատակարարման իր պարտավորությունները, և, որ արդեն որոշակի խմբաքանակ Հայաստան է հասել:

Եվ հաշվի առնելով, որ իշխանության ներկայացուցիչները բացեիբաց սպառազինության հետ կապված հայտարարություններ են անում, բայցև ընտրովի, մենք պաշտպանության նախարարությունից փորձել էինք պարզել՝ ինչի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարի նշած 250 միլիոնի քանի՞ տոկոսն է կազմում Հայաստան հասած ռուսական զենքի խմբաքանակը: Իշխանությունները ռուսական զենքի հետ կապված հրապարակային հայտարարություններ անելիս անտեսում են նաև կարևոր այլ հանգամանք, այն է՝ այս պահի դրությամբ ՀՀ ԶՈւ զինանոցի քանի՞ տոկոսն է կազմում ռուսական սպառազինությունը:

Գրավոր հարցման միջոցով մենք փորձել էինք տոկոսային հարաբերությամբ և թույլատրելի սահմանում ստանալ այս հարցի պատասխանը, և, թե ինչ է արվում դրանց արդիականացման ուղղությամբ:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունն այս հարցադրումներին պատասխանները համարել է հրապարակման ոչ ենթակա: Այսինքն, կարելի է հրապարակավ ասել, թե ՌԴ-ՀՀ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից էլ քիչ թվի, բայց չասել, թե այսօր ՀՀ զինանոցի քանի տոկոսն է ռուսական սպառազինությունը, երբ, մեծ հաշվով, գաղտնիք չէ:

Ուշագրավ է, որ երբ երկրի ղեկավարությունը, իշխանական պատգամավորները, իշխանամերձ փորձագետները պետական և ռազմական գաղտնիք պարունակող տվյալներ են հրապարակում, դրա դեմ որևէ քայլ չի ձեռնարկվում, բայց երբ լրատվամիջոցները փորձում են դրանց վերաբերյալ ճշտումներ անել, ՊՆ-ում հիշում են պետական գաղտնիքի մասին, ինչը, մեղմ ասած, տարբեր ենթադրությունների առիթ է տալիս:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ պաշտպանության փոխնախարարը գաղտնի գրությամբ տվյալներ էր հայտնել, երբ անգամ 2023թ. կատարողականի զեկույցում այն թաքցվել էր:

 

Տեսանյութեր

Լրահոս