Ո՞ւր մնացին ծախսված միլիարդները

Վերջին չորս տարիներին կառավարությունը զբոսաշրջությանը հատկացված բյուջետային գումարները շեշտակի ավելացրել է՝ 2 միլիարդից հասցնելով 13,2 մլրդ դրամի։ 2024թ. բյուջեով հատկացումը 6,5 անգամով ավելի է, քան 2020թ. էր։

Թվում է, թե սա պիտի շարունակաբար հանգեցներ զբոսաշրջային հոսքերի նույնքան շեշտակի ավելացման։ Բայց հակառակն է՝ հոսքերը կրճատվում են ու դրա համար ոչ մեկը չի ուզում բացատրություն տալ։

Երբ Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակն ավելանում էր, ասում էին՝ բյուջետային հատկացումները, իրականացված աշխատանքներն ու կառավարության վարած քաղաքականությունը  տալիս է իր արդյունքը։ Էապես մեծացել են զբոսաշրջային հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ, ավելացել է եկողների քանակը։

Առաջիկայում ավելի մեծ բարձունքների ենք հասնելու, Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակը նոր ռեկորդներ է գրանցելու, տասնյակ-միլիոնավոր դոլարների ներդրումներ են արվելու, բազմաթիվ զբոսաշրջային կլաստերներ են ձևավորվելու։ Զոսաշրջության նոր բրենդինգն է սկսել աշխատել, ինչը տարբեր շուկաներում բավական հաջող ներկայացնում է Հայաստանը։

Կարդացեք նաև

Խոսում էին զբոսաշրջության նոր օրենքի մասին, որը պիտի խոշոր բարեփոխումների հանգեցներ՝ ուղղված ոլորտի զարգացմանը:

«Էկոնոմիկայի նախարարությունը և Զբոսաշրջության կոմիտեն նախապատրաստական մեծ աշխատանք են կատարել, որպեսզի հաջորդ տարվանից մենք էապես մեծացնենք մեր ներդրումները զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հարցում»,- անցած տարի հայտարարում էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Հայտնի պատճառով Վահան Քերոբյանը հիմա էկոնոմիկայի նախարար չէ, բայց եթե հավատալու լինեինք նրա ասածներին, ապա այս ամենը պիտի նպաստեր Հայաստան եկող զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

Բայց հոսքերը տարեսկզբին կրճատվել են։ Ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան եկել էին անցած տարի։

Պաշտոնական տվյալներով, առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 435,7 հազար զբոսաշրջիկ, ինչը 14,2 հազարով պակաս է 2023թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Տարեսկզբի բոլոր ամիսներին, առանց բացառության, զբոսաշրջիկների քանակը կրճատվել է։

Հունվարին արձանագրվել է 154 հազար այց։ Նախորդ տարվա համեմատ՝ զբոսաշրջիկների քանակն այդ ամսին կրճատվել է 5 հազարով։

Փետրվարին այցելել է 130 հազար զբոսաշրջիկ՝ 3 հազարով քիչ, քան անցած տարի։

Մարտին գրանցվել է 154,2 հազար այց՝ նախորդ տարվա 159,9 հազարի դիմաց։

Զբոսաշրջային այցերի մեջ առաջինը Ռուսաստանն է. ժամանածների 42 տոկոսն այդ երկրից է։

Այս ցուցանիշը, որքան էլ ամենաբարձրն է մյուս երկրների համեմատ, այնուհանդերձ շատ ավելի ցածր է, քան նախորդ տարի էր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները կազմել էին եկածների ընդհուպ 56 տոկոսը։ Անցած տարի Ռուսաստանից եկել է 237 հազար զբոսաշրջիկ, այս տարի եկել է 184 հազար։

Առաջին եռամսյակում Ռուսաստանից զբոսաշրջային այցերն ավելի քան 22 տոկոսով կամ 53 հազարով կրճատվել են։ Դրանով էլ պայմանավորված՝ նվազել են ընդհանուր հոսքերը։

Այնպես, ինչպես ժամանակին տեղի ունեցավ հոսքերի ավելացում, հիմա, նույն գործոնով պայմանավորված, հակառակ երևույթն է տեղի ունենում։

Նորություն չէ, որ վերջին երկու տարիներին Հայաստանը դարձել է ռուսների համար հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկը՝ կապված գերազանցապես ռազմական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ տարբեր երկրների կողմից կիրառված պատժամիջոցների հետ։ Հակամարտությունից հետո Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ հարկադրված էին նախընտրել հանգիստը Հայաստանում, ինչն էլ հանգեցրեց այդ երկրից հոսքերի կտրուկ ավելացման ու Հայաստան ռեկորդային քանակությամբ զբոսաշրջիկների այցելության։

Ռուսաստանից զբոսաշրջիկների այս ավելացումը հայտնի հանգամանքների բերումով էր։ Թեև կառավարությանը թվացել էր, թե իրենց աշխատանքի ու իրականացված քաղաքականության արդյունքում էին ավելանում զբոսաշրջիկները։ Էլ չէին ասում, որ ռուսները կորցրել են ընտրության նախկին հնարավորությունները, ստիպված գալիս են Հայաստան։

Բայց այնպես արեցին, որ այդ աղբյուրն էլ աստիճանաբար սկսում է փակվել։ Զարմանալի չէ, որ այս տարի զբոսաշրջային այցերը կրճատվել են։ Ռուսները դադարել են ավելի քիչ գալ Հայաստան, և ահա հետևանքն արդեն երևում է։

Հայաստան զբոսաշրջային այցերը կրճատվում են՝ բյուջետային հատկացումների ավելացման ֆոնին։ Փոխարենն ավելանային, կրճատվում են։

Ամբողջ խնդիրն այն է, որ նախկինում էլ արձանագրված ակտիվությունը կապ չուներ կառավարության իրականացրած քաղաքականության, հատկացված ու երբեմն անիմաստ ծախսված գումարների հետ, որքան էլ փորձում էին այդպես ներկայացնել։ Ռուսաստանից Հայաստան եկող զբոսաշրջային հոսքերի զգալի մասը հարկադրված այցեր էին։ Այլ տարբերակ չունենալով՝ շատերը ստիպված էին նախընտրել Հայաստանը։

Այս տարի կարծես նախընտրողների քանակը կրճատվել է, ինչի համար, անշուշտ, իշխանությունները բավարար «նպաստավոր» պայմաններ են ստեղծել՝ իրենց չկշռադատված քայլերով, հակառուսական քաղաքականությամբ, հնչեցվող հայտարարություններով, ստեղծած քաղաքական լարվածությամբ։ Առաջիկայում սրան կավելանա նաև հայաստանյան բանկերի կողմից ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարակման դադարեցման որոշումը, որը Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերի ապահովման կարևոր գործոններից մեկն էր։

Այս ամենի հետևանքը տեսնում ենք Ռուսաստանի քաղաքացիների հոսքերի վրա։

Եթե անցած տարվա առաջին երկու ամիսներին Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների մուտքերն անցնում էին 207 հազարից, այս տարի կազմել են 171 հազար. 36 հազարով ավելի քիչ, քան անցած տարի էր։

Սրանց մի մասը Հայաստան չեկած զբոսաշրջիկներն են։

Այս տարի ոչ միայն Ռուսաստանից եկողների քանակն է հասցրել կրճատվել, այլև ավելացել են Հայաստանից գնացողները։

Տարեսկզբի երկու ամսում գրեթե 8 հազարով ՌԴ քաղաքացիների ելքն ավելին է եղել մուտքերի համեմատ։ Ռուսները, որոնք հակամարտությունից հետո տեղափոխվել էին Հայաստան,  նախընտրում են հեռանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ 

Տեսանյութեր

Լրահոս