Ինչի՞ց են այդպես ոգևորվել

Օրերս Ադրբեջանի նախագահը չբացառեց, որ հետագայում Հայաստանը կարող է ադրբեջանական գազ գնել։ Դա հնարավոր կլինի հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

«Հաշվի առնելով, որ Վրաստանի համար գազի գինը շահավետ է և արտոնյալ, Հայաստանը նույնպես կկարողանա ադրբեջանական գազ գնել։

Այսօր մենք բավարարում ենք Վրաստանի գազի կարիքների գրեթե 100 տոկոսը։ Մատակարարման ծավալները տարեցտարի ավելանում են և, կարծում եմ, հասել են 3 միլիարդ խորանարդ մետրի։

Հաշվի առնելով մերձությունը և ենթակառուցվածքները, իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Կարդացեք նաև

Թե ինչքանո՞վ է Ադրբեջանը 100 տոկոսով բավարարում Վրաստանի կարիքները, և որքանո՞վ է ադրբեջանական գազի գինը շահավետ, վկայում է այն, որ Վրաստանն իր պահանջարկի մի մասը բավարարում է ռուսական գազի հաշվին։ Վերջին տարիներին Վրաստանը կանոնավոր գազ է գնում Ռուսաստանից։

Հարց է առաջանում, եթե այդքա՞ն շահավետ է ադրբեջանական գազի գինը, ինչո՞ւ է Վրաստանը գնում ռուսական գազը։

Միայն թե պետք չէ ասել, թե դիվերսիֆիկացնում է գնման աղբյուրները։

Վրաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, որպեսզի մտավախություն ունենա գազի անխափան մատակարարումների առումով, որ մի բան էլ ռուսական գազ գնի, եթե, իհարկե, դրա գինն ավելի ձեռնտու չէ։

Վրաստանի գազի գրեթե կեսը մատակարարում է Ռուսաստանը։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Ադրբեջանի նախագահը կեղծի իրականությունը։

Այդ կեղծիքներին Հայաստանի իշխանությունները ոչ միայն հաճույքով հավատում են, այլև փորձում են Ալիևի տված «կտերով» կերակրել նաև հասարակության միամիտ հատվածին։

Արձագանքելով Հայաստանին գազ վաճառելու իրենց կիրթ ու կառուցողական հարևանին, Ալեն Սիմոնյանն անթաքույց հրճվանքով ասում է՝ «Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ, պետք է քննարկենք այդ հարցը, ու այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մասն ադրբեջանական չէ։ Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ ՌԴ-ից գալիս մտնում է իրենց տարածք ու գնում է Եվրոպա, լրիվ նույն գազն է մտնում մեզ մոտ»։

Որ ռուսական գազը, ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներից հետո, Ադրբեջանի միջոցով դուրս է գալիս Եվրոպա ու խառնվելով ադրբեջանական գազին՝ կարող է հասնել նաև Հայաստան, դա դեռ չի նշանակում, որ նույն բանն է՝ գազը գնել Ռուսաստանի՞ց, թե՞ Ադրբեջանից։ Եթե Ալեն Սիմոնյանն այս հասարակ տարբերությունը չի պատկերացնում, ավելի վատ իր համար։

Իսկ որ տարբերությունը շատ մեծ է, պարզից էլ պարզ է։ Բոլորովին այլ բան է՝ գազ գնել Ռուսաստանից, այլ բան՝ Ադրբեջանից։

Հարկավոր է հիշել, որ Հայաստանը ռուսական գազը գնում է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանի սահմանի վրա։ Թե ինչպես Ռուսաստանը կբերի այդ գազը մինչև Հայաստանի սահման, դա իր խնդիրն է։

Կարևորն այստեղ մատակարարն է և ոչ թե՝ մատակարարման շղթան։

Կլինի գազը բացառապես ռուսակա՞ն, թուրքմենակա՞ն, իրանակա՞ն, ադրբեջանակա՞ն, թե՞ այս բոլորի խառնուրդը, ոչ մի նշանակություն չունի։ Զարմանալի չէ, որ շատ հաճախ, լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ երկրները կիրառում են հայտնի սվոփի կամ, այսպես կոչված, փոխանակման մեխանիզմը։

Սա նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհում։ Խնդիրն ամենևին էլ դա չէ, այլ այն, թե ումի՞ց ես գնում այդ գազը։

Գազ գնելով Ադրբեջանից՝ Հայաստանի էներգետիկ համակարգն ու ընդհանրապես տնտեսությունը հայտնվում է այդ երկրի ուղղակի «կրնկի» տակ։

Խելոք կմնան՝ փականը կբացեն, չեն մնա՝ կփակեն։

Չհասկանալ սա կամ ձևացնել, թե նման վտանգ չկա, արկածախնդրություն է, ժողովրդին մոլորեցնելու փորձ։ Ցանկացած երկրի ու տնտեսության կախվածությունն առաջին հերթին հենց էներգակիրներից է։

Հայաստանն այդ առումով միշտ էլ ռիսկերի տակ է եղել՝ հաշվի առնելով էներգակիրների սեփական պաշարներ չունենալը։ Էներգակիրները, տնտեսականից բացի, միշտ էլ եղել են քաղաքական գործիք։

Նման քաղաքական լծակ տալ մի երկրի, որի նպատակը քեզ կործանելն է ու հարմար պահ է փնտրում դրա համար, առնվազն անմեղսունակություն է։

Ինչպե՞ս կարելի է ասել, որ Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը, երբ ցանկացած պահի դրա հետևանքով կարող են անվտանգային ծանր խնդիրներ առաջանալ։

Էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացումն անշուշտ լավ բան է, սակայն՝ ոչ Ադրբեջանի հաշվին։ Ինչ-որ պահի գուցե և ադրբեջանական գազի գինը Հայաստանի համար ավելի էժան ու արտաքուստ ավելի շահավետ լինի, բայց հետո դա պատուհաս դառնա երկրի համար։

Իր հայտարարություններով նման ծուղակի մեջ է փորձում Հայաստանին ներքաշել Ադրբեջանի նախագահը, որին սիրահոժար համաձայնում են իշխանությունները։ Ոգևորվել են, որ ադրբեջանական գազ գնելու իրենց վաղեմի երազանքն իրականություն դառնալու ճանապարհին է։ Ոչինչ, որ այդ երազանքը կարող է չար կատակ խաղալ երկրի գլխին։ Իրողությունն այն է, որ, ինչպես այս պահին, այնպես էլ երկար ժամանակ ռուսական գազն այլընտրանք չի կարող լինել Հայաստանի համար։ Ժամանակին էլ Իրանի միջոցով թուրքմենական էժան գազը բերելուց էին խոսում, հայտարարում էին, թե բանակցություններ են վարում այդ առումով, ու շուտով լավ անակնկալ է լինելու։

Անցել է երկու տարի, և ոչ մի արդյունք։ Վաղուց արդեն այդ մասին նույնիսկ մոռացել են։

Մինչդեռ՝ դա իսկապես կարող էր Հայաստանի համար լավ այլընտրանք, ինչ-որ ձևով՝ նաև դիվերսիֆիկացիայի տարբերակներից մեկը լինել՝ հաշվի առնելով, որ թուրքմենական գազը պիտի գար իրանական գծով։ Բայց, ինչպես տեսնում ենք, տակը ոչինչ չկա։

Հայաստանը գազմատակարարման համակարգի դիվերսիֆիկացման խնդիր չունի։ Այսօր էլ այն դիվերսիֆիկացված է՝ ռուսական և իրանական ուղղություններով։

Այլ բան, որ իրանական գազը թանկ հաճույք է և այլընտրանք չէ ռուսական գազին։

Առավել ևս՝ չի կարող այլընտրանք լինել ադրբեջանական գազը, որի պարագայում գինը նույնիսկ կարևոր չէ։ Կան ավելի կարևոր և առաջնային հանգամանքներ, որոնք անհնարին է անտեսել, ինչքան էլ իշխանությունները դա ցանկանան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս