
Արցախը ITB Berlin 2024-ի՝ ադրբեջանական տաղավարում. բոյկոտելու փոխարեն՝ հայերը մասնակցել են ցուցահանդեսին՝ ծախսելով շուրջ 33 միլիոն դրամ

2023 թվականին, երբ դեռ Արցախը հայկական էր, երբ հայերն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով դեռ բռնի չէին տեղահանվել, երբ չէին քանդվել հայկական պատմամշակութային կոթողները, Եվրոպական խոշորագույն ցուցահանդեսի՝ ITB Berlin-ի կազմակերպիչները Հայաստանին հորդորել էին զբոսաշրջության ցուցահանդեսի նյութերում և ստենդի ձևավորման մեջ չհիշատակել Արցախը:
«ITB Berlin 2023 ցուցահանդեսին քաղաքական բնույթի գովազդը խստիվ արգելվում է նույնիսկ այն դեպքում, երբ դա արվեստի և մշակույթի տեսքով է: Մասնավորապես, դա նշանակում է, որ չեն կարող տարածվել քաղաքական բնույթի նյութեր՝ պաստառների, տեղեկատվական նյութերի և այլնի տեսքով։ Մեր առաջարկությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին»,- ասվել էր հորդոր-նամակում:
Ցուցահանդեսը տեղի ունեցավ Բեռլինում՝ մարտի 7-9-ը, և, ինչպես և ենթադրվում էր, ՀՀ իշխանությունները որոշեցին մասնակցել՝ ընդունելով թելադրված պահանջ-պայմանները, այն է՝ Պիղատոսի նման ձեռքերը լվանալ հազարամյա մշակութային ժառանգությունից:
Մինչդեռ, հիշենք, թե ինչպես էին 2016 թվականին ադրբեջանցիները հայկական հողերում հայկական մշակույթի ցուցադրության համար բոյկոտում այս նույն ցուցահանդեսը:
Այս տարի, արդեն առանց «խանգարող» հանգամանքների, ՀՀ իշխանությունները մասնակցեցին նույն ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ մարտի 5-7-ը: Այս ցուցահանդեսի համար Էկոնոմիկայի նախարարությունը գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով մարտի 1-ին ITB Berlin 2024 միջազգային ցուցահանդեսի տաղավարի կառուցապատում և հարդարում ծառայություն է պատվիրակել 25 միլիոն 904 հազար դրամով, ապա նաև՝ մարտի 13-ին, հանրայնացված պայմանագրով՝ ևս 7 միլիոն 133 հազար դրամ հատկացրել միջազգային ցուցահանդեսի տարածքի տրամադրման վճարի համար:
Իսկ հիմա՝ ամենահետաքրքրականը. Ադրբեջանն այս ցուցահանդեսին ներկայացել էր ստենդներով, որոնցում հայկական Արցախի դրվագներն էին, ու չկար այս ցուցահանդեսի որևէ կազմակերպիչ, որ արգելեր ցեղասպան Ադրբեջանին հիշատակել հայկական ժառանգությունը ցուցահանդեսում: