Կա համախոհություն, որ միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ սրբազանը. Սուրենյանց
Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախ եղել է բաց, ապա շարունակվել է դռնփակ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշել է, որ երկու հարցում հանդիպմանը մասնակցած քաղաքական ուժերը կոնսենսուս ունեն. մեկը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է բոլոր հնարավոր քաղաքական տարբերակներով, մյուսը՝ որ այս համախմբի միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։
«Ճիշտ է՝ դեռ այդպիսի որոշում չի կայացվել, բայց վստահ եմ, որ այդ երկու հարցում կա համախոհություն: Երկրորդ հարցի ճանապարհին սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է․ կարելի է խորհրդարանի միջոցով, հանրային ճնշման ճանապարհով 148-րդ հոդվածի որոշակի վերանայում անել: Քննարկումից տպավորությունն այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար՝ Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- շարունակել է Սուրենյանցը:
Հարցին՝ ինչպես պետք է հասնել այդ պատկերացումների իրականացմանը, Սուրենյանցն ասրձագանքել է՝ միայն փողոցի ճնշմամբ։
«Այստեղ ինչ խոսում ենք, կարող է մնալ տեսություն, եթե մենք չունենանք 2-3 օրով կաթվածահար եղած Երևան, և այդ կաթվածահար եղած Երևանը հրաժարական չպահանջի Փաշինյանից։ Իշխանափոխություն տեսնում եմ, դա հնարավոր է 2-3 ամսում, մտքումս ունեմ ճանապարհային քարտեզ և միանգամայն իրական եմ համարում, եթե ակնհայտ ձախողումներ ու սխալներ թույլ չտանք: 2-3 ամիսը ես եռացող եմ պատկերացնում, իսկ որքան հանրային դիմադրությունը մեծ լինի, այնքան դիմադրողականությունը Հայաստանի մեծ կլինի»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Փաշինյանին հեռացնելու համար կլինի իմփիչմենթը, կարվի իմփիչմենթով, կլինի հրաժարական պարտադրելը, պետք է արվի այդ ճանապարհով, կլինի մանդատներից հրաժարվելն արդյունավետ ճանապարհ, դա էլ պետք է փորձել։
Մանրամասները՝ տեսանյութում