Աճի պատրանք. Ոսկին հանում ենք, տակը բան չի մնում, անկում է  

Տարեսկզբին Հայաստանի արդյունաբերությունը ռեկորդային բարձր տեմպերով աճել է։ Հունվար-փետրվարին արդյունաբերության ոլորտում արտադրվել է 461 մլրդ դրամի արտադրանք։ Անցած տարի արտադրվել էր 362 միլիարդի։

Արտադրության ծավալներն այս տարի 99 միլիարդով ավելացել են։ Բայց ավելացել են բացառապես մեկ ճյուղի հաշվին, և այդ ճյուղը ոսկեգործությունն է։

Ոսկերգործության մեջ անցած տարվա հունվար-փետրվարին արտադրության ծավալները կազմել էին 9,9 մլրդ դրամ, այս տարի հասել են 119 միլիարդի՝ 109 միլիարդով ավելի, քան անցած տարի։

Հիմա համեմատենք արդյունաբերության մեջ՝ ընդհանրապես, ու ոսկեգործության ճյուղում տեղի ունեցած փոփոխությունները. արդյունաբերությունն ընդհանուր ավելացել է 99 մլրդ դրամով, միայն ոսկեգործությունը՝ 109 միլիարդով։

Կարդացեք նաև

Ոսկեգործության աճը 10 միլիարդով ավելի է, քան ամբողջ արդյունաբերությանը։

Եթե հանում ենք ոսկեգործությունը, ապա արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերում ունենք արտադրության ծավալների կրճատում։ Անցած տարի այն կազմել էր 352 մլրդ դրամ, այս տարի կազմել է 342 միլիարդ՝ ավելի քիչ, քան անցած տարի։

Միայն ոսկեգործության ոլորտի հաշվին է, որ արդյունաբերությունն աճել է, այն էլ՝ բարձր։

Անցած տարվա համեմատ՝ 12 անգամով ավելի արտադրանք է արտադրվել ոսկեգործության մեջ։

Ինչպե՞ս է դա հաջողվել, ինչի՞ շնորհիվ։ Այս հարցերին իշխանությունների կողմից տրամաբանական պատասխան այդպես էլ չի հնչում։

Ոչ մեկը չի ասում, թե այդ մեկ տարվա ընթացքում քանի՞ նոր ոսկերչական արտադրություն է բացվել, ինչքա՞ն նոր հզորություններ են ստեղծվել, եղածները որքանո՞վ են ավելացրել հզորությունները, որ արտադրության ծավալները 12 անգամով աճել՝ 9,9 միլիարդից հասել են 119 միլիարդի։

Եթե այս ամենն իրական լիներ, առնվազն մի քանի հազար ոսկերիչներ պետք կլինեին, որոնք Հայաստանում չկան։

Ոսկեգործության այս աճերը, բնականաբար, այլ երկրների տնտեսությունների հաշվին են։ Ռուսական ոսկին ներմուծել են ու Հայաստանով արտահանել։ Մի մասն էլ ձեռքի հետ արտահանել են Հայաստանի արդյունաբերության արտադրանքի անվան տակ ու ստացել նման աճեր։

Սա է պատճառը, որ եթե անցած երկու տարիներին արտահանումն էր Ռուսաստան անգամներով ավելանում, այս տարի ներմուծումն է սկսել անգամներով ավելանալ։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նույնիսկ կրճատվել է։ Իսկ ներմուծումը 3,5 անգամով ավելացել է։

Անցած տարվա 452 մլն դոլարի դիմաց՝ այս տարի Ռուսաստանից ներմուծումը Հայաստան հասել է 1 մլրդ 606 մլն դոլարի։

Այս աճի հիմնական բաղադրիչը հենց ոսկին է ու թանկարժեք քարերը։

Անցած տարի ոսկու ու թանկարժեք քարերի ներմուծումը տարեսկզբի երկու ամիսներին կազմել էր 183 մլն դոլար, այս տարի հասել է 1 մլրդ 331 միլիոնի։

Սրա շնորհիվ է Հայաստանում ոսկու արտադրատեսակների արտադրությունը թռիչքաձև աճել։

Արդյունքում՝ արդյունաբերության մեջ արձանագրվել է գրեթե 29 տոկոսանոց աճ, մշակող արդյունաբերության մեջ՝ 47 տոկոսանոց աճ, միայն մշակող արդյունաբերության ոսկեգործության ճյուղում՝ 12 անգամով աճ։

Թվում է, թե արդյունաբերությունը համընդհանուր աճի մեջ է։ Բայց այս բոլոր աճերը բացառապես մեկի հաշվին է՝ ոսկեգործության հաշվին։ Եթե ոսկեգործության այս հայտնի աճը տեղի չունենար, արդյունաբերության մեջ անկում կլիներ։

Ոսկեգործությունից բացի, մյուս բոլոր ճյուղերն անկումային են եղել, արտադրության ծավալները կրճատվել են։

Արտադրության ծավալներով ոսկեգործությունն անցել է արդյունաբերության մյուս բոլոր առաջատար ճյուղերին՝ սննդամթերքի արտադրությանը, խմիչքների արտադրությանը, անգամ հանքարդյունաբերությանը։

Եթե նախկինում մշակող արդյունաբերության արտադրանքի ընդամենը 4,8 տոկոսն էր բաժին ընկնում ոսկեգործությանը, ապա այս տարի հասել է 37,5 տոկոսի։

Սա է մեր արդյունաբերության իրավիճակն ու բարձր աճերի, նաև ամբողջ տնտեսության բարձր աճերի իրական պատկերն ու հիմքը։

Հիմա սրանից պետք է ուրախանա՞լ, թե՞ տխրել։

Արդյունաբերության ընդհանուր և հատկապես արտահանելի հատվածի իրավիճակը տագնապալի է, որը պետք է մեծապես անհանգստացնի իշխանություններին, որովհետև, չնայած արձանագրվող բարձր աճերին, եղած հնարավորություններն էլ զիջում ենք։ Աճերը, որոնք կան արդյունաբերության մեջ, աչքակապություն են։ Դրանց ֆոնին՝ իրականում արդյունաբերությունը կաթվածահար վիճակում է։ Բազմաթիվ ճյուղերում արտադրության ծավալները նվազել են։

Սննդամթերքի արտադրությունն է կրճատվել, ծխախոտինը, հագուստինը, քիմիայինը, դեղագործական արտադրանքներինը, համակարգիչներինը, էլեկտրոնային ու օպտիկական սարքավորումներինը, այլ արտադրանքներինը։

Անկումը շարունակվել է նաև հանքարդյունաբերության մեջ։ Շինանյութերի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ ցեմենտի արտադրությունն է կրճատվել։

Ավտոմեքենաների արտադրությունն է իսպառ դադարել։ Այս տարի Հայաստանում ոչ մի ավտոմեքենա չի արտադրվել, մինչդեռ անցած տարի խոսում էին Հայաստանն ավտոարտադրության երկիր դարձնելու մասին։

Այսքանից հետո տարեսկզբին ունենք արդյունաբերության բարձր, վերամշակող արդյունաբերության ռեկորդային բարձր ու, որ այդ ամենի վրա առանցքային դեր է ունեցել, ոսկեգործության թռիչքային աճեր։ Արդյունաբերության մյուս բոլոր ճյուղերի համախառն արտադրանքը կրճատվել է, միայն ոսկեգործությանը՝ ավելացել։ Այն էլ՝ այնպիսի տեմպերով, որ հանգեցրել է ամբողջ արդյունաբերության նման բարձր աճերի։

Դրա արդյունքում է արդյունաբերությունը դարձել տնտեսության աճի առաջատարը։ Բայց դրանով ո՛չ արդյունաբերության, և ո՛չ էլ տնտեսության ու տնտեսական աճի որակն է բարելավվել, պոտենցիալն է ավելացել։

Այսպիսի աճերը ոչինչ չեն տալիս մեր տնտեսությանը, բացի այն արհեստական ու անբնական աճերից, որոնք տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս