«Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող եմ իմ տատի, պապի գերդաստանին ցեղասպանածի շառավիղների հետ հարևանություն, ընկերություն անել»․ Անի Մանուկյան

Հայոց ցեղասպանությունը վերապրած կրտսեր սերնդի միայն մի մասին է բախտ վիճակվել հայտնվել հայկական որբանոցներում։ Ի՞նչ ճանապարհ են անցել, ինչպիսի՞ ճակատագիր են ունեցել։ Այս ամենն ուսումնասիրել է երկու որբերի ժառանգ, լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու Անի Մանուկյանը։

 – Երկու գրքի հեղինակ եք՝ «Հաղթեցին ապրելով» և «Խաչված ճակատագրեր»: Ինչո՞ւ որոշեցիք հենց որբանոցներում հայտնված սերնդին անդրադառնալ։

– Բավականին երկար ճանապարհ եմ անցել, նախքան այս մտքերը թղթին հանձնելը։ Մորս կողմից հայրը և մայրը, որոնց, ի դեպ, ես չեմ տեսել, մեծացել են Ալեքսանդրապոլի «Պոլիգոն» որբանոցում, և կյանքիս ամբողջ ընթացքում մորիցս լսել եմ կատարվածի մասին։ Տատիկը քիչ է խոսել, բայց պապս, ով եղել է Խնուսից, բավականին հուշեր է փոխանցել մորս։ 2019թ․, երբ ԱՄՆ-ում էի ու ժամանակս մի քիչ շատ էր, անգլերենից հայերեն էի թարգմանում Կարսի ջարդերը վերապրած Սուրեն Հանեսյանի գիրքը և հենց այդ ընթացքում միտք հղացավ թղթին հանձնել իմ ընտանիքի պատմությունը։

Դժբախտաբար, շատ ինֆորմացիա չունեի․ տատիկս Վանից էր, երեք տարեկանում հայտնվել է Էջմիածնում, հետո՝ Աշտարակում, ապա՝ Գյումրիում։ Որոշեցի, որ սա ավելի շատ լինի փաստավավերագրական աշխատանք, որի շրջանակներում իմ շուրջ կհավաքեմ այն կանանց, ովքեր կիսում են պատմական նույն ճակատագիրը։ 34 կանանց գտա ամբողջ աշխարհում։ Սկսեցի ԱՄՆ-ից ու, երբ վերադարձա Հայաստան՝ անմիջապես մեկնեցի Գյումրի ու փնտրտուքը սկսեցի այնտեղից։ Շատ հետաքրքիր բացահայտումներ եղան։ Մեծ թիվ են կազմում գյումրեցի կանայք, որոնց մայրերը կամ տատիկները եղել են երեք մեծ ամերիկյան որբանոցներում՝ «Պոլիգոն», «Կազաչի պոստ» և «Սևերսկի» կայաններում։ Ժառանգներ եղան ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Ռուսաստանից։

Կարդացեք նաև

Գրքում զետեղված է նաև տատիկիս պատմությունը։ Հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, երբ փողոցից փողոց էի անցնում՝ ժառանգներին գտնելու համար, ու մեզ ասել էին, որ Վասպուրական թաղամասում շատ են եղել որբերը, մինչև դա՝ գնացի «Պոլիգոն», և ինձ հանդիպած քաղաքացիներից մեկը պատմեց, որ իր հարևանը բանաստեղծ Հովհաննես Շիրազի հետ նույն որբանոցում է եղել։ Ի դեպ, ասում էին՝ Շիրազը և՛ «Պոլիգոն»-ում է եղել, և՛ «Կազաչի պոստ» -ում։ Նրա պատմելով՝ երեխաները պարբերաբար փախել են որբանոցից, գնացել բանջարանոցներից բաներ են գողացել, ու ամեն անգամ բռնել են Շիրազին, քանի որ մի քիչ թմբլիկ է եղել ու դժվարությամբ է կարողացել վազել: Ուստի տղաները որոշել են էլ նրան չտանել, բայց բաժին հանել:

Այս մասին ևս գրված է գրքում: Շատ պատահական հանդիպեցինք մեկին, ով հայտնեց, որ իր տատիկը ևս եղել է որբանոցում։ Սակայն, այս ամենից զատ, ես փորձեցի նաև արխիվներում գտնել ու հասկանալ, թե ինչպիսի՞ն է եղել կյանքը որբանոցներում։ Ազգային արխիվում մոտ մեկ ամիս ուսումնասիրություն կատարեցի, սակայն, ի զարմանս ինձ՝ շատ քիչ նյութեր գտա։ Կարծում էի՝ շատ կլինեին փաստաթղթերը, որովհետև բազում որբանոցներ են եղել Հունաստանում, Երուսաղեմում, Մերձավոր Արևելքում։

Ինչո՞ւ որոշեցիք հենց կանանց մասին գրել։

– Չգիտեմ, դա էլ հետաքրքիր հարց է։ Վերջերս կոլեգաներից մեկն ասաց, որ կարծում է՝ գրքում գենդերային բալանսը խախտված է։ Պարզապես ես ուզեցի, որ կինը գրի կնոջ մասին։ Այն, թե ինչքանո՞վ է կինը հիշում իր տատիկին կամ մորը, ինչքանո՞վ է պահպանում այդ հիշողությունները։ Գիտեք, կնոջն ընտրեցի նաև այն պատճառով, որ իմ աչքի առջև միշտ տատիկս էր, ու ուզում էի հասկանալ, թե նրա նման ինչքա՞ն են եղել։ Ասեմ, որ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի բոլոր ծրագրերը հիմնականում թիրախավորել են կանանց և որբերին, իսկ գաղթական տղամարդկանց հիմնականում աշխատանքով են ապահովել։ Գիրքն անվանեցի «Հաղթեցին ապրելով», քանի որ չցանկացա, որ վերնագրում լինի մահ, զոհ, որովհետև ինձ համար այն մարդիկ, ովքեր վերապրեցին այդ ամենը, հետո կյանք տվեցին նոր սերնդի, որոնցից մեկն էլ ես եմ, հերոսներ են, հաղթանակողներ։ Եթե նրանք այդքան ուժեղ չլինեին, հավանաբար մենք՝ որպես ժառանգներ, չէինք լինի։ Այնքան էի տպավորված այս գրքով, որ հաջորդ գաղափարն առաջացավ՝ գրել վիպակ։ Վերնագիրն է՝ «Խաչված ճակատագրեր»։ Մարդկանց ճակատագրերը խաչվեցին այդ որբանոցներում, կյանքը շարունակելու միտում ունեցան, և ինչքան էլ ուզում էին հաղթահարել դա՝ հետագայում ամեն մեկն իր կյանքում ունեցավ փոքրիկ ողբերգություն։ Կերպարները հորինված են, սակայն յուրաքանչյուր հերոսի հետևում իրական պատմություն է։ Հերոսուհին Անահիտն է, պատմությունը սկսվում է «Կազաչի պոստ»-ից, ապա տեղափոխվում ենք «Պոլիգոն»։

Բոլորի հետ կատարվածը նույնն է, բայց որբանոց հասնելու ճանապարհները՝ տարբեր։ Ո՞ւմ պատմությունն է Ձեզ հուզել ու միշտ հիշում եք այն։

Բոլորի դեպքն էլ շատ ցավալի է, բոլորն էլ մեծ մասամբ գալիս են Էջմիածին, հետո՝ Աշտարակ, Գյումրի։ Որբերի ժառանգներից մեկը պատմում է, որ երբ տատը մի բան կորցրել է, օրինակ՝ օճառը՝ լվացք անելիս, միշտ հարցրել է, թե ո՞վ տարավ, ինչո՞ւ տարավ: Այսինքն, կորստի խնդիրը կար անընդհատ, քանի որ ընտանիքից միակն է եղել, ով հասել էր որբանոց, խոհանոցում աշխատել վաղ տարիքից, ունեցել դաժան կյանք: Միգուցե որբանոցը փրկություն էր նրանց համար, բայց անցյալը միշտ հետապնդել է։ Կան պատմություններ, որտեղ նշվում է, որ Զորավար Անդրանիկն է բերել սահմանն անցկացրել։ Մյուսներն ասում են, թե՝ ռուս զինվորները։ Տատիկս երեք տարեկան է եղել, ոչինչ չի հիշել։ Ամենայն հավանականությամբ, գաղթականների հոսքով եկել, հասել է Վաղարշապատ։ Իսկ հետո ինչպե՞ս է հայտնվել Աշտարակում, ապա՝ Գյումրիում, այդ հարցերի պատասխանները ես չունեմ։ Հետաքրքիր պատմություններ կան, օրինակ այն, որ երեք քույրերից մեկին տեղափոխում են ամերիկյան որբանոց, որտեղ շատ ավելի կոկիկ, խնամված են եղել, ունեցել են տիկնիկներ, որն այն ժամանակ շքեղություն էր։ Մի քանի տարի հետո պատահաբար հանդիպում է քույրերին, ու իրար ճանաչում են խալով։ Ամերիկուհիները չեն թողնում, որ մոտենան, որովհետև նրանք լինում են կեղտոտ հագուստով, վերքերով, ու քույրերը վազում են սայլի հետևից։ Ստիպված ձեռքի տիկնիկն է գցում, որն ամենաթանկն էր իր համար։ Հետագայում քույրերին որբանոցից վերցնում է, պահում, ամուսնացնում։

Կապը միշտ պահպանվե՞լ է, թե՞ նման տեղափոխությունների ընթացքում քույր, եղբայր իրար կորցրել են։

– «Հաղթեցին ապրելով» գրքում շատ կան նման պատմություններ։ Մի վկայություն կա, որտեղ ասվում է, երբ արթնացել են՝ իմացել են, որ եղբորը ԱՄՆ են տարել առանց զգուշացնելու։ Չգիտեմ՝ դա ինչքանով է հավաստի։ Բայց այո, պատահել է, որ տեղափոխվել են ու քրոջ, եղբոր կապը կտրվել է, ամբողջ կյանքում փնտրել, բայց իրար չեն գտել։ Կարծում եմ՝ հետազոտության մեծ դաշտ է այստեղ բացվում՝ հասկանալու՝ պետական ծրագի՞ր էր, որ տանում էին, ինչո՞ւ էին տանում, ի՞նչ ճակատագրի արժանացան։ Փնտրտուքներից հետո հասկացա, որ որբերը հիմնականում Կալիֆոռնիայում, Ֆրեզնոյում են եղել։

– Արխվային նյութերի հիման վրա՞ եք բոլորին փնտրել, թե՞ պատահաբար հանդիպել եք։

Արխիվում գտել եմ «Պոլիգոն»-ի դպրոցի կառուցվածքը, հաշվետվությունը՝ 1924-25թթ․։ Մանրամասն նկարագրվում էր, թե ի՞նչ դասընթացներ են անցել, ի՞նչ դպրոցներ կան։ Ինֆորմացիա գտա, համաձայն որի՝ դպրոցից հետո անպայման հաճախել են արհեստանոցներ։ Գտա նաև ուտելիքին վերաբերող փաստաթուղթ․Ալեքսանդրապոլի ամբողջ որբանոցների ճաշացանկը կար, թե երկուշաբթիից մինչև կիրակի ինչ են կերել։ Բանջարեղենը չնայած թանկ է եղել, բայց պահպանել են, շաբաթը մեկ մսային ուտեստով են փորձել ապահովել։ Հետաքրքիր է, որ ամերիկացի գլխավոր բժիշկը հաշվետվության մեջ գրել է՝ քանի որ հայերը արևելյան ժողովուրդ են ու հաց շատ են ուտում, քանակը շատ պետք է լինի։ Ինֆորմացիա գտա նաև խտացրած կաթի և կակաոյի մասին, որն առաջին անգամ են երեխաները փորձել, նախկինում չէին տեսել։ Ժառանգներից մեկը պատմում է, որ տատիկը շատ է սիրել խտացրած կաթ և ամեն անգամ ասել է․ «Երբ քաղցր կաթն ուտում եմ՝ դառը կյանքս եմ հիշում»։ Նշեմ, որ աղջիկները որբանոցում մնացել են մինչև 17 տարեկանը, տղաները՝ 16։ Բազմիցս քննարկվել է այն հարցը, որ աղջիկները, քանի որ մեկ տարի երկար են մնում, ապա այդքան էլ պետք է սովորեն դպրոցում։ Այսկերպ երկու կարևոր հարց է լուծվում․ այն, որ հայ ազգին պետք են գրագետ մայրեր, և երկրորդ, գրագետ կինն ավելի ինքնաբավ է։

Դուք հանդիպել եք ժառանգներինայսքան ժամանակ է անցել՝ կա՞ պահանջատիրության զգացողությունը։

– Իմ մեջ, որպես ժառանգ, կա պահանջատիրական ցասումը, արդարության վերականգնման պահանջը։ Այդպես բոլորի մոտ էր։ Գյումրիում հանդիպեցի Գայանե Ասլանյանին, ով հարցազրույցի ընթացքում անընդհատ լացում էր։ Իր տատիկի հետ շատ է կապված եղել, գնացել է Արևմտյան Հայաստան, տատիկի գյուղ, հող բերել։ Մինչև հիմա փնտրում է տատի եղբոր ժառանգներին, ում ամբողջ կյանքում փնտրել ու չեն գտել։

– Դուք Արևմտյան Հայաստանում եղե՞լ եք։

– Անկեղծ ասած, իմ մեջ դեռևս ուժ չեմ գտնում։ Կարծում եմ, որ այն ժամանակ պետք է գնալ, երբ արդարությունը վերականգնված կլինի։ Ես չեմ ուզում գնալ, իմ տատիկի, պապիկի հողը տեսնել քրդերով բնակեցված։ Հայոց ցեղասպանությունը միայն հայի խնդիրն ու ողբերգությունը չէ, սա համամարդկային խնդիր է։ Եթե ճիշտ բարձրաձայնենք ու թիրախավորենք, մարդկանց մեծ բանակ կմիանա մեզ։ Եղել է ոճրագործություն մարդկության դեմ։ Վերջերս ինձ Վանից նշենու ծառ փոխանցեցին, որը շատ մեծ սիրով տեղափոխել եմ մեր փոքրիկ հողամաս, ու, եթե դառնան իսկական նշենիներ, կդառնա մի փոքրիկ կտոր՝ Վանից, որը կհիշեցնի իմ տատիկին։

Թուրքիան անընդհատ ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն, այդ երկիրն իր մեջ ուժ չի՞ կարողանում գտնել՝ ընդունելու կատարված ոճրագործությունը։

– Ամենայն հավանականությամբ՝ այո։ Կարծում եմ, որ ոճրագործությունն անժխտելի է, չեն էլ կարող ժխտել, որովհետև ոչ միայն ՀՀ-ում, այլև շատ երկրների արխիվներում կան փաստաթղթեր։ Եթե ներողություն խնդրելու կամք ունենային՝ բնականաբար, դա շատ ավելի ճիշտ կլիներ։ Իհարկե, ներողությունը հարցի լուծում չեմ համարում, սերունդներ շարունակ այդ ցավը կա։ Դա միայն հողի, ունեցվածքի կորստի խնդիր չէ, հոգեբանական ասպեկտը կա։ Ես արդեն որերրորդ սերունդն եմ, չեմ կարողանում ներել այն, ինչ տեղի է ունեցել։ Պետք է շատ խոսենք այս մասին, բարձրաձայնենք։ ԱՄՆ-ում, Օրեգոնի նահանգի պետական համալսարանի «Հոլոքսոտի» բաժին գնացի, այնտեղ և՛ դասընթացներ են վարում, և՛ կենտրոն ունեն։ Երբ գիրքը թարգմանել, տարել էի՝ քարտուղարուհին զարմացավ՝ հարցնելով, թե ի՞նչ Հայոց ցեղասպանության մասին է խոսքը։ Դա ինձ ևս մեկ անգամ ցավ պատճառեց։ Ես ԱՄՆ-ում սովորել եմ, չեք պատկերացնի, թե ինչքան շատ են խոսում Հոլոքոստի մասին։ Մրցակցության հարց չէ, բայց, եթե Հայոց ցեղասպանությունը գործելու համար պատժվեին, հավանաբար Հոլոքստն էլ չէր լինի։

Խոսում են Թուրքիայի հետ բարեկամության կամ որպես հարևաններ՝ խաղաղ ապրելու մասին։ Հնարավո՞ր է այդ բարեկամությունը կամ խաղաղ ապրելը, երբ ոճրագործությունն ընդունված չէ։

– Որքանով փորձում եմ հասկանալ իրենց հոգեբանությունը, կարծում եմ, չեն էլ ընդունի, որովհետև չունեն այդ կամքը։ Պետք է կարողանան հաղթահարել այդ հոգեբանական բարիերը։ Իրենց ազգը պատրաստ չէ։ Ինչ վերաբերում է բարեկամությանը, ապա իմ անունից կարող եմ ասել․ հաշտ չեմ այդ մտքի հետ։ Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող եմ իմ տատի, պապի գերդաստանին ցեղասպանածի շառավիղների հետ հարևանություն, ընկերություն, բարեկամություն անել։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ հավերժական թշնամիներ չկան․ պարզապես պետք է շատ ակտիվ աշխատենք, հասնենք նրան, որ մեր պահանջատիրությունը տա իր պտուղները։ Ե՞րբ մենք մեր հետ հաշտ կլինենք, որ իրենց հետ կարողանանք նստել մեկ սեղանի շուրջ, բանակցել, խոսել ցավոտ թեմայի շուրջ՝ չգիտեմ։ Կարծում եմ՝ թերությունը մեր մեջ է, որ 109 տարի անց չենք կարողացել այս հարցին լուծում տալ։

Գրքերն օտար լեզուներով թարգմանվե՞լ են։

– «Հաղթեցին ապրելով» գիրքը հայերեն է, բայց սկսել եմ թարգմանությունը։ Մեծ նպատակ ունեմ, որ թարգմանվի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ինչպես նաև թուրքերեն։ Իսկ «Խաչված ճակատագրեր»-ը վիպակը նույն գրքում երկու մասի է բաժանված․ մի մասը հայերեն է, մյուս մասը՝ անգլերեն։

Տեսանյութեր

Լրահոս