Եթե ուզեն իշխանափոխություն անել՝ կանեն. հասարակության պատկերացումներում, ի տարբերություն 2018-ի, շատ բան է փոխվել. Քաղտեխնոլոգ
Տավուշի մարզում շարունակվում են բնակիչների բողոքի ակցիաներն՝ ընդդեմ Իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման, որը, նրանց կարծիքով՝ սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում Հայաստանի կողմից։
Այս ամենին զուգահեռ՝ Կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտնում են, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում քանի սյուն է հայտնվել։ Երեկ Կառավարությունից հայտնել էին, որ ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Արդեն երկու օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում Երևանում, քաղաքացիները փակում են կենտրոնական փողոցները՝ ի զորակցություն տավուշցիների, զուգահեռաբար պահանջելով իշխանության հրաժարականը։ Երեկ բողոքի ակցիաներ էին անցկացվում նաև Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը խոսելով այս հատվածական բողոքի ակցիաների՝ հետագա զարգացումների և համաժողովրդական ընդվզման վերաճելու հնարավորությունների մասին, ասաց՝ իհարկե, հասարակության մի հատվածի մոտ նկատվում են դժգոհություններ իշխանությունների վարած զիջողական քաղաքականության նկատմամբ, որոնք արտահայտվում են որոշակի միջոցառումների, մասնավորապես՝ փողոցներ կամ մայրուղիներ փակելու միջոցով։
«Սակայն մեկ բան պետք է հասկանանք, որ փողոցներ, մայրուղիներ կամ միջհամայնքային ճանապարհներ փակելը, դրանք ընդամենը գործիքներ են, միջոցառումներ, որոնք կարող են աշխատել որոշակի պայմանների առկայության դեպքում։ Այս պահի դրությամբ այդ պայմաններն առկա չեն, մասնավորապես՝ որքան էլ տարօրինակ է, չկա համընդհանուր դժգոհություն։ Իհարկե, դժգոհությունը մեծ է, բայց մեծը քանի՞ տոկոս է։
Երկրորդը՝ պետք է լինի մի քաղաքական ուժ, որը կիրականացնի կազմակերպչական գործողություններ ինքնաբուխով։
Երրորդ՝ համաժողովրդական ընդվզման համար պետք է տեղեկատվական գործընթաց կամ տեղեկատվական քարոզչություն իրականացվի բազմաթիվ լրատվամիջոցներով, սա չկա։
Չորրորդ՝ ամենակարևոր գաղափարական ուղեկցումն այդ միջոցառման չկա, այսինքն՝ փակում են, որ ի՞նչ, որ ասեն՝ մի զիջի՞ր, արդեն զիջում է։ Փակում և ասում են՝ մի զիջիր այս սարը, որովհետև այդ սարը կարևոր է Տավուշի Կիրանց գյուղի համար։ Բայց արդյո՞ք այդ սարը կարևոր է Սիսիանի կամ Երևանի Չարբախի բնակչի համար։ Նախորդ անգամ կար «Մերժիր Սերժին», հիմա այդ գաղափարը չկա, որովհետև մարդիկ կան, ասում են, մենք ուղղակի ասում ենք՝ այս սարը մի զիջիր, չենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նկատի ունեմ՝ պետք է լինի հստակ գաղափար՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման գաղափար»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ի տարբերություն 2018 թվականի, այսօր ներքին գործընթացները բոլորովին այլ են ու վտանգավոր։ Ավելին՝ այսօր իշխանափոխության հարցում պետք է անպաման լինի դրսի աջակցությունը, այնպես, ինչպես եղավ 2018 թվականին։
«Նախորդ անգամ, երբ ոստիկանությունն ուժ էր կիրառում, հեղափոխականները ստանում էին Արևմուտքի աջակցությունը, իսկ այսօր ոստիկանության բիրտ ուժ կիրառելու դեպքերում՝ առնվազն Արևմուտքի կողմից փողոց փակողները չեն ստանում աջակցություն։
Նշածս գործոնների առկայության դեպքում, եթե նաև ակցիաները զանգվածային բնույթ կրեին, կարող էր հաջողություն լինել, սա՝ տեսականորեն։ Բայց ոչ տեսականորեն, պետք է հաշվի առնել, որ պայքարի յուրաքանչյուր մեթոդ բնորոշ է տվյալ իրավիճակին, այսինքն՝ մարդը չի կարող հաջորդ պայքարին կիրառել նախորդի մեթոդոլոգիան և ունենալ հաջողություն։ Նկատի ունեմ, որ հիմա ուրիշ պայմաններ են, պետք է իրականացվի ուրիշ գործընթացներ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանը դժվարացավ առանձնացնել՝ իր թվարկած գործոններից որն է առաջնայինը, քանի որ, ըստ նրա՝ այդ բոլոր գործոնները պայմանավորված են մեկը մյուսով, և դրանք զուգահեռաբար կիրառելը միայն կարող է արդյունք ապահովել։ Բոլորը կարևոր են միաժամանակ։
Ըստ նրա, բացի այդ մեթոդներից, արդյունքների հասնելու այլ մեթոդներ ևս կան, որի մասին պետք է մտածի ու խոսի ընդդիմությունը, բայց մանրամասնել չի կարող։
Ինչ վերաբերում է շրջանառվող տեսակետներին, որ ճանապարհներ փակած քաղաքացիների պայքարի կենտրոնը պետք է լինի Հանրապետության հրապարակը, Արմեն Բադալյանը հակադարձեց.
«Պետք է լինի հստակ ծրագիր, գաղափար, հավաքվելու են Հանրապետության հրապարակում, ի՞նչ անեն, ե՞րթ, փակեն Կառավարության շենքի մուտքե՞րը, ազգային պարեր պարե՞ն, թե՞ այլ բան։ Ուստի պետք չէ զգացմունքներով առաջնորդվել, պետք է դատել սառը, հատկապես հիմա, որ բավականին ծանր վիճակ է։ Ավելին՝ եթե ուզեն իշխանափոխություն անել, կանեն, հատկապես այն դեպքում, որ հասարակության պատկերացումներում՝ ի տարբերություն 2018 թվականի, շատ բան է փոխվել»։