«Երկու օր առաջ տների կառուցումն ավարտել են, բայց թաղամասն ունի ջրի խնդիր՝ ջուրը շատ քիչ է». Շուռնուխի վարչական ղեկավար

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ Սյունիքի մարզում հայկական զորքը հեշտ քաշվեց՝ շահեկան դիրքերը թողնելով թշնամուն։ Արդյունքում՝ թշնամին այնքան առաջ եկավ, որ մի քանի գյուղում մարդիկ ուղղակի կորցրեցին իրենց տները, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից զատ, բազմաթիվ գյուղեր դարձան խոցելի՝ դրանք էլ հայտնվեցին անմիջապես թշնամու դիտարկման ներքո։
Որոտանում, Շուռնուխում մարդիկ թողեցին իրենց տներն ու դուրս եկան, ըստ էության հանձնելով թշնամու հսկողությանը, իսկ Կառավարությունը շտապեց նրանց «մխիթարել», թե կլինի փոխհատուցում, այդ բնակիչների վարձակալած տների համար գումար կփոխանցեն, հետո էլ նոր տներ կկառուցեն։

Օրինակ, Շուռնուխում 13 տուն է անցել թշնամու հսկողության տակ, Կառավարության խոստացած նոր տները, ճիշտ է, կառուցվեցին, բայց չորս անգամ երկարացվեց դրանց՝ մարդկանց հանձնվելու ժամկետը: Նախ խոստացել էին, որ շինարարությունը կավարտեն ու բանալիները մարդկանց կհանձնեն 2021 թվականին, այնուհետև հայտարարվեց, հետո, թե 2022-ին կհանձնվեն, սակայն դրանք մինչև օրս չեն հանձնվել բնակիչներին։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխի վարչական ղեկավար Գրիգոր Դարբինյանն ասաց, որ երկու օր առաջ տների կառուցման շինաշխատանքներն ավարտվել են, սակայն բանալիները դեռ չեն հանձնվել բնակիչներին։ Հիշեցնենք, որ այսօր արդեն 2024 թվականի մայիսի 24-ն է:

«Տները կառուցել ավարտել են, մնում՝ է գան հանձնեն ժողովրդին։ Սպասում են պաշտոնյայի, որ համայնքապետին պետք է տեղյակ պահեն, ինձ էլ ասեն, որ ժողովրդին այդ օրը կանչեմ Շուռնուխ, գան իրենց տների բանալիները ստանան։ Չգիտեմ, գուցե Նիկոլ Փաշինյանը գա հանձնի, կամ մարզպետին ասեն, այդ մասին ես տեղեկություններ չունեմ։ Երբ բանալիները տան, մարդիկ հետ կգան, իրենց տներում կապրեն»,- ասաց Շուռնուխի ղեկավարը։
Նոր կառուցվող թաղամասն ունի նաև ջրի խնդիր, գյուղապետի խոսքով՝ ջուր կա, բայց շատ քիչ է, ամռանը բնակիչները խնդիրներ կունենան։

«Ջրի խնդրի մասին տեղյակ ենք պահել համապատասխան մարմիններին, 40 կմ ջրագիծ պետք է քաշվի։ Ամռանը բնակիչները խնդիրներ կունենան, որովհետև ջուրն ավելի է նվազելու։ Չեմ կարող ասել՝ մինչև ամառ կսարքե՞ն ջրագիծը, թե՞ ոչ։ 40 կմ ջրագիծ պետք է քաշվի, որից մենք ջուր պետք է տանք նաև Բարձրավանին, միայն Շուռնուխի համար չէ։ Հիմա ջուրը Շուռնուխից 3 կմ հեռավորությունից բերել են, բայց քիչ է»,- շեշտեց Գրիգոր Դարբինյանը։

Ի դեպ, իշխանություններն՝ առանց Շուռնուխի բնակիչներին իրենց կորցրածի դիմաց նոր տներ հանձնելու, արդեն դադարեցրել են նրանց տրվող աջակցությունը։

2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։ Այս մասին օրերս «Սպուտնիկ Արմենիայի» հարցմանն ի պատասխան՝ ասել էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս