Ինչո՞ւ Լուկաշենկոն Ալիևին Հարավային Կովկասի առաջնորդ «կարգեց»

Նիկոլ Փաշինյանի ԵԱՏՄ և ՀԱՊԿ դաշնակից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով Ադրբեջանում էր, որի շրջանակում ադրբեջանական կողմն առանձնահատուկ շոուի վերածեց Լուկաշենկոյի այցն օկուպացված Ֆիզուլի և Շուշի։ Ադրբեջանաբելառուսական հանդիպման արարողակարգի այս մասն առավել հետաքրքիրն էր, որն արտացոլեց Բելառուսի նախագահի հետաքրքրությունը՝ մասնակցել Լեռնային Ղարաբաղում ծրագրվող աշխատանքներին, բնականաբար, դրանից օգուտներ ստանալու նպատակով։

«Տեխնիկա, ագրոքաղաքներ, աշխատատեղեր, որոշակի տեխնոլոգիաներ՝ ձեր մասնագետները, նախարարները դրանց մասին լավ գիտեն, եթե դրանք պիտանի են, եթե մեր սարքավորումները կարող են մասնակցել և աշխատել… ես բանակցությունների ընթացքում Իլհամ Հեյդարովիչին հարցրել եմ՝ եթե հնարավոր է, որևէ տեղ տվեք Բելառուսի համար, խնդրում եմ, տվեք։ Եվ Իլհամ Հեյդարովիչը նման մոտեցմանն աջակցեց»,- ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով օկուպացված տարածքներում Ադրբեջանի կազմակերպած շինաշխատանքներից, որոնք, ըստ էության, տեղի են ունենում՝ Արցախից հայկական հետքը հիմնահատակ վերացնելու Ադրբեջանի ջանքերին զուգահեռ։

Կարդացեք նաև

«Եթե այդ հողերի վերակենդանացման մեծ գործում մեզ համար տեղ գտնեք, որտեղ մենք կարող ենք ուս ուսի տալ, և դա ձեզ համար շահավետ լինի, մենք դա կանենք մեծ հաճույքով»,- նշել է Լուկաշենկոն:
Երեկվա բանակցությունների արդյունքներով՝ Ալիևն ու Լուկաշենկոն պայմանավորվել են մի շարք համատեղ նախագծեր սկսել՝ պարարտանյութեր արտադրել Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի շուկաների համար, մեքենաների, հրասայլերի արտադրություն, գյուղատնտեսական ոլորտում համագործակցությունն ընդլայնել։
Լուկաշենկոյի այցի ընթացքում որոշվեց Մինսկին վստահել Աղդամի բնակավայրերից մեկի կառուցումը։ Ինչպես հայտարարեց Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը, խոսքը 420 ընտանիքի համար նախատեսված ագրոքաղաքի մասին է:

Ալիևի մասին խոսելիս Բելառուսի ղեկավարն արեց հայտարարություններ, որոնք գրավեցին ԶԼՄ-ների ուշադրությունը՝ Լուկաշենկոն Ալիևին հռչակեց ամբողջ Կովկասի առաջնորդ։ Նա, մասնավորապես, ասաց, որ «Ադրբեջանի հզոր առաջնորդին» ժամանակն է ընտրել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը վերահսկելու համար. «Դա արդեն ոչ միայն պատասխանատվություն է Ադրբեջանի համար, դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխան եք տալիս Կովկասի համար»,- հայտարարել է Լուկաշենկոն։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական, տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը, գնահատելով այցի ընթացքում հնչած ձևակերպումները, ձեռք բերված պայմանավորվածությունները, ասաց, որ նման այց նման շեշտադրումներով ու բովանդակությամբ կարելի էր սպասել՝ հաշվի առնելով Բելառուսի և Ադրբեջանի ղեկավարների երկարամյա ջերմ հարաբերությունները, ինչպես նաև հարաբերություններում կոնկրետ առևտրատնտեսական արդյունքները։ Նրա խոսքով, բնականաբար, բոլորին է հայտնի, որ Լուկաշենկոն այն գործիչներից է, որը փորձում է առավելագույն օգուտներ ստանալ ինչ-ինչ իրավիճակներից և առավել ևս՝ այսօր, քանի որ կան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ, որից էականորեն տուժում է նաև եվրասիական ընդհանուր տարածքը։

«Բելառուսն ուղիղ ցանկություն հայտնեց մասնակցելու շինարարական աշխատանքներին՝ իրականացնելով մեծ պրոյեկտներ, տեխնիկա նվիրաբերեց, և պայմանավորվածությունները, որոնք այցի ընթացքում ձեռք բերվեցին, լիովին սպասելի էին»,- նշեց վերլուծաբանը։ Նա հիշեցրեց, որ Բելառուսի նախագահը նաև հայտնի է իր աղմկահարույց, համարձակ հայտարարություններով, ուստի Ադրբեջանի նախագահին Անդրկովկասի առաջնորդող երկրի ղեկավար որակելը նմանատիպ հայտարարություններից մեկն է, որը, սակայն, ունի որոշակի աշխարհաքաղաքական նշանակություն։

«Հաճոյանալով Ադրբեջանի ղեկավարին, հասկանալով նաև աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք կարող են գեներացվել նաև Ադրբեջանի մասնակցությամբ, երբ Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են արևմտյան ինտեգրացիայի ճանապարհին, Բելառուսը, ոչ, իհարկե, առանց Ռուսաստանի գիտության, հավելյալ պատասխանատվության տակ է դնում Ադրբեջանին։ Սա պատասխանատվություն է թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգային բնույթի, երբ Հայաստանի իշխանությունների քաղաքականությամբ պայմանավորված՝ ՀԱՊԿ-ը չունի որևէ դերակատարություն ռեգիոնում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Սիմոնովի խոսքով, Ադրբեջանը հետպատերազմյան ռեգիոնալ վերադասավորումների հարցում էական դերակատարություն է ունեցել, Ադրբեջանի հետպատերազմյան քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ձևավորել է Հայաստանի ձգտումը դեպի Արևմուտք, որտեղ ՀՀ իշխանությունները փորձում են ինչ-որ մակարդակի անվտանգություն փնտրել, այսինքն՝ նրանց ընկալմամբ՝ փնտրել այն, ինչ չի կարողանում ապահովել ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը։ Փորձագետը գտնում է, որ որքան ճնշումներն Ադրբեջանից ուժեղ ու շարունակական լինեն, այնքան Հայաստանն ավելի մեծ կախում է ստանալու Արևմուտքից՝ փորձելով այնտեղ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել։

«Ուստի Ադրբեջանի ղեկավարին ռեգիոնալ զարգացումների պատասխանատու նշանակելն ուշագրավ քայլ է՝ միտված զարգացումների վերահսկելիությանը, որը բխում է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, հետևաբար՝ նաև Բելառուսի շահերից։ Որքանո՞վ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն դա լոկ հայտարարություն չէր, կարծում եմ՝ դրա ներքո կա աշխարհաքաղաքական բովանդակություն, այսինքն՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության համար պատասխանատու է դիտարկվում Ադրբեջանի ղեկավարը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս