Դրած քանդում են. Անդառնալիության կետն այլևս անցել են
Իշխանությունները քլունգն առած՝ քանդում են Հայաստանի տնտեսության հիմքերը։ Իբր բարձր տեմպերով աճում ենք, բայց իրականում տնտեսությունը քանդվում է։ Եղածն էլ քիչ-քիչ փակվում է, տեղական ապրանքները դուրս են մղվում, փոխարինվում են դրսից բերածով։ Արտադրություն կազմակերպելը Հայաստանում դարձել է ոչ ձեռնտու։
Արտադրություն կազմակերպելու փոխարեն՝ շատ ավելի շահավետ է առևտուր անելը։ Այստեղից-այնտեղից ապրանք բերելը ու վաճառելը՝ կլինի դրսում թե ներսում։
Դրա համար էլ Հայաստանում նոր արտադրություններ չեն ստեղծվում, եղածները սեղմվում են ու փակվում։ Փոխարենը՝ ծաղկում է առևտուրը։
Այսօրվա մեր տնտեսության աճերը գերազանցապես առևտրային աճեր են։
Արտադրական աճեր արտաքուստ կան՝ պաշտոնական ցուցանիշներով, բայց իրականում չկան։ Եղած արտադրական աճերն էլ են առևտրային աճեր։ Էլի կապված են այստեղից-այնտեղից ապրանքներ բերելու, այլ տեղ ծախելու հետ։
Առևտուրը դարձրել են մեր տնտեսության շարժիչ ուժը։ Ամեն ինչի հիմքում առևտուրն է։ Բոլորը ձգտում են առևտրով զբաղվել։ Զարմանալի չէ, որ տնտեսական աճերն էլ առևտրի հաշվին են, ներքին ու արտաքին առևտրի։
Արտաքին առևտուրը, անգամ վերջին տարիների բարձր աճերի վրա, կրկնակի-եռակի աճում է։ Արդեն նույնիսկ ունենք արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ՝ ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում։ Երբևէ Հայաստանը նման առևտրային հաշվեկշիռ չի ունեցել, երազել է ունենալ։ Բայց ոչ թե սրա-նրա ապրանքները բերել-տանելու, այլ սեփական արտադրանքի հաշվին։
Հիմա ունենք առևտրի դրական հաշվեկշիռ, որը, թվում է, թե մեծ ձեռքբերում է, աննախադեպ իրադարձություն տնտեսության համար, որով պետք է միայն ուրախանալ, բայց ուրախանալու բան չկա։ Մի բան էլ տնտեսության վտանգներն են ավելացել, ռիսկերն են շատացել։ Այս ամենը մի օր փլվելու է՝ ո՛չ առևտուրն ենք ունենալու և ո՛չ էլ արտադրությունը։
Ի՞նչ ենք արտահանում, երբ ներքին արտադրության արտահանելի ճյուղերի հիմնական մասում ունենք արտադրության ծավալների անկում։ Ու չնայած դրան, արտաքին առևտրի հաշվեկշիռը դարձել է դրական, ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում։ Բայց գերազանցապես ուրիշների հաշվին։ Տեղականն այս ամենի մեջ շատ չնչին է։
Տեղական արտադրությունը քանդվում է՝ փոխարինվում ներմուծմամբ։
Արտադրություն ստեղծողներ չկան։ Արտադրության մեջ ներդրումներ չկան։
Ընդհանրապես էլ ներդրումները շատ քիչ են, առավել ևս՝ դրսից։ Անցած տարի Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 442 մլն դոլար։ Կիսով չափ ավելի քիչ, քան մեկ տարի առաջ։
Սրանք չնչին գումարներ են տնտեսության համար, տնտեսություն զարգացնելու համար։ Հատկապես որ, այդ գումարները երբեմն դուրս են տնտեսության արտադրական հատվածից՝ ուղղվում են առևտրի, ֆինանսական միջնորդությունների ոլորտներ, հայտնի պատճառներով՝ նաև անշարժ գույքի շուկա։ Տնտեսության իրական հատվածին բան չի մնում։
Իրական հատվածը, արտադրական հատվածը հիմնականում դուրս է ներդրումներից։ Այստեղ ներդրումներ անելը նպատակահարմար չէ։ Ներդրում անելու, արտադրություն կազմակերպելու իմաստ չկա, որովհետև ամենուրեք խնդիրներ են ստեղծել։
Բավական է նշել միայն փոխարժեքը, որը դարձել է Հայաստանի տնտեսության թիվ մեկ գերեզմանափորը։
Արտադրողների մեծ մասը չեն կարողանում դիմանալ փոխարժեքի ճնշմանը, որը տեղական արտադրությունը դարձրել է անշահավետ, փոխարենը՝ խթանում է ներմուծումը, դրսից ներկրելը ու ներքին շուկայում վաճառելը։ Ներմուծումը էժանանում է, տեղական արտադրությունը՝ թանկանում։
Փոխարժեքն արտադրողին խեղդում է ոչ միայն ներսում, այլև դրսում։ Դրա հետևանքով այն կորցնում է մրցունակությունը։ Դուրս է մղվում շուկաներից, չի կարողանում մրցակցել այն երկրների ապրանքների հետ, որտեղ ազգային արժույթը վերջին տարիներին ոչ միայն չի ամրապնդվել, այլև թուլացել է՝ խթանելով դրանց մրցունակությունը հայկական ապրանքների նկատմամբ։
Հայկական արտադրության արտահանվող ապրանքների տեսականին, ինչպես նաև ծավալները, առանց այդ էլ շատ սահմանափակ են։ Վերջին տարիներին գնալով ավելի է սահմանափակվում, վաճառքը կրճատվում է՝ ստիպված կրճատում են նաև արտադրության ծավալները, երբեմն փակում են արտադրությունը, որովհետև այն պահելը դառնում է ոչ ձեռնտու։
Փոխարժեքի այն քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, սպանում է տնտեսությունը։
Արտադրելու փոխարեն՝ խթանում ենք առևտուրը, ինչ-որ տեղ՝ նաև շինարարությունը։
Առևտուրն ու շինարարությունն են դարձել տնտեսության դեմքը։ Շինարարությունն էլ, անհարկի օժանդակություններով, այնքան է տաքացել, որ ամեն պահի կարող է փուլ գալ։
Բյուջեի փողերով արտադրությանն օժանդակելու փոխարեն՝ տարիներ շարունակ շինարարությանն են օժանդակում, մեծ գումարներ են ծախսում՝ շինարարությունը ֆինանսավորելու համար։ Տարեկան 100 մլն դոլարից ավելի։
Այս տարի նույնիսկ կարող է 200 միլիոնի հասնել։ Ու այդ ամենը՝ բյուջեի հաշվին։
Դրա արդյունքում շինարարության մեջ մեծ փուչիկ են փչել։ Անշարժ գույքի շուկան են ուռացրել, գներն են ուռճացրել։ Վաղը, եթե այս փուչիկը պայթեց, իսկ դրա հավանականությունը գնալով մեծանում է, մեծ ավերածություններ է անելու։
Մի քիչ ուշ, մի քիչ շուտ, դա լինելու է։ Անդառնալիության կետն այլևս անցել են։ Ու հիմա ինչքան էլ սահմանափակումներ մտցնեն, արտոնությունները վերացնեն, փորձեն խուսանավել, ինչ-որ պրոցեսներ հետաձգել, դա այլևս փրկություն չի կարող լինել։
Այս ամենը մեր տնտեսությունը տանում է մեծ կոլապսի։ Դա կտեսնենք, երբ ավարտվի առևտրի ու շինարարության այս ոսկե շրջանը, որն ուղեկցվում է տնտեսության արտադրական հատվածի քայքայումով ու դուրսմղմամբ։
Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը պարզապես տնտեսություն չի ունենա, լավագույն դեպքում՝ կմնա առևտրի հույսին, որին էլ ըստ էության ձգտում են իշխանություններն, ամեն ինչ անում են օր առաջ երկրի դարպասները հակառակորդ ու ոխերիմ հարևանների տնտեսությունների առջև բացելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ