Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը նվազել է
Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին շրջանում ի հայտ եկած քաղաքական լարվածության ֆոնին՝ Ռուսաստանի անհամեմատ ավելի քիչ քաղաքացիներ են սկսել գալ Հայաստան։ Փոխարենը՝ գնացողներն են շատացել։
Եթե անցած տարվա միայն առաջին երկու ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների 207 հազարից ավելի մուտք էր արձանագրվել Հայաստան, այս տարի եղել է 171,7 հազարը՝ գրեթե 36 հազարով քիչ։
Ռուսաստանի քաղաքացիների մուտքը կրճատվել է ավելի քան 17 տոկոսով։
Գուցե շատերի համար սա կարող է դրական համարվել, բայց փաստ է, որ դրա հետևանքով Հայաստանը բավական մեծ կորուստներ է ունենում։
Խոսքն ինչպես՝ ֆինանսական, այնպես էլ՝ տնտեսական կորուստների մասին է։
Անկախ նրանից, թե ինչ նպատակներով են Ռուսաստանի քաղաքացիները գալիս Հայաստան, նրանք Հայաստանում ոչ միայն գումարներ են ծախսում, այլև լրացուցիչ պահանջարկ են ձևավորում։ Առավել ևս, որ ռուսների կողմից ներկայացված պահանջարկը բավական բարձր է։
Ռուսաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան ակտիվ տեղաշարժի արդյունքները մենք տեսել ենք տնտեսության տարբեր ոլորտներում։
Դա նաև լուրջ ֆինանսական հոսքեր ու եկամուտներ է ապահովել բյուջեի ու քաղաքացիների համար։
Միանշանակ է, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական աճերի գործում Ռուսաստանի քաղաքացիների ակտիվ հոսքերը կարևոր դեր ունեցան։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ եկածների զգալի մասը բիզնես նպատակներով էին այստեղ։
Մեծ թիվ էին կազմում նաև զբոսաշրջային այցերը, որոնք ևս լուրջ գումարներ ու տնտեսական ակտիվություն են բերել։
Բայց այդ հոսքերն աստիճանաբար սկսել են նոսրանալ։ Ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, այս տարի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան բավական մեծ տեմպերով կրճատվել է։
Դրա պատճառները, անշուշտ, դժվար չէ հասկանալ։ Խնդիրը ոչ միայն վերջին շրջանի լրավածությունն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև, այլև այն, որ Հայաստանում այդպես էլ նպաստավոր պայմաններ չստեղծվեցին այս հոսքերը ճիշտ կառավարելու, երկարաժամկետ նպատակներին ծառայեցնելու ու ուղղորդելու համար։ Ընդհակառակը՝ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծվեցին։
Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում բախվեցին մասսայական թանկացումների հետ։ Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ այստեղ մնալը թանկ հաճույք է անգամ անհամեմատ բարձր եկամուտներ ու կենսամակարդակ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ուստի՝ եկածները նախընտրեցին աստիճանաբար հեռանալ։
Դա երևում է նաև տարեսկզբի մուտքերի ու ելքերի ցուցանիշներում։ Այս տարի ոչ միայն Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների մուտքերն են պակասել, այլև ելքերն են ավելացել։ Այսինքն՝ ավելի շատ գնացողներ են եղել, քան եկողներ։
Հայաստանից ելքերը տարեսկզբին գրեթե 8 հազարով ավելին են, քան մուտքերը։
Սա նշանակում է, որ նախկինում եկած ու Հայաստանում մնացածները ևս քիչ-քիչ հեռանում են, վերադառնում են Ռուսաստան կամ տեղափոխվում այլ երկրներ, որտեղ ապրելու պայմաններն անհամեմատ ավելի նպաստավոր են, կյանքը՝ ավելի էժան ու հարմարավետ։
Սրանից տուժողը, իհարկե, Հայաստանն է լինելու, քաղաքացին ու տնտեսությունը։
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների հետաքրքրությունների նվազումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել նաև զբոսաշրջության վրա։
Տարեսկզբի բոլոր ամիսներին զբոսաշրջային հոսքերը Հայաստան կրճատել են։ Կրճատվել են հիմնականում Ռուսաստանից եկողների հաշվին։
Այլ երկրներից դեպի Հայաստան քաղաքացիների տեղաշարժի ակտիվություն կա, բայց դրանք շատ հեռու են Ռուսաստանին հասնելուց։ Վրաստանը, որը քաղաքացիների մուտքերի առումով երկրորդն է, առնվազն երեք անգամ զիջում է Ռուսաստանին։ Իրանը, լինելով երրորդը, 8-9 անգամ է զիջում։
Նախորդ տարվա համեմատ՝ այս երկրներից աշխուժություն կա, բայց ընդհանուր հոսքերն են քիչ։
Քաղաքացիների հոսքերի առումով ակտիվությունը շատ բարձր է Հնդկաստանի պարագայում։
Ընդամենը երկու-երեք տարի առաջ այս երկրից Հայաստան մուտքերն այնքան փոքր էին, որ նույնիսկ տեսանելի չէին ընդհանուր ցուցանիշների մեջ։ Բայց վերջին երկու տարիներին այնքան արագ են աճում, որ շատ երկրների արդեն հետ են թողել։
Կարճ ժամանակում Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը Հայաստան անգամներով ավելացել են։
Եթե 2022թ. առաջին երկու ամիսներին հազիվ 1,1-1,2 հազարի էր հասնում, արդեն այս տարի մոտեցել է 9 հազարի։
Երկու տարում 7-8 անգամով ավելացել են։
Հնդկաստանի քաղաքացիների տեղաշարժը դեպի Հայաստան այս տարի ևս ակտիվ է։ Տարեսկզբի առաջին երկու ամիսներին 2,3 անգամ ավելի մուտք է եղել։
Այս ակտիվությունը, իհարկե, առանց պաշտոնական ցուցանիշների էլ տեսանելի է։ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում վերջին տարիներին ակնհայտորեն շատացել են։ Նրանց կարելի է տեսնել ծառայությունների, առևտրի, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում։
Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան են գալիս հիմնականում աշխատելու կամ այլ երկրներ տեղափոխվելու նպատակով։ Սա բոլորովին այլ հոսք է։ Ի տարբերություն նրանց, Ռուսաստանի քաղաքացիներն առանձնանում են՝ ինչպես ներկայացվող բարձր պահանջարկով, այնպես էլ՝ անհատական ու աշխատանքային որակներով։ Փոխարինելիության առումով մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի, որքան էլ Ռուսաստանի քաղաքացիների հոսքերի կրճատմանը զուգահեռ՝ ավելանում են Հայաստան եկող Հնդկաստանի քաղաքացիները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ