Իսպանիայի վարչապետը Սեուտայում ստեղծված ճգնաժամի համար մեղադրել է Ռուսաստանին և Իսրայելին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Ռուսաստանին և Իսրայելին մեղադրել է հուլիսի վերջին Սեուտայում միգրացիոն ճգնաժամը հրահրող ապատեղեկատվության տարածման մեջ։
Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիայի Գերագույն դատարանի՝ ծովով երկիր հասած միգրանտներին անհապաղ արտաքսելն արգելող որոշումից հետո սոցցանցերում կեղծ տեղեկություններ են տարածվել, թե առանց ստուգումների ու փաստաթղթերի հնարավոր է հեշտությամբ մուտք գործել Իսպանիա։
Իսպանիայի վարչապետի պնդմամբ՝ այդ ապատեղեկատվության տարածման հետևում կանգնած են Ռուսաստանն ու Իսրայելը, ինչպես նաև միջազգային ծայրահեղ աջ շարժումը։ Միևնույն ժամանակ Սանչեսն ընդգծել է, որ տեղեկություն տարածողները պարտադիր չէ՝ գործած լինեն այդ երկրների կառավարությունների հանձնարարությամբ, և ինքը դեռ ամբողջական տվյալների չի տիրապետում։
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ապատեղեկատվությունն օգտագործվել է իր կառավարության դեմ՝ Մոսկվայի հետ Ուկրաինայի պատերազմի, իսկ Իսրայելի հետ՝ Գազայի հարցում Մադրիդի ունեցած տարաձայնությունների ֆոնին։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը կտրականապես հերքել է մեղադրանքը՝ այն անվանելով «անամոթ սուտ»։
Կրեմլը ևս հերքել է Սեուտայի ճգնաժամին առնչություն ունենալը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին՝ կապ ունի՞ Մոսկվան տեղի ունեցածի հետ, պատասխանել է՝ «ոչ»։

