
Իսրայելի ԱԳՆ-ն Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանն արգելել է ծառայություններ մատուցել պաղեստինցիներին

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ որոշել է Իսպանիայի հյուպատոսությանն արգելել ծառայություններ մատուցել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքների բնակիչներին:
«Ես որոշում եմ ընդունել թույլ չտալ Իսրայելում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության և պաղեստինցիների միջև կապը, ինչպես նաև Երուսաղեմում իսպանական հյուպատոսությանն արգելել ծառայություններ մատուցել Հորդանանի արևմտյան ափի պաղեստինցիներին», – գրել է Կացը:
Նրա խոսքով՝ այս միջոցը պատասխան է Իսպանիայի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելուն, ինչպես նաև Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասի` «ազատագրել Պաղեստինը գետից մինչև ծով» կոչին։
Մայիսի 22-ին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան որոշում են ընդունել ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։ Այս քայլից հետո Իսրայելի ԱԳՆ-ն այդ երկրների դեսպաններին հետ է կանչել խորհրդակցությունների համար։
Ներկայում Պաղեստինը ճանաչում է 146 երկիր, որոնցից ութը եվրոպական են՝ Բուլղարիա, Հունգարիա, Կիպրոս, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա և Շվեդիա։ Բացի այդ, Պաղեստինը ճանաչում են բոլոր արաբական երկրներն ու պետությունները, որոնք կապված են Չմիացած երկրների շարժման հետ: