Ոչ մի հոգով նիկոլական իրավունք չունի ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Չպղծե՛ք ձեր ներկայությամբ 1 մլն 500․000 հայ նահատակների հիշատակը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նատալյա Եպիսկոպոսյանը նրան հարցրել է. «Անդրանիկ Քոչարյանն արդեն կասկածի տակ է դնում Ցեղասպանությունը և զոհերի թիվը, ի՞նչ կասեք այս թեմայով»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. «Նախ ֆիքսենք երկու բան՝ առաջինը, Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ անգամ Փաշինյանի նախաձեռնությունն է։ Եվ երկրորդը, դա ոչ թե պատահական կամ սպոնտան քայլ է, այլ 2018թ.-ից սկսած՝ Փաշինյանի կողմից հետևողականորեն վարվող քաղաքականություն։

Իր ողջ պաշտոնավարման ընթացքում, հենց ամենասկզբից Նիկոլը քայլ առ քայլ հրաժարվում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։ Վերցրե՛ք և վերընթերցե՛ք 2018թ.-ից հետո նրա ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաներում, Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում, նրա ուղերձներն Ապրիլի 24-ի կապակցությամբ։ Միակ բացառությունը 44-օրյա պատերազմն էր։

Կարդացեք նաև

Նա քաղաքական անբարոյականության նոր նշաձող է սահմանում այս թեմայով։ Ցանկացած ժողովրդի հանդեպ իրացված ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթաց պահանջում է միջազգային լուրջ դերակատարների ներգրավում, որոնք, բնական է, որ պիտի ունենան նաև սեփական շահ։ Սկզբից դա Սովետական Միությունն էր, բայց արդյո՞ք Սովետներն էին հայ ժողովրդի ցավի և արժանապատվության տերը, կամ արդյո՞ք Սովետները կարող էին ցեղասպանության հետևանքով երկրագնդով սփռված հայկական գաղթօջախներում Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանեին։ Կամ ի՞նչ կապ ուներ Սովետը 1915թ.-ին հույների և ասորիների ցեղասպանության հետ։ Նիկոլի սկանդալային դասախոսության այդ թեզերը տգետ են և բարոյազուրկ։

Հայոց ցեղասպանության հարցի ուրացումն ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներին, որովհետև Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր մասնիկն էր այդ շարժման։ Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը նաև վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների, մտավորականների տասնյակ տարիների աշխատանքը։

Հոլոքոստը, Ռուանդայի և Հարավսլավիայի ցեղասպանությունները բոլորն էլ ունեցել են միջազգային ասպարեզում հարցն առաջ տանող, ավելի հզոր և շահագրգիռ «սպոնսորներ»։ Իսկ Հայաստանի անկախացումից հետո Հայոց ցեղասպանությունը դարձավ միջազգային քաղաքական օրակարգի մաս և ճանաչվեց տասնյակ արևմտյան երկրների և կառույցների կողմից։ Ըստ Նիկոլի՝ Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը Ստալինի՞ խաթր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Բրեժնևի՞, թե՞ միանգամից Պուտինի։

Փաշինյանական նոր դավաճանությունն ունի նաև երկու ներքին նպատակներ.

ա․ դյուրացնել նոր Սահմանադրության ընդունումը

բ․ խորացնել Հայաստան-Սփյուռք խզումը։

Ի դեպ, երկուսն էլ թուրքական պահանջներ են։

Այսքանից հետո ոչ մի հոգով նիկոլական իրավունք չունի ապրիլի 24-ին բարձրանալ Ծիծեռնակաբերդ։ Չպղծե՛ք ձեր ներկայությամբ 1․500․000 հայ նահատակների հիշատակը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս