Ովքե՞ր և ինչո՞ւ էին ծաղրում ՀՀ քաղաքացիներին. գիշերվա տեսանյութի հերոսները ձերբակալվել են
Գիշերը համացանցում՝ թվիթեր, տելեգրամ և ֆեյսբուք հարթակներում, լայն քննարկման առարկա էին դարձել ՀՀ քաղաքացիների հանդեպ անհարգալից վիրավորանք ու ծաղր պարունակող մի քանի տեսանյութեր, որտեղ երկու ռուսախոս այլազգիներ հայհոյանքով ծաղրում էին դեղատան աշխատակցին, ծաղկավաճառներին և մի տարեց կնոջ:
168.am-ն այդ տեսանյութերի առնչությամբ կապ հաստատեց ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել ոստիկանությունը:
Ի պատասխան՝ Զարզանդ Գաբրիելյանը միայն հայտնեց. «Դրանով երկու անձ գույք վնասելու և խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քննչական»:
Հստակեցմանը, թե ճշտվե՞լ է՝ ազգությամբ ովքե՞ր են, ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը բավարարվեց միայն «օտարերկրացիներ են» ձևակերպմամբ:
Ավելի ուշ համացանցում փորձել էին իդենտիֆիկացնել այս տեսանյութերի հեղինակին՝ տեղեկացնելով, որ նա ՌԴ-ից արտաքսված թրեշ-բլոգեր Յուլյա Մակսիմովսկայան (Ֆինես) է: Ըստ տարբեր հրապարակումների՝ ՀՀ քաղաքացիները փորձել էին նույնիսկ իբրև պատիժ՝ ճաղատացնել նրան: