Հայ-ադրբեջանական հանդիպում Ղազախստանում․ աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի շահերն է առաջ մղում Ղազախստանը՝ հետսովետակա՞ն, թե՞…

Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, սահմանազատ գործընթացի մեկնարկին, որը հայկական կողմը միակողմանի զիջումներով է սկսել, Հայաստանն ընդունել է Ղազախստանի հրավերը՝ Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ Այս մասին տեղեկությունները հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշել է նա։

Ավելի վաղ Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս կատարեց այցեր Ադրբեջան և Հայաստան և առաջարկեց խաղաղ բանակցություններ վարել հանրապետության հարթակում, սա ըստ էության տեղի ունեցավ այն փուլում, երբ կողմերը սկսում էին խնդրահարույց սահմանազատման գործընթացը։ Ուշագրավ է նաև, որ սրան հաջորդեց Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնի այցը Ղազախստան։ Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Մուրատ Նուրթլեուն և Դեյվիդ Քեմերոնը նոր համաձայնագիր ստորագրեցին երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին։ «Կենտրոնական Ասիան գտնվում է մեր առջև ծառացած որոշ ամենամեծ մարտահրավերների էպիկենտրոնում, և Մեծ Բրիտանիայի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունի, որ մենք նպաստենք նրա ապագա բարգավաճմանը», – ասել էր Քեմերոնը, ըստ էության, բացելով Ղազախստանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններում նոր էջ։

Հատկանշական է, որ այս տեղեկությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին է զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ում Ալիևն ասել է, որ համաձայն ղազախական կողմի առաջարկի՝ շարունակել բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ, մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում»։

Կարդացեք նաև

Այս զարգացումները տեղի են ունենում աշխարհաքաղաքական մակարդակում կարևոր շփումների ու հանդիպումների ֆոնին՝ Բլինքենի զանգը ռեգիոն հաջորդում է նրա այցին Չինաստան, Ալիևի այցին Մոսկվա, նախորդում՝ Փաշինյանի հնարավոր այցին Մոսկվա, որտեղ մայիսի 7-ին սպասվում է Պուտինի երդմնակալության արարողությունը, և Պուտինի սպասվող այցին Չինաստան, որից հետո սպասվում է նաև Թուրքիայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ։

168am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ Ադրբեջանը պարբերաբար փոխում կամ հրաժարվում է բանակցային այն հարթակներից, որոնց դեմ է։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵՄ-ն վերջին ամիսներին առավել հայամետ դիրքորոշումներ են արտահայտում, աջակցության հայտարարություններով հանդես գալիս, որն էլ պատճառ է, որպեսզի բանակցությունները տեղափոխվեն երկկողմ կամ բազմակողմ մեկ այլ հարթակ։

«Ղազախստանի միջնորդությունը կրում է սիմվոլիկ բնույթ, արտահայտում է Հարավային Կովկասում Ղազախստանի շահը, բայց որպես միջնորդ՝ ղազախական կողմը որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Դա նույնն է, ինչ կողմերը բանակցեն երկկողմ ձևաչափով, սակայն այս փաստը ցույց է տալիս Ղազախստանի ազդեցության աճ ռեգիոնում։

Ղազախստանի հավակնությունը՝ միջնորդել, և Ադրբեջանի կողմից այդ հավակնության ճանաչումը, կապ ունի այն աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, որոնք մասամբ տեղի են ունեցել և դեռ տեղի են ունենում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ պայմանավորվածությունների ամենագրավիչ հատվածը վերաբերում է ռեգիոնալ ճանապարհներին։ Այս դեպքում Ղազախստանը ևս ունի շահեր ու հետաքրքրություններ՝ կոմունիկացիոն ու տնտեսական։

Բնականաբար, ոչինչ պատահական չէ, պատահական չէ նաև, որ Ղազախստանը նման առաջարկ է անում և կնքում Բրիտանիայի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, Բրիտանիան իր հերթին՝ խորացված տնտեսական-էներգետիկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե բանակցություններն Արևմուտքից տեղափոխվում են հետսովետական երկիր՝ Ղազախստան, ուստի արտացոլելու են հետսովետական աշխարհակարգի շահերը, սակայն դա այդպես չէ, քանի որ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի կնքումն էականորեն է փոխում Ղազախստանի դերն ու դիրքը, ուստի ընկալել՝ որպես հետսովետական դասական տարածք, պետք չէ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, Ղազախստանի հրավերի ընդունումը ևս մեկ անգամ փաստում է, որ կողմերից գոնե մեկը չի ցանկանում բանակցել Արևմուտքում։

«Ուշագրավ է նաև այն, որ ավանդական բոլոր միջնորդները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան, ներկայումս չեն մասնակցում գործընթացին, սա ևս լուրջ տրանսֆորմացիայի արտացոլում է»,- ասաց փորձագետը։

Ուվե Հալբախը գտնում է, որ հանդիպումը կանցնի աշխատանքային մթնոլորտում, քանի որ կողմերը շարունակում են փոխանակվել համաձայնագրի իրենց առաջարկներով, ազդարարում են, որ համաձայնեցման ենթակա քիչ հարցեր են մնացել, նշում են համաձայնագրի ստորագրման ժամկետներ։

«Այս ամենը նշանակում է, որ երկար դադարից հետո Ղազախստանում սպասվում են հագեցած քննարկումներ, թե ինչ հարցեր ու ինչ արդյունավետություն կունենա այդ քննարկումը՝ այլ հարց է, սակայն գործընթաց կա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս