Չի կարող Ֆրանսիան կամ որևէ այլ պետություն աջակցել քեզ, երբ դու արդեն զիջել ես քո տարածքային ամբողջականությունը, Փաշինյանի իշխանությունն է խախտել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Հրաչ Վարժապետյան

Ֆրանսիան բազմիցս նշել է, որ ուշադիր և զգայուն է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է, ավելին, Ֆրանսիայի ղեկավարությունը պաշտպանական սպառազինություն է մատակարարում, որ Հայաստանն ամրապնդի իր անվտանգությունը, բայց Տավուշում սկսած սահմանագծումից, ըստ էության, շահում է միայն Ադրբեջանը, իսկ տեղի գյուղերի և ամբողջ Հայաստանի անվտանգությունը հայտնվում է առավել մեծ սպառնալիքների տակ:

Որքանո՞վ է Ֆրանսիան աջակցում այս տեսակ ապագային և ի՞նչ է մտածում այս մասին, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ:

– Այո, Ֆրանսիան, ինչպես շատ այլ երկրներ, հայտարարել է նման բան: Ինչ վերաբերում է Տավուշի գյուղերի դատարկման և անվտանգության սպառնալիքների համատեքստում աջակցմանը, ապա Ֆրանսիան կարող է տարբեր կերպ աջակցել, օրինակ, ՄԱԿ-ում, միջազգային ընտանիքի մեջ այս հարցը բարձրացնել, բայց ինչ գործնական աջակցության մասին կարող է խոսք լինել, երբ ՀՀ իշխանություններն իրենք իրենց չեն աջակցում: Չի կարող Ֆրանսիան կամ որևէ այլ պետություն աջակցել քեզ, երբ դու արդեն զիջել ես քո տարածքային ամբողջականությունը: Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ մեկ այլ պետություն պարտավոր չէ և չի աջակցի, կրկնում եմ, երբ Փաշինյանի իշխանությունն է ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտել: Չեմ ցանկանում շատ փակագծեր բացել՝ ինչու և ինչպես այստեղ հասանք, մյուս կողմից, գիտենք ՀՀ իշխանությունների 5 տարվա կառավարման արդյունքը, որի մասին միշտ ահազանգել ենք, բայց լսող չի եղել: Այս առումով Ֆրանսիան աջակցելու պարտավորություն չունի, բայց, անշուշտ, բարոյապես աջակցում է, և հավանաբար դարձյալ կհայտարարի, որ կողմ է ՀՀ տարածքային ամբողջականությանը, բայց միայն այսքանը:

Հարավային Կովկասի հետ կապված Ֆրանսիայի պլանների, դրդապատճառների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Ամեն դեպքում, այսօր ինչի՞ է ուզում հասնել Ֆրանսիան Հարավային Կովկասում՝ Հայաստանի միջոցով: Եվ արդյո՞ք ֆրանսիական պլանները կարող են փոխվել, եթե, օրինակ, ՌԴ-ի հետ այլ հարաբերություններ լինեն:

Կարդացեք նաև

– Այո, եթե Ֆրանսիայի հարաբերությունները ՌԴ-ի հետ լավանան, կամ Ռուսաստանի, այսպես ասած, հզոր վերադարձ լինի դեպի կովկասյան քաղաքականություն, և այն շրջադարձ ստեղծի առկա իրողության մեջ, Ֆրանսիան, անշուշտ, իր դիրքորոշումը կփոխի: Իսկ թե ինչ է փնտրում Ֆրանսիան Հարավային Կովկասում, բնականաբար, այս ամենը պետք է դիտարկել ԱՄՆ-ի հետ Ֆրանսիայի համաձայնության համատեքստում: Այսինքն, ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկաս մտնելու շրջագծի մեջ պետք է տեսնել Ֆրանսիայի շահերը, այլապես Ֆրանսիան ուղղակիորեն Հարավային Կովկասում այդքան էլ մեծ շահեր չունի, մանավանդ, որ հիմա նավթի և գազի հետ կապված հարցերի համատեքստում սկսել է կորցնել իր շահերն Ադրբեջանի հետ իր լարված հարաբերությունների պատճառով, Ադրբեջանում հարցականի տակ է կամ կարող է հայտնվել Total ընկերությունը, և նույնիսկ տնտեսական շահերը կարող է Ֆրանսիան Հարավային Կովկասում կորցնել: Հետևաբար՝ Հարավային Կովկասում Ֆրանսիայի ներկայությունը, կրկնում եմ, պետք է դիտարկել ՆԱՏՕ-ի շրջագծում և ԱՄՆ-ի հետ սերտ գործակցության համատեքստում:

– Հարցը պատահական չտվեցի, որովհետև ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ակնարկել է ինչ-որ պահի մտածել Եվրոպայի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վերակառուցման մասին, որում Ֆրանսիան է իր դերակատարումն ունենալու: Այսօր որքանո՞վ է հենց Ֆրանսիան տուժում ՌԴ-ի հետ վատ հարաբերությունների արդյունքում:

– Այո, նման բան հայտարարվել է, և դրա իրավունքը Ֆրանսիայի նախագահն ունի: Եվ, այո՛, Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառով Ֆրանսիան տուժում է, և ոչ միայն տնտեսական առումով, նաև քաղաքական:

Չպետք է մոռանալ, որ Ֆրանսիայի բոլոր ղեկավարները, ինքը՝ Մակրոնը, և ընդհանրապես Ֆրանսիայի վերնախավը շատ լավ գիտի և ընդունել է, որ Ֆրանսիա-Ռուսաստան հարաբերություններն ունեն պատմական հիմքեր՝ թագավորական ժամանակաշրջաններից: Եվ իրապես Ֆրանսիա-Ռուսաստան հարաբերությունները միշտ շատ սերտ են եղել նաև մշակութային և քաղաքակրթական առումով: Այստեղ պետք է ասել, որ Ֆրանսիան Եվրամիության՝ ՌԴ-ի դեմ վարած քաղաքականության զոհն է՝ իբրև ԵՄ առաջամարտիկ:

Իհարկե, չպետք է անտեսել ԱՄՆ-ի հետ Ֆրանսիայի համաձայնության խնդիրը, այսինքն՝ այստեղ՝ եվրոպական քաղաքականության մեջ խառն է ԱՄՆ-ի «մատը», նույնիսկ Ֆրանսիայի՝ ՌԴ-ի հանդեպ քաղաքականության: Եվ հիմա գուցե փորձ է արվում Ֆրանսիայի կողմից հետդարձ անել, քանի որ, դիվանագիտական լեզվով ասած՝ կարմիր գիծ է հատվել:

Մի փոքր փակագիծ բացեմ՝ Ֆրանսիայի ներքին քաղաքական բեմի վրա բավական մեծ դժգոհություն կա հակառուսական այս քաղաքականության նկատմամբ:

Բավականին մեծ թվով ֆրանսիացի քաղաքական անձինք, կուսակցապետեր, քաղաքական խոսքի կշիռ ունեցող շրջանակներ դեմ են Ֆրանսիայի հակառուսական քաղաքականությանը, և Մակրոնի այս հայտարարությունն ու հետդարձի փորձը նաև արդյունք կամ հետևանք է ֆրանսիական ներքին քաղաքականության կյանքում բարձրացված այդ դժհոհությունների:

– Ի դեպ, Մակրոնը նաև հայտարարել էր, որ Եվրոպան շտապ պետք է իր համար հուսալի պաշտպանական հայեցակարգ ստեղծի: Այսինքն, այսօր Եվրոպայի պաշտպանական համակարգը բավարար հուսալի չէ՞:

– Հարցնում եք՝ Եվրոպայի պաշտպանական համակարգը բավարար հուսալի չէ՞, ոչ, եթե դա համեմատում ենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ռազմական համակարգերի և բանակների հետ: Այսինքն, իր դաշնակից և մրցակից պետությունների համեմատ՝ Եվրոպան շատ ավելի թույլ է, և հավանաբար սա հաշվի առնելով է, որ Մակրոնն ասել է՝ Եվրոպան շտապ պետք է իր համար հուսալի պաշտպանական հայեցակարգ ստեղծի:

– Ֆրանսիայի ներքին քաղաքական վիճակին թռուցիկ անդրադարձանք, կարո՞ղ ենք այսօր երկրի ներսում տիրող վիճակը համարել ոչ կայուն:

Ո՛չ, ես այդպես չէի ասի: Ֆրանսիայի ներքին կյանքում կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ օտարականների և դեպի Ֆրանսիա, Եվրոպա սանձարձակ գաղթի, տարբեր քաղաքակրթությունների բախումների առումով, կան անապահով կացություններ հատկապես մեծ քաղաքներում, բայց չենք կարող ասել, որ Ֆրանսիայի ներքին վիճակը կայուն չէ, պետությունը և ոստիկանությունը երկրի տերն են: Բայց, իհարկե, մտահոգիչ է իրավիճակը տարբեր խլրտումների, էթնիկ հարցերի, մաֆիական համակարգերի հետ կապված, սակայն երկրի ընդհանուր ներքին վիճակը կայուն է:

– Եվ վերջում՝ Իրան-Ֆրանսիա հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք՝ Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում, արդյո՞ք Ֆրանսիան չեզոք դիրքում է:

– Նախ պետք է նշել, որ Ֆրանսիա-Իրան հարաբերություններն իրանական հեղափոխությունից հետո արդեն նույնը չեն և սկսել են աստիճանաբար վատթարանալ: Եվ այս վերջին տարիներին Ֆրանսիա-Իրան հարաբերությունները գտնվում են բավականին վատ մակարդակի վրա:

Եվ մանավանդ Իրան-Իսրայել հակամարտությունն ազդում է նաև Ֆրանսիա-Իրան հարաբերությունների վրա, որովհետև պետք է ընդունել, որ Ֆրանսիայում հրեական լոբբին ազդեցիկ է, և իր ճնշումների միջոցով նաև Ֆրանսիային պարտադրում է հակաիրանական այդ քաղաքականությունը, կամ ավելի ճիշտ՝ պրոիսրայելյան քաղաքականությունը:

Ֆրանսիան պրոիսրայելյան քաղաքականություն է վարում՝ մանավանդ Իրանի հետ այս հակամարտության մեջ, ու առնվազն Մակրոնի պաշտոնավարման վերջին երկու տարին հենց պրոիսրայելյան քաղաքականություն է որդեգրել Իրան-Իսրայել, Իսրայել-Պաղեստին հակամարտությունների ֆոնին՝ հատկապես, ինչը ճիշտ հակառակն է Ֆրանսիայի ավանդական քաղաքականության, մինչև Նիկոլա Սարկոզիի ընտրություն, Ֆրանսիան ավելի շատ պրոարաբական քաղաքականություն է վարել, բայց Սարկոզիից հետո այդ քաղաքականությունը շրջվեց դեպի պրոիսրայելական, շարունակվեց դա, և այսօր Մակրոնը շատ հստակ պրոիսրայելական քաղաքականություն է վարում:

Կրկնում եմ՝ հրեական լոբբին մեծ ազդեցություն ունի ֆրանսիական վերնախավի վրա, իհարկե, Ֆրանսիայի ներքին քաղաքական կյանքում լսվում են ձայներ, որ Ֆրանսիան պետք է վերադառնա իր երբեմնի չեզոք քաղաքականությանը և հակամարտող կողմերի հետ փորձի լեզու գտնել և չեզոք դիրք բռնի: Այս պահին այդ չեզոքությունը չկա:

Տեսանյութեր

Լրահոս