Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան

Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՀ գործող իշխանությունների պատկերացրած անվտանգային համակարգի երաշխավորը ոչ այլ ոք է, քան Թուրքիան և Ադրբեջանը:

«Սա պետք է շատ հստակ արձանագրվի՝ մեր ժողովուրդն ընդունո՞ւմ է, որ իր երաշխավորը պիտի լինի թուրք-ադրբեջանական տանդեմը: Այդպիսի ապագա ինքն իր համար պատկերացնո՞ւմ է: Սա նույնն է, ոնց որ գառանը հանձնես գայլին, որ պահի գառան անվտանգությունը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ հայ ազգը պետք է ապացուցի, որ որպես ազգ՝ կենսունակ է, և իր հայ տեսակը պահպանելու ռեսուրս և ուժի աղբյուրներ ունի:

Ռուստամյանի խոսքով, պետք է ցույց տալ նաև, թե ուր է հասցնելու ՀՀ իշխանությունների ծրագիրը, երբ մեր անվտանգության երաշխավորը դառնում են Թուրքիան և Ադրբեջանը, և միամտություն է կարծել, որ զիջելուց հետո Ադրբեջանը կանգ է առնելու, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը:

«Արցախը հայտարարելով Ադրբեջանի կազմում, մենք մեծագույն ավեր ենք թույլ տվել մեր հայ իրականության մեջ, և սա իր դառը պտուղները դեռ շարունակելու է տալ: Արցախը տալով՝ ՀՀ-ի նկատմամբ ավելացան և բազմապատկվեցին անվտանգային մարտահրավերները: Հիմա որ ասում են՝ Տավուշի այդ գյուղերը մերը չեն, Ադրբեջանինն են, դրանից էլ են բխելու հետևանքներ, էլի ասելու են՝ ագրեսոր եք, ստիպել եք տեղի բնակչությանը դուրս գալ: Այսինքն, էթնիկ զտումների մեղադրանքը, որ մենք կարող ենք ներկայացնել Ադրբեջանին, Ադրբեջանն է մեզ ներկայացնելու»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավորը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս